Աշտարակից Ապարան տանող մայրուղու մոտ տեղակայված մեր այբուբենի քարե ինքնատիպ պուրակը նոր մանրամասներով է լրացվելու: Այն վերածվելու է բաց երկնքի տակ քարե յուրօրինակ գրադարանի: Այստեղ կտեղադրվեն նաեւ մեր գրական մեծերի` Նարեկացու, Քուչակի քարե մատյանները: Նախապես սկսելու են շումերների հնագույն սեպագիր մատյաններից, նրանք, որոշ հետազոտողների վարկածով, Հայաստանից են ծագել:
Արդեն իսկ այբուբենի քարե տառերը մեր գրապաշտ ժողովուրդը ուխտատեղիի է վերածել: Այստեղ այցելածների առաջին գործը տառերի առջեւ մոմեր վառելն է եղել: Տառերի հեղինակ, «Հայնախագիծ» ինստիտուտի ճարատարապետ, համոզմունքով ցեղապաշտ Ֆրեդ Աֆրիկյանը տառերի ստեղծման ժամանակ կիրառել է կորագիծ կամարների ճարտարապետական սկզբունքը, որ զանգվածեղ տառերը կպահպանի քամու, անձրեւի տակ քայքայվելու վտանգից:
Նախնական պլաններով 15-20 մ տարածքի վրա եղեւնիներ ու դեկորատիվ ծառեր կտնկվեն, իսկ այբուբեն հուշարձանի դիմաց որեւէ ծառապատում չի լինի` հուշարձանի տեսանելիությունն առավելագույնս ապահովելու եւ առավել սրտաբացություն հաղորդելու համար: Իսկ նմանօրինակ հուշարձանի նախադեպ, գոնե գրավոր հիշատակումների համաձայն, ոչ միայն մեր, այլեւ աշխարհի մշակութային պատմության մեջ չի արձանագրվել: Թերեւս կարելի է միայն զուգահեռներ անցկացնել արաբեսկայի` տառերի միջոցով գեղարվեստական արժեքի ստեղծման հետ, որի հեղինակը եղել են արաբները: Նրանք ջնարակած աղյուսով տառեր են գրել, տառերից` բառեր եւ այս սկզբունքով նախշազարդել կառույցների պատերը:
Կ. Դ.