«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2005-05-28 | #98, 2005-05-31 | #99, 2005-06-01


ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԾԽԵԼԸ ՊԵՏՔ Է ԹՈՂՆԵՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ

Մայիսի 31-ը «Առանց ծխախոտի» միջազգային օրն է, որի կապակցությամբ երեկ առողջապահության նախարարությունը (ԱՆ) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում կազմակերպել են համաժողով: Հակածխախոտային պայքարն այսօր մեծ հնչեղություն ունի, եւ այդ ուղղությամբ ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում մեծ պայքար է ծավալվելՙ տարատեսակ ծրագրերի եւ նախագծերի միջոցով: Իսկ որպես այդ ռազմավարության շոշափելի արդյունքՙ Հայաստանի դեպքում ԱՆ հակածխախոտային ծրագրի կոորդինատոր Ալեքսանդր Բազարչյանը նշեց. «Այս ընթացքում որոշ չափով օրենսդրական դաշտն է լցվել, մասնավոր եւ հասարակական կազմակերպություններն են սկսել աշխատել այդ ուղղությամբ, ԶԼՄ-ներն են հետաքրքրվում, այսինքնՙ հասարակական կարծիքն սկսել է ձեւավորվել»:

Այդ միտքը հաստատեց նաեւ Մարդու առողջապահության հիմնադրամի տնօրեն Դավիթ Պետրոսյանըՙ նշելով, որ ծխախոտի վնասակարության գաղափարները ձեւավորվել են եւ հաճախ մարդիկ իրեն տեսնելիս ասում են. «Հենց նոր գցեցի, հենց նոր ծխախոտը հանգցրի»: «Այսինքնՙ ծխելը մարդու չար միտումը չէ, այլ կենսաբանական վիճակ, կախվածություն, որը պետք է հասկանալ», ասաց հիմնադրամի տնօրենը:

Հակածխախոտային պայքարում առաջին կոչն, ի դեպ, ուղղված էր բժիշկներին, եւ ինչպես նշեցին համաժողովի բանախոսները, բժիշկներն անվերապահորեն պետք է թողնեն ծխելը: Դա բժիշկներին պարտադրվում է նաեւ մարտին ընդունված օրենքով, որն արգելում է կրթական եւ առողջապահական հաստատություններում ծխելը: Պատասխանատուների խոսքերով, կրթական հաստատություններում այդ իմաստով դեռ շատ անելիք կա, իսկ առողջապահական կենտրոններում վիճակը բավական լավ է:

Համաժողովին երեխաների իրավունքների եւ շահերի անունից ելույթ ունեցավ Երեխաների եւ դեռահասների առողջապահության ինստիտուտի տնօրեն Արա Բաբլոյանը, որը նշեց, թե Հայաստանը դեռ այն երկիրը չէ, որն ունի ծխելու ընդգծված պրոբլեմ, բայց նաեւ այդ երկրների շարքում է: Ինչ վերաբերում է երեխաների ծխելուն, ապա, տնօրենի կարծիքով, դա կարելի է կանխարգելել ավելի վաղ հասակում: Սակայն երեխաներին սոսկ արգելելը ճիշտ չէր լինի, քանի որ, պրն Բաբլոյանի խոսքերով, արգելված պտուղը քաղցր է, փոխարենը պետք է նրանց բացատրել, հասկացնել խնդրի վնասակարությունը:

«Առանց ծխելու» համաշխարհային օրվա առիթով երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ եւս մեկ հանդիպում-քննարկումՙ «Համագործակցություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4