Հայաստանում եւ Արցախում ապրող թույլ տեսողությամբ եւ կույր երեխաներն այսօր հնարավորություն ունեն ունկնդրելու հայ եւ համաշխարհային գրականության ներկայացուցիչների գործեր` դերասաններ Ժիրայր Դադասյանի, Հովհաննես Բաբախանյանի, Տիգրան Ներսիսյանի, Աննա Էլբակյանի, Լիլիթ Վարոսյանի, Սամվել Թոփալյանի եւ Արա Մանուչարյանի ներկայացմամբ:
«Մանկության մոլորակ» ծրագրի շրջանակներում իրականացվող այս ձեռնարկի միջոցով երեխաներն ունենում են մի ձայնասկավառակ, ուր Հովհաննես Թումանյանի, Օսկար Ուայլդի, Անդերսենի, Գրիմ եղբայրների հեքիաթներն են, Ռ. Բախի «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» վիպակը եւ հայ պոեզիայի ընտրանին:
«Մեզանից յուրաքանչյուրն է երազել իր սիրած հերոսին նմանվել, ասաց ծրագրի հեղինակ Գայանե Կլեկչյանը, սակայն մեր կողքին կան մարդիկ, որ թույլ տեսնելու պատճառով զրկված են այդ հնարավորությունից: «Խոսող գրքերի» միջոցով փորձել ենք այդ երեխաներին եւս տանել գրքերի աշխարհ»:
Մոտ 5 ժամ տեւողությամբ երկու սկավառակները ձայնային եւ երաժշտական էֆեկտներով ձեւավորել է թույլ տեսնող եւ կույր երեխաների Երեւանի թիվ 14 դպրոցի շրջանավարտ Վահան Նահապետյանը: «Ամեն բան մատուցման ձեւից է կախված: Օսկար Ուայլդի գործերը ձեւավորելիս աշխատում էի, որ ձեւավորումն օգնի ընթերցողին կլանելու ստեղծագործությունը, իսկ «Ճայը» ձեւավորելիս ընտրեցի տիեզերական յուրահատուկ երաժշտություն», ասաց նա:
Վահան Նահապետյանը համոզված է, որ ձայնասկավառակները կհետաքրքրեն ոչ միայն երեխաներին, այլեւ մեծահասակներին, քանի որ նրանք երբեք չեն դադարում երեխա լինել: Վահանն ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան, արդեն 7-8 տարի զբաղվում է երաժշտությամբ: Ծրագրի հեղինակ Գայանե Կլեկչյանն ասաց, որ հատկապես դերասանները բարձր գնահատականով են ընդունել Վահանի աշխատանքը:
«Կարծում եմ, այս ծրագիրը նույնքան մեծ բավականություն կպատճառի ունկնդիրներին, որքան մասնակիցներիս, քանի որ պրոֆեսիոնալիզմին գումարվել է մեծ, անշահախնդիր սերը, այն դրական վերաբերմունքը, որ մենք դրսեւորել ենք մեր ունկնդրի հանդեպ, ասաց Ժիրայր Դադասյանը: Սա բարեգործության մի անկեղծ ու մաքուր դրսեւորում է: Այս մեծ սերը, ոգեւորությունը եւ դրական արձագանքները խոսում են այն մասին, որ ծրագիրը պետք է անպայման շարունակություն ունենա»: Նրա գնահատմամբ` նախագծի յուրահատկությունն այն է, որ գործերը ներկայացվում են առանց խմբագրման, ի տարբերություն բեմադրությունների, մուլտֆիլմերի, կինոնկարների, որոնք հաճախ բնագրից տարբերվում են:
Երեկ կազմակերպված շնորհանդեսին շարունակության մասին շատերն էին խոսում: Սակայն ֆինանսական միջոցների մասին դեռեւս չկա հստակ պայմանավորվածություն: Երկու սկավառակների 50-ական օրինակները, որ բաժանվելու են թույլ տեսողությամբ եւ կույր երեխաների հայաստանյան եւ արցախյան կենտրոններին, կարող են ընդլայնման սկիզբ դառնալ:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ