«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2005-05-28 | #98, 2005-05-31 | #99, 2005-06-01


ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Տարածքային, թե՞ բարոյականության խնդիր

Արամի թիվ 1 հասցեում Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի (ԳԱԹ) հարեւանությամբ նույն շենքի 2-րդ հարկում գործում է եւս մեկըՙ «Միջին Արեւելքի» պայմանական անվանումով թանգարանային ցուցադրությունը: Վերջինս 12 տարվա իր գոյությունը վավերացրել է թանգարանի մշտական ցուցադրասրահների ընդհանուր տարածքի 1/2 մասում:

ԳԱԹ-ի ներկա ցուցադրությունը ներառում է XVIII դարից մինչեւ մեր օրերըՙ Սայաթ-Նովայիցՙ չարենցյան մասունքներ: Ցուցադրված նմուշները ներկայացնում են մեր մշակութային անցյալի «հատվածական մի այնպիսի միջավայր», որ ներքին հուզում ու յուրահատուկ մի սարսուռ է ծնումՙ թանգարանային տարածքը վերածելով ոչ միայն ակնահաճո հետաքրքրությունների կամ ճանաչման, այլեւ մտերիմ վերապրումների վայրի:

Մեր խնդիրը թանգարանային հավաքածուն ներկայացնելը չէ, պարզապես հայ գրականության, թատրոնի, երաժշտության եւ կինոարվեստիՙ աշխարհում ամենահարուստ այս հավաքածուն շուրջ 1 մլն նյութերի (փաստաթղթեր, լուսանկարներ, ձեռագրեր, նկարներ, անձնական իրեր եւ այլն) ընդգրկում ունի, որից միայն մի հատվածն է ներկայացված ցուցադրասրահի տարածքում: Մ. Սարյանի «Չարենցի դիմանկարը» կտավն «ավարտում» է ցուցադրությունը, եւ այդ պատի մյուսՙ հակառակ կողմից սկսվում է մեկ այլ ցուցադրություն, որ ներկայացնում է հիմնականում միջինարեւելյան, նաեւ հայկական, ռուսական, եվրոպական կիրառական արվեստի եւ կենցաղային իրերի նմուշներ (գրամոֆոններ, կարի մեքենաներ, ինքնաեռներ, թակիչներ, սկիհներ, կարպետներ, գորգեր եւ այլն): Այս հավաքածուն պատկանել է ամերիկահայ նկարիչ (ծագումով Պարսկաստանից) Մարկոս Գրիգորյանին: Նա 1990-ականներին ցանկություն է հայտնել դրանք նվիրաբերել Հայաստանին եւ այս կապակցությամբ 1992 թ. մշակույթի նախարարի հանձնարարականով ստեղծվել է հանձնախումբՙ մշակելու եւ ներկայացնելու առաջարկություններ կիրառական արվեստի այս «արժեքների նկարագրության, տեղափոխման, պահպանման եւ ցուցադրման վերաբերյալ»: Ապա եւ նախարարի հրամանով Մարկոս Գրիգորյանի անձնական հավաքածուն ընդունվել է ժամանակավոր պահպանության Գրականության եւ արվեստի թանգարանում: Հիշյալ հավաքածուն որեւէ առնչություն չունի թանգարանային բուն ցուցադրությունների բնույթի, մասնագիտական ուղղվածության հետ: Կոմունիստական գաղափարախոսությամբ, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված նախկին մշտական ցուցադրությունը լուծարվել էր, իսկ այդ շրջանի ծանր կացությունն անհրաժեշտ ֆինանսների բացակայությամբ հնարավորություն չէր տալիս նոր էքսպոզիցիայի համար համապատասխան գույք եւ պիտույքներ հայթայթել, ուստի եւ ազատ տարածքների մի զգալի մասը տրամադրվեց Մարկոս Գրիգորյանի հավաքածուի ցուցադրությանը:

Թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանն ասաց, որ 1993 թ. օգոստոսի 19-ին հանրապետության նախագահի տեղակալիՙ Գագիկ Հարությունյանի, մշակույթի նախարարիՙ Հակոբ Մովսեսի եւ ուրիշ պետպաշտոնյաների ներկայությամբ բանավոր խոսք է տրվել, որ ԳԱԹ-ի սրահներում հավաքածուին 2 տարի ցուցադրությունից հետո կտրվի թանգարանային կարգավիճակ, որ ենթադրում է շենքային տարածք, աշխատակիցներ եւ այլն: Տարիները բազմապատկվել են, դարձել 12, սակայն հավաքածուն շարունակում է զբաղեցնել նախկին տարածքները: Մ. Գրիգորյանիՙ հայ մշակույթին արված բարեսիրական այս ավանդը գնահատվել է եւ նրան «Երեւանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհվել:

Չորրորդ տարին է Գրականության եւ արվեստի թանգարանը կազմակերպել է թանգարանի մշտական, այժմ գործող ցուցադրությունըՙ նյութի խիստ սահմանափակ ընդգրկումով եւ սպասում է տարածքների «ազատագրմանը»:

Հ. Բախչինյանը գտնում է, որ առանց որոշակի ժամկետ արձանագրելու հավաքածուի ժամանակավոր պահպանությանՙ նախարարի հրամանը կարելի է ոչ իրավաբանական փաստաթուղթ համարել, «բայց դա չի խանգարել, որ 12 տարի հարցը մնա չլուծված» եւ Հակոբ Մովսեսին հաջորդած 3-4 նախարարների օրոք նույնպես: Այս ընթացքում տնօրենի բազմակի դիմումները մշակույթի նախարարություն եւ մամուլի ու հեռուստատեսության միջոցով բողոքները գործնական արձագանք չեն ունեցել:

Թանգարանի տնօրենը բողոքում է, որ իրենց հարուստ նյութերը հանրությանը ներկայացնելու համար ցուցադրատարածքները քիչ են, բայց միեւնույն ժամանակ կանգնած է բարոյական երկվության առաջ. Հայաստանին անհատույց կերպով սփյուռքահայի կատարած նվիրատվության նկատմամբ անփույթ վերաբերմունքի «իրավացի եւ ոչ իրավացի» հնարավոր արձագանքից. «Բայց դրանից չպետք է տուժի մեկ այլ մշակութային օջախ, թող թույլ տրվի ասելուՙ շատ ավելի արժեքավոր, թե՛ ազգային, թե՛ արվեստի, թե՛ մշակույթի, թե՛ պատմության, թե՛ ազգագրության տեսանկյունից», ակնարկելով նաեւ, որ չի նսեմացնում մյուս ցուցադրության արժեքը:

Իհարկե, Մարկոս Գրիգորյանի հավաքածուն գնահատելը խիստ մասնագիտական գործ է եւ ժամանակին իրազեկ մտավորականներից հանձնաժողով արդեն ստեղծվել էր, իսկ նախկին նախարար Հակոբ Մովսեսի վկայությամբ Մարկոս Գրիգորյանը հետաքրքրական աբստրակտ նկարիչ է, հայրենասեր մարդ, եւ հավաքածուն իսկապես կիրառական արվեստի հազվագյուտ նմուշներ է պարունակում, որով Հայաստանի թանգարանային արժեքները հարստացել են:

Մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության զարգացման բաժնի վարիչ Անահիտ Գալստյանը, հարցի արծարծումը համարելով ճշգրիտ եւ տեղին, գտնում է, որ այս պայմաններում գրականության եւ արվեստի թանգարանը տուժում է, եւ պետք է հնարավորություն տրվի ԳԱԹ-ին իր ցուցադրությունները պատշաճորեն կազմակերպելու: «Մենք բազմիցս անդրադարձել ենք Մարկոս Գրիգորյանիՙ իր անձնական հավաքածուն Հայաստանին նվիրելու արարքին ու հանրությանը ներկայացնելու եւ թանգարան հիմնելու նրա ցանկությանը: Այդ թանգարանում պահպանման ժամկետները բազմիցս անցել են եւ անդրադառնալով դրան` նախարարությունը լուրջ խնդիր ունի տարածքի առումով, դա պետք է համապատասխան տարածքում (նմուշների ցուցադրման եւ պահպանման պայմաններ, հանրության այցելության մատչելիություն) ցուցադրել: Կա ցանկությունը եւ հասկանալի է կացությունը, որ երկուստեք անբավարար պայմաններ են ստեղծված»:

Հենրիկ Բախչինյանը մեր զրույցի վերջում ավելացրեց, որ հավաքածուն զբաղեցնում է թանգարանի 4 սրահներից երեքը, իսկ ամենաընդարձակ մասում դրված են Մարկոս Գրիգորյանի անձնական իրերը, գեղանկարչական աշխատանքները, գորգերը եւ այլն:

Սակայն ԳԱԹ-ի աշխատակցուհի Զառա Մոկացյանը հավաստիացրեց, որ ցուցադրված բոլոր իրերը, կատալոգները, նկարները համարակալված եւ մատենագրված են, մանավանդ որ առհասարակ մասնավոր իրերի մուտքը թանգարան արգելված է. «Թանգարանն օրինականության անհայտ մշուշի մեջ է, այս հավաքածուն պետական արժեք է, այստեղ գրանցված են 2500-2600 նմուշներ, որոնցից մի քանի տասնյակը հազվագյուտ նմուշներ ենՙ միջնադարյան պարսկական դպրոցին պատկանող, աշխարհի հայտնի քաղաքակրթության հնագիտական իրեր, որոնց պետք է տրամադրել տարածք, իսկ նմուշները զտելՙ համապատասխանաբար պահոցային եւ էքսպոզիցիոն»:

Ժամանակին Հ. Բախչինյանիՙ նույն հասցեում այս ցուցադրությանը կարգավիճակ տալու համաձայնությունը, դրան շենքային տարածք տրամադրելու եւ իրենց տարածքները հետ ստանալու ակնկալիքովՙ չի իրականացվել: 4 տարի առաջ Հարավ-արեւմտյան թաղամասում, Դավիթաշենում շենքային տարածքների առաջարկը մերժվել է թանգարանային ցուցադրության անհամապատասխանության պատճառով:

Հ. Բախչինյանը չի օգտվում տնօրենի իրՙ ցուցադրությունը տեղափոխելու կամ փոփոխելու իրավասությունից (1997 թ. փորձից ելնելով), որովհետեւ կառավարության արտոնությունը կամ համաձայնությունը չի ստանում. «Ամեն ինչ արվել է պետական մակարդակով, եւ թող բարի լինեն նույն մակարդակով հարցին լուծում տալ»:

Գրականության եւ արվեստի թանգարանի այսօրվա կացության, երբ ազգային մշակութային արժեքները հայտնվում են անտարբերության, ով գիտի նաեւ ատելության շերտերում, մյուս առումով էլ Հայաստանին նվիրատված հավաքածուի ճակատագրին լուծում չի գտնվում, միակ պատճառը Հայաստանի կառավարության մշակութային համապատասխան քաղաքականության բացակայությունն է: Մշակույթի նախարարությունը այս 10 տարիներին պարտավոր էր օրինական ելքեր գտնել:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հ. Գ. Հարկ եմ համարում անդրադառնալ նաեւ Հայաստանի թանգարանների ճակատագրով հետաքրքրված (մասնավորապես ԳԱԹ-ի եւ Միջին Արեւելքի) արտերկրից խմբագրություն այցելած անձի «մտահոգությանը», որ հատկապես վերաբերվում էր որոշ սփյուռքահայերի պահվածքին Հայաստանում (ծառ կտրել, ռեստորան կառուցել կամ թանգարանային տարածքի ժամանակավոր կացությունը չարաշահել եւ այլն), որն իբր անկարելի է իրենց ապրած երկրներումՙ գործող օրենքների, հասարակական մտայնությունների, կրթության, մենթալիտետային եւ այլ պատճառներով, մի բան, որ այստեղ իրականացվում էՙ գուցե պարարտ հողի առկայությամբ...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4