Հայաստանում, ինչպես նաեւ աշխարհի բազմաթիվ երկրներում ավելի քան 40 անհատական ցուցահանդեսներով հանդես եկած գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը երեկ ազգային գրադարանում ներկայացրեց իր աշխատանքները (թվով 25): Գեղանկարչի նկարներում հայրենի բնությունն է, հին Թիֆլիսը վառ եւ ուրախ գույներով, համարձակ վրձնահարվածներով:
«Մասիս, շուտով կգանք», «Եվ թափառում են հոգիները Թիֆլիսում», «Երկնքի ծաղիկները», «Գարնանամուտ», «Էն երեւացողը Լալվար սարն է» կտավները, «Լոռվա երբեմնի մայրաքաղաք հին Թիֆլիսը» եւ «Անխնձորը» շարքերը եւ հեղինակի մյուս աշխատանքները ներկայացնող նկարներում գերիշխող ջերմ եւ վառվռուն գույների առկայությունը գեղանկարիչը բացատրում է այսպես. «Դա խոսում է այն մասին, որ ես Հայաստանում եմ ապրում եւ հայ նկարիչ եմ: Այս գույները կարծում եմ բնորոշ են Հայաստանինՙ արեւավառ սարերով, ձորերով, հակասական»:
Ինչպես նշում է Նիկոլ Աղաբաբյանը, «Հին Թիֆլիսը» շարքը ամենայն հավանականությամբ կունենա շարունակություն. «Շարքում հայ հին քաղաքաշինական ճարտարապետությունն է, որ ուզում եմ արձանագրել հին Թիֆլիսում: Կարծում եմ շարքը կունենա շարունակությունՙ Գյումրին, Գորիսը, Շուշին»:
Երեկ ցուցահանդեսի բացմանը գեղանկարչի կողքին էին նրա ընկերներն ու կոլեգաները, որոնք չէին խնայում հիացմունքի եւ գովեստի խոսքերը գեղանկարչի հասցեին:
«Նիկոլ Աղաբաբյանը խոսող գույների մի միջավայր է ստեղծել, որտեղ կուզենայի ապրել, սիրել: Սա լույսի միջավայր է, որը ստեղծվել է հեղինակի համարձակ վրձնահարվածների համարձակ շարժումներով, որոնց թելադրած միջավայրում կարելի է ե՛ւ սիրել, ե՛ւ աշխատել», գեղանկարչի մասին այսպես արտահայտվեց բանաստեղծ Էքնոսը:
Բնության հանդեպ գեղանկարչի անսահման սիրո եւ նվիրվածության մասին խոսեց գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանը: «Նա ամեն օր արթնանում է եւ իրեն մղում է դեպի բնությունը, իր սիրած հայրենի բնությունը, որը պատկերում է վառ գույներովՙ չդավաճանելով սակայն բնական գույներն ու երանգները», ասաց Հրանտ Թադեւոսյանը եւ ավելացրեց, որ բնության հանդեպ այդ սիրուց ձորերը, Արարատ լեռը եւ հայրենի բնությունը արդեն բարեւում են Նիկոլ Աղաբաբյանին:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ