«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2005-05-28 | #98, 2005-05-31 | #99, 2005-06-01


ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹԵՐԸ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՑ ԿԼԻՆԵՆ ՇԱԲԱԹԸ 6 ՕՐ

Հունիսի 18-ից «Բրիտանական ավիաուղիները» կսկսի իրականացնել շաբաթական 6 թռիչք Երեւան-Լոնդոն եւ հակառակը: Այս մասին երեկ ներկայացրեց «Բրիտանական ավիաուղիների» էքսկլյուզիվ ֆրենչայզ գործընկեր BMED ընկերության կոմերցիոն տնօրեն Սիմոն Ավագյանը: Ըստ վերջինիս, շաբաթական նշված 6 թռիչքները կիրականացվեն Էյրբաս A 320 եւ A 321 օդանավերով: Համաձայն կոմերցիոն տնօրենի, այս քայլը նպատակ ունի բավարարել շուկան, իսկ գնային քաղաքականության առումով «Բրիտանական ավիաուղիների» չվերթերը դարձյալ կախված կլինեն սեզոնայնությունից եւ տոմսը գնելու պահից:

Ստացվում է, որ Երեւան-Լոնդոն եւ հակառակ ուղղությամբ թռիչքներ կիրականացվեն շաբաթվա բոլոր օրերին, բացի չորեքշաբթի օրվանից: Երեկ հատուկ շեշտվեց, որ «Բրիտանական ավիաուղիների» Երեւան-Լոնդոն-Երեւան չվերթերը սպասարկող օդանավերի բիզնես կարգի սրահները կահավորված են բարձր մակարդակով:

Ինչ վերաբերում է վերջերս հայաստանյան շուկա մուտք գործած գերմանական «Լուֆթհանզա» ընկերության համեմատաբար ցածր գնային քաղաքականություն վարելուն, ապա Սիմոն Ավագյանը նշեց, որ որեւէ նոր շուկա ավիաընկերության մուտքի դեպքում իրականացվում են որոշակի արտոնություններ հաճախորդներ ապահովելու նպատակով: Սակայն, ըստ պրն Ավագյանի, նման քաղաքականությունը սովորաբար կարճ է տեւում, քանի որ ցածր գների դեպքում ավիաընկերությունը վնասներ է կրում:

Ըստ Սիմոն Ավագյանի, քաղաքականության տարբերությունների պատճառով հարմար չէ հիշատակվող երկու ընկերությունների միջեւ գնային համեմատություն անել: Երբ «Լուֆթհանզա» ընկերությունը նորմալ ընթացքի մեջ կլինի, այն ժամանակ էլ, պրն Ավագյանի հավաստմամբ, կարվեն գնային համեմատություններ:

Ամեն դեպքում «Բրիտանական ավիաուղիները» պատրաստ է համագործակցելու տեղական եւ այլ ավիաընկերությունների հետ, եթե վերջիններիս ծառայությունների ամբողջությունը համատեղելի լինի «Բրիտանական ավիաուղիների» համար:

«Բրիտանական ավիաուղիների» երեկվա միջոցառումը նախօրոք հայտարարված անակնկալ ուներ: Միջոցառման բոլոր մասնակիցների անուններով խաղարկություն տեղի ունեցավ եւ արդյունքում ընտրված «Հայ TV» հեռուստաընկերության լրագրողուհուն տրվեց մրցանակՙ Երեւան-Լոնդոն-Երեւան չվերթի անվճար տոմսեր:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4