«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2005-05-28 | #98, 2005-05-31 | #99, 2005-06-01


«ԷՄՊՈՐԻԿԻ ԲԱՆԿԻ» ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ «ԳԱՖԵՍՃՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Տարեվերջին ընկերությունը կգնի նաեւ Վրաստանի «Էմպորիկի բանկը»

«Կասկադ կապիտալ հոլդինգս» ընկերությունը երեկ հայտարարեց 3 նոր ընկերությունների ստեղծման եւ հունական «Էմպորիկի բանկի» գնման մասին: Մասնավորապես «Կասկադ կապիտալ հոլդինգսի» գործադիր տնօրենի պաշտոնակատար Ջոնաթան Ստարկը հայտնեց, որ ընկերությունը ստեղծել է «Գաֆեսճյան» ընտանեկան հիմնադրամըՙ արեւմտյան չափանիշներին համապատասխանող ծառայություններ մատուցելու, Հայաստանում եւ տարածաշրջանում ներդրումների խթանման ու աջակցության համար:

«Էմպորիկի բանկը», ըստ նոր սեփականատիրոջ ներկայացուցչի, Կենտրոնական բանկի կողմից գնման գործարքը գրանցելուց հետո վերանվանվելու է «Կասկադ բանկ»: Բանկի կանոնադիր կապիտալը համալրվելու է հոլդինգի նորՙ 2,5 մլն դոլար կազմող ներդրումներով եւ հասնելու է 6,5 մլն դոլարի, համապատասխանելով ԿԲ սահմանած նվազագույն կանոնադիր կապիտալի չափանիշներին: Ինչպես տեղեկացրեց բանկի գործադիր տնօրեն Լեւոն Լեւոնյանը, բանկն ակտիվ գործունեություն կծավալի ֆիզիկական անձանց սպասարկման, սպառողական եւ հիպոթեկային վարկերի բնագավառներում, ինչպես նաեւ պլաստիկ քարտերի շուկայում:

Ջոնաթան Ստարկն այնուհետեւ տեղեկացրեց, որ բացի «Գաֆեսճյան» հիմնադրամից, «Կասկադ կապիտալը» տեխնիկական աջակցություն է ստանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից, սերտ հարաբերություններ ունի Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկի հետ, բանակցություններ է վարում Համաշխարհային բանկի հետ: Ընկերության գործադիր տնօրենը նշեց, որ ընկերության 70 աշխատակիցներից 69-ը հայեր են, ինչը նշանակում է, որ սա հայկական նախաձեռնություն է, որի նպատակն է ցույց տալ, թե «մենք հայերով ինչպես կարող ենք աշխատել»:

Մյուս երեք ընկերություններից «Կասկադ կրեդիտը» թողարկելու է ԱՄՆ գանձապետարանի մասնակիորեն երաշխավորած արժեթղթեր, իսկ ներկայումս աշխատում է գույքով ապահովված արժեթղթերի ձեւավորման ուղղությամբ: «Կասկադ ինվեստմենցն» առաջարկում է մասնավոր եւ կորպորատիվ ունեցվածքի կառավարման ծրագրեր, ինչպես նաեւ ներմուծել է ակտիվների եւ ֆոնդերի կառավարման ծառայություններ, ստեղծում է ներդրումային հնարավորությունների փաթեթ: Երրորդը «Կասկադ ինշուրանս ընդ ռեինշուրանսը» ապահովագրական ընկերությունն է եւ տրամադրում է կյանքի եւ ոչ միայն կյանքի համապարփակ ապահովագրություն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Հայաստանում հիմնադրված վերաապահովագրական առաջին ընկերությունն է:

Ջոնաթան Ստարկը հայտնեց, որ այս տարեվերջին «Կասկադ բանկը» կգնի նաեւ Վրաստանի «Էմպորիկի բանկը»: Այդպիսով «Կասկադ կապիտալ» ընկերությունը մուտք կգործի Վրաստանի շուկա, իր ծառայությունները մատուցելով այդ երկրում գործառնություններ կատարող հայ գործարարներին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4