Երեւանում շարունակվում է Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթը: Այսօր ավարտվում է մրցույթի առաջին փուլը: Մասնագետները, ժյուրիի անդամները շուտով իրենց տպավորությունները կներկայացնեն մրցույթի, կատարումների վերաբերյալ, որոնց անպայման կանդրադառնանք «Ազգի» էջերում:
Ինչպես տեղեկացրին մրցույթի կազմկոմիտեից` տեխնիկական խնդիրների պատճառով Հայաստան չի ժամանի ժյուրիի անդամ, Թագավորական երաժշտական քոլեջի ջութակի եւ ալտի պրոֆեսոր Գրիգորի Ժիսլինը: Կազմակերպիչներն ափսոսանքով են նշում նաեւ այն փաստը, որ Չինաստանը ներկայացնող 23-ամյա Ցին Յուանյուան առողջական խնդիրների պատճառով մրցույթին չի մասնակցի: Առաջին փուլում Բախի, Պագանինիի, Մոցարտի եւ Խաչատրյանի մեկական գործեր ներկայացնող մյուս 18 կատարողներից երկրորդ փուլ կանցնեն 12-ը:
Մրցույթի շրջանակներում Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում կազմակերպվել է նաեւ ցուցահանդես:
Լուսանկարները, որի հեղինակը շվեյցարուհի Սյուզի Մետերն է, ներկայացնում են Արամ Խաչատրյանին` լոնդոնյան վերջին այցի ժամանակ: 1977-ին, երբ կոմպոզիտորը Լոնդոնում էր, լոնդոնահայ Ասատուր Գյուզելյանի միջնորդությամբ նկարչուհին ծանոթացավ Խաչատրյանի հետ եւ մոտ երկու ամիս լուսանկարեց նրան: Երեկ Սյուզի Մետերը 25 լուսանկարներ նվիրեց տուն-թանգարանին: Այստեղ Խաչատրյանի հանդիպումներն են մտերիմների, ընկերների, ընտանիքի անդամների հետ, կոմպոզիտորի դիմանկարներ:
«Ինքը շատ հետաքրքրական անձնավորություն էր, հիշում է լուսանկարիչը: Սկզբում ինձ պատվիրել էին լուսանկարել կոմպոզիտորին, սակայն հետո աշխատանքն այնքան հաճելի դարձավ, որ ես ինքս էի նրան խնդրում»: Լուսանկարներից 2-ը տպագրվել են աշխարհի տարբեր պարբերականներում, ցուցադրվել բազմիցս, իսկ մյուսներն անծանոթ են հանրությանը:
Միջոցառմանը Ա. Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը թանգարանին նվիրեց մեծանուն կոմպոզիտորի «Ջութակի կոնցերտի» առաջին ձեռագիր տարբերակը եւ հույս հայտնեց, որ առաջին եւ վերջին տարբերակների համեմատությունը կօգնի երիտասարդ երաժշտագետներին` ավելի լավ հասկանալու խաչատրյանական արվեստը: Կարեն Խաչատրյանը պատրաստակամություն հայտնեց ամեն ինչ անել, որպեսզի աշխարհահռչակ կոմպոզիտորի երաժշտությունը հասու լինի ամեն մի հայի, որպեսզի այն հնարավորինս շատ լսվի:
Թ. Մ.