«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2005-05-28 | #98, 2005-05-31 | #99, 2005-06-01


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Մակեդոնացիների հետ հանդիպումով Հենկ Վիսմանը կսկսի մարզչական գործունեությունը Հայաստանում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունն առաջիկա ընտրական երկու մրցախաղերին: Հունիսի 4-ին Երեւանում Մակեդոնիայի հավաքականի հետ մրցախաղով հոլանդացի մասնագետ Հենկ Վիսմանը կսկսի մարզչական գործունեությունը Հայաստանում: Հետաքրքրական է, որ Վիսմանի նախորդըՙ ֆրանսիացի Բեռնար Կազոնին եւս իր մարզչական նորամուտը Հայաստանում սկսել էր մակեդոնացիների հետ հանդիպումով, որում մեր ընտրանին հյուրընկալվելիս խոշոր հաշվով (0-3) պարտություն էր կրել: Կազոնիի մարզչական «հմտությունների» շնորհիվ այսօր ՀՀ հավաքականն աշխարհի առաջնության ընտրական առաջին խմբում բավական համեստ ցուցանիշ ունի: 7 խաղում մեր ֆուտբոլիստները տոնել են միայն մեկ հաղթանակ (Անդորրաՙ 2-1), ռումինացիների հետ հանդիպումն ավարտել են ոչ-ոքի (1-1) եւ կրել են 5 պարտություն (Մակեդոնիաՙ 0-3, Ֆինլանդիաՙ 0-2, 1-3, Չեխիաՙ 0-3, Հոլանդիաՙ 0-2): 7 խաղից վաստակելով 4 միավոր, մեր հավաքականը 7 թիմերի մրցավեճում զբաղեցնում է 6-րդ տեղը: Նույնքան միավոր ունի նաեւ աղյուսակը եզրափակող Անդորրայի ընտրանին:

Մակեդոնացիները մեր հավաքականից ընդամենը մեկ միավոր են ավելի վաստակելՙ եւս տոնելով մեկ հաղթանակ, այն էլ հայ ֆուտբոլիստների նկատմամբ: Այնպես որ առաջիկա խաղում մեր ընտրանին պետք է ձգտի անպայման ռեւանշի հասնել, ինչը հնարավորություն կընձեռի շրջանցել մակեդոնացիներին եւ 5-րդ տեղը գրավելու լավ հեռանկարներ կստեղծի: Մակեդոնիայի հավաքականը Երեւան կժամանի հունիսի 2-ի երեկոյան: Ազգային հավաքականների հանդիպումը կկայանա հունիսի 4-ին, ժամը 20-ին, «Հանրապետական» մարզադաշտում, իսկ երիտասարդական հավաքականները կմրցեն նույն օրը, ժամը 15-ին, «Հրազդանում»:

Հունիսի 8-ին մեր հավաքականը կհյուրընկալվի Ռումինիայի ընտրանուն: Խաղը կկայանա Կոնստանցայի Գեորգի Հաջիի անվան մարզադաշտում: Ռումինացիները հաջող են հանդես գալիս ընտրական մրցաշարում: Նրանք 7 խաղում վաստակել են 13 միավոր եւ ընթանում են 3-րդ տեղում: Ռումինացիները հոլանդացիների (16 միավոր) եւ չեխերի (15) հետ պայքարում են եզրափակիչ փուլի ուղեգրերի համար:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանն առաջիկա երկու հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով ուսումնամարզական հավաքի է հրավիրել հետեւյալ 20 ֆուտբոլիստներին.

Դարպասապահներՙ Ռոման Բերեզովսկի, Ապուլա Բետե, պաշտպաններՙ Կարեն Դոխոյան, Եղիշե Մելիքյան, Սարգիս Հովսեփյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Ռոբերտ Արզումանյան, կիսապաշտպաններՙ Համլետ Մխիթարյան, Ալբերտ Սարգսյան, Արմեն Շահգելդյան, Ռոմիկ Խաչատրյան, Կարեն Ալեքսանյան, Աղվան Մկրտչյան, Ռոմեո Ջենեբյան, Արամ Ոսկանյան, Դավիթ Գրիգորյան, հարձակվողներՙ Էդգար Մանուչարյան, Գալուստ Պետրոսյան, Արա Հակոբյան, Արման Քարամյան:

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, որը նաեւ մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչն է եւ առայժմ գտնվում է Հունգարիայում, նույնպես հրապարակել է ընտրանու կազմը, որում մեծ թիվ են կազմում պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները: Առաջիկա խաղերին կնախապատրաստվեն Էդգար Գասպարյանը, Արթուր Հարությունյանը, Արթուր Ստեփանյանը, Կառլ Լոմբեն, Միխել Սիմոնյանը, Արարատ Առաքելյանը, Արտաշես Բաղդասարյանը, Վալերի Ալեքսանյանը, Մխիթար Գրիգորյանը, Ռաֆայել Սաֆարյանը, Լեւոն Փաչաջյանը, Անդրանիկ Թադեւոսյանը, Ժորա Հովհաննիսյանը, Ալեքսանդր Պետրոսյանը, Գեւորգ Նռանյանը, Սամվել Մելքոնյանը, Սարգիս Մովսիսյանը, Խորեն Վերանյանը, Հրաչյա Վարդազարյանը, Հայկ Չիլինգարյանը, Գուրգեն Մելիքսեթյանը, Արտակ Հովհաննիսյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4