Բեռլինում գործող «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» նախագահ Թեսա Հոֆմանը մայիսի 10-ին դիմել է Բեռլինի տարածքային դատախազությունՙ Բեռլինի թուրքական համայնքի նախագահ Թաչիդին Յաթկինի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Վերջինիս գլխավորությամբ մարտի 15-ին մի խումբ գերմանաբնակ թուրքեր ծաղկեպսակ են դրել Բեռլինի Շառլոթենբուրգի շրջանի Հարդնբերգ փողոցումՙ ենթադրելով, որ 1921 թ. մարտի 15-ին այնտեղ է գնդակահարվել Թալեաթ փաշան: (Իրականում Սողոմոն Թեհլերյանը նրան գնդակահարել է Հարդնբերգ եւ Ֆասանեն փողոցների խաչմերուկում): Ծաղկեպսակը դրվել է Շթայնփլաց հրապարակում գտնվող ֆաշիստական Գերմանիայի զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթողին: Արարողության ավարտին Թաչիդին Յաթկինը իր ելույթը եզրափակել է գերմաներենով. «Մենք ողբում ենք մեր նահատակի հիշատակը եւ դատապարտում ենք մարդասպաններին»:
Թեսա Հոֆմանը թուրքական համայնքի նախագահին մեղադրել է ֆաշիստական Գերմանիայի զոհերին անարգելու եւ ոճրագործ Թալեաթ փաշային մեծարելու համար, որը կազմակերպել եւ իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, եւ դրա համար 1919 թ.-ին Կոստանդնուպոլսի զինվորական հատուկ ատյանը նրան մահվան է դատապարտել: Թեսա Հոֆմանը իր բողոքում նշել է նաեւ, որ իր կարծիքով «դատապարտում ենք մարդասպաններին» ասելով թուրքական համայնքի նախագահը նկատի ունի Գերմանիայում բնակվող 35-40 հազար հայերին, որոնց սպառնում է, անվանում մարդասպան եւ թուրքերին գրգռում է հայերի դեմ: Այսինքն, նա խաթարում է Գերմանիայի բնակչության անդորրը: