«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2005-05-28 | #98, 2005-05-31 | #99, 2005-06-01


ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԾԾՄԲԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄԸ ՆՈՐՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 18 ԱՆԳԱՄ

Աշխատանք լինի, թեկուզ թունավոր միջավայրում

Բնապահպանության նախարարության պետական տեսչությունն այսօրվանից ստուգումներ կանցկացնի խոշոր տնտեսվարողների մոտ, որոնց արտադրությունները կապվում են բնապահպանական խնդիրների հետ: Այդպիսի կազմակերպություններում ստուգումներ անցկացվում են տարին մի քանի անգամ, հակառակ մանր ու միջին ձեռնարկությունների, որտեղ այցելում են 2-3 տարին մեկ:

Տնտեսական համագործակցության եւ զարգացման փարիզյան կազմակերպության ներկայացուցիչներն այս օրերին Հայաստանում են, եւ բնապահպանության նախարարության խնդրանքով նախարարության տեսչական համակարգի գործունեության փորձագիտական վերլուծություն ու գնահատում են իրականացնում:

Նրանք առաջինն այցելել են այս ասպարեզի ամենապրոբլեմային կառույցներից մեկըՙ «Էյ Սի Փի» փակ բաժնետիրական ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարան: Այստեղ, ուր ծծմբի անհիդրիդի արտանետումները 18 անգամ գերազանցում են նորմատիվ ցուցանիշները, արդեն 2 տարի ստուգումներ չեն անցկացվել: Տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը հավատացնում է, որ ձեռնարկությունը փակելը խնդրի լուծում դառնալ չի կարող, քանի որ այն սոցիալական կարեւոր նշանակություն ունի եւ մարզի բնակչության հիմնական աշխատատեղերն է ապահովում: Հիշենք, որ ալավերդցիները գործարանը փակելու պահանջ ներկայացրեցին 1990 թվականին, եւ փակվեց, սակայն 4 տարի անց կրկին ցույցեր արեցին` այս անգամ վերաբացելու պահանջով: Իսկ մի գետը երկրորդ անգամ չեն անցնում: Այժմ տեղի բնակչությունը նախընտրում է աշխատանք ունենալ, թեկուզ թունավոր միջավայրում:

«Եթե բնապահպանական խստագույն քաղաքականություն կիրառվի, այդ դեպքում այսպիսի ձեռնարկությունը չպետք է աշխատի, բայց պղնձաձուլականը պետք է աշխատի, եւ աստիճանաբար կարգավորի բնապահպանական խնդիրները, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում:

Ձեռնարկության ղեկավարությունը մաքրող սարքավորումներ է տեղադրել, որոնք տեխնոլոգիական համապատասխան փոփոխություններ են ենթադրում: Խորհրդային տարիներին գործարանի մերձակա լեռն ամբողջությամբ մերկ էր, հիմա այնտեղ կանաչ է նշմարվում: Գործարանն այդ տարիների համեմատ չնչին հզորություններով է աշխատում, այս հանգամանքը եւս մեծ նշանակություն ունի», հուսադրում է Մարզպետ Քամալյանը:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի գնահատմամբ, հակառակը, հիմա բնապահպանական իրավիճակը Ալավերդիում շատ ավելի վատ է խորհրդային տարիներից: 2004 թվականին ծծմբի անհիդրիդի միջին տարեկան խտությունը սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 15,6 անգամ: Դա, ըստ կանաչների նախագահի, իսկական աղետ է, եւ դրանով պիտի պատճառաբանել թոքերի, լյարդի այտուցները, քթից արյունահոսությունը, որ հաճախ է արձանագրվում այստեղ: Վերջին 15 տարում, այնուամենայնիվ, արտանետումները չափավոր են եղել, երկար ժամանակ նույնիսկ չեն էլ եղել, որովհետեւ գործարանը չի աշխատել:

Բայց խորհրդային տարիներին ծծմբորսիչներ ու մաքրման կայանքներ են գործել, որոնք հիմա չկան: Եվ վտիտ կանաչով չպետք է ոգեւորվել:

Ինչ վերաբերում է եվրոպացի փորձագետների գնահատականին, ապա նրանք բավարարվեցին միայն ասելով, որ գործարանը բնապահպանական պահանջներին համապատասխանության տեսանկյունից շատ հեռու է միջազգային չափանիշներից: Ուսումնասիրությունների ավարտից հետո նրանք տեսչական համակարգի աշխատանքների բարելավման (այդ թվում եւ Ալավերդու վերաբերյալ) առաջարկների փաթեթ կներկայացնեն մեր մասնագետներին:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4