«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2005-05-28 | #98, 2005-05-31 | #99, 2005-06-01


ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱՅՑԵԼԵՆ ԵՐԵՎԱՆ

«Հյուրիեթ» թերթը մայիսի 29-ի համարում տեղեկացնում է Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Թուրհան Չոմեզի հունիսի 9-ին Հայաստան նախատեսվող եռօրյա այցի մասին: Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում «Արդարություն եւ բարգավաճում» խմբակցությունը, տեղեկության համաձայն, հավանություն է տվել այցին, որին կմասնակցեն նաեւ մի խումբ պատգամավորներ: Թեեւ թուրքական թերթի վկայությամբ այցի ծրագիրը դեռեւս հստակեցված չէ, այնուամենայնիվ ենթադրվում է, որ Չոմեզի գլխավորած պատվիրակությանը կընդունեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ կառավարության ներկայացուցիչները: Չոմեզը պատրաստվում է ելույթ ունենալ Երեւանի պետական համալսարանում:

Ամենայն հավանականությամբ նրա պատվիրակության կազմում ընդգրկված կլինի նաեւ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության մեկ պատգամավոր: Չոմեզն օրերս բացել է «Թուրքերի նկատմամբ հայերի իրագործած եղեռնին» նվիրված լուսանկարների ցուցահանդեսը: Նա վերջին 4 ամիսներին փաստաթղթեր է հավաքել ինչպես Թուրքական պատմական ընկերության, այնպես էլ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի արխիվներում: Այս հանգամանքը հիմք է տալիս «Հյուրիեթին» ենթադրելու, որ Չոմեզը հանդիպումներում Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը կհաղորդի հետեւյալ ազդանշանը. «Ցեղասպանություն չի եղել, այլ եղել է բռնագաղթ, Թուրքիայի հետ սահմանների բացման եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար պետք է հրաժարվել ցեղասպանության պնդումներից»:

Թուրքական NTV-ն նշում է, որ Չոմեզի այցը իրականացվում է «Հայաստանի նախագահ Քոչարյանի խորհրդական Սամսոն Օզարարատի հրավերով»: Իսկ «Հյուրիեթը» հավելում է. «Օզարարատն այն անձնավորությունն է, որը կազմակերպել էր Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Ալփարսլան Թյուրքեշի եւ ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հանդիպումը 12 տարի առաջ»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4