Փարիզի «Ֆելեն» հրատարակչությունը վերատպել է ճանապարհորդ, հելլենագետ, 19-րդ դարավերջի կայսրությունների (Ռուսաստան, Պարսկաստան, Թուրքիա, Մակեդոնիա) մասնագետ Վիկտոր Բերարի (1864-1931 թթ.) «Սուլթանի քաղաքականությունը» գիրքը: Առաջին անգամ 1897 թ. լույս տեսած աշխատության երկու մասերին ավելացված է երրորդ մասը («Մահմեդականները եւ Եվրոպան»), որտեղ խոսվում է Հայկական հարցի միջազգային կողմերի եւ քաղաքական նոր ուժերի մասին:
Վիկտոր Բերարը Կոստանդնուպոլսում էր 1894-1896 թթ. հայկական ջարդերից հետո, որոնց վերաբերող տեղեկություններ ժողովեց ինչպես հասարակ քաղաքացիներից, այնպես էլ օսմանյան կառավարիչների մերձավորներից: Աշխատության երկրորդ մասում Բերարը որպես սկզբնաղբյուր օգտագործում է անգլիացի եւ ֆրանսիացի դիվանագետների կազմած «Կապույտ գիրքը», որտեղ հաշվարկված են կայսրության արեւելյան նահանգների մարդկային եւ նյութական կորուստները:
Բոլոր պատմությունները բացահայտում են սուլթան Աբդուլ Համիդի բարբարոս քայլերը: Մտագար սուլթանը չէր վստահում ոչ մեկին, մարդկանց խմբերի միջեւ ատելություն ու թշնամանք էր սերմանում հանուն սեփական անվտանգության: Հեղինակը ցույց է տալիս, որ ինչպես Կոստանդնուպոլսում, այնպես էլ արեւելյան (հայկական) նահանգներում կոտորածները եղել են ծրագրված եւ իրականացվել են մանրակրկիտ կերպով:
Այս ամենը հերքում է թուրք կառավարիչների այն պնդումները, թե ջարդերն սկսվել են արեւմտահայերի ինչ-որ ապստամբության պատճառով: Հայտնի է, որ 1894-1896 թթ. 300 հազար հայ սպանվեց: Հեղինակը եվրոպական երկրների անտարբերությունը բացատրում է նրանց տնտեսական շահերով: Բերարի խոսքերով, Եվրոպայի համար կարեւորը «պետական պարտքի վերահսկումն էր»:
Աշխատությունը գրված է պարզ ոճով, թուրքական հասարակության խոր իմացությամբ եւ արդարամտությունը պաշտպանելու մտահոգությամբ: