«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2005-05-31 | #99, 2005-06-01 | #100, 2005-06-02


ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

«Հայոց ծածկանունների բառարանը»ՙ 50 տարիների արգասիք

Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ տարիներ շարունակ ԵՊՀ հրատարակչությամբ լույս են տեսել շուրջ 50 արժեքավոր հայագիտական աշխատություններ: Մեր նորագույն պատմության ծանր տարիներինՙ 90-ականներին, երբ թվում էր ոչ միայն գիրք գրելու, նաեւ տպագրության ժամանակները չեն, Գյուլբենկյան հիմնադրամը նպատակային գրահրատարակչական գործունեություն էր ծավալումՙ դասագրքերի, քրիստոմատիաների, գիտական լուրջ աշխատությունների: Այս տարիներին համալսարանը հիմնադրամի աջակցությամբ համալրվեց համակարգչային ժամանակակից սարքավորումներով: Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյանըՙ Երեւանի պետհամալսարանի նախկին սանը, հիմնադրամի հովանավորությամբ լույս տեսած իր տեսակի մեջ եզակի եւ կոթողային «Հայոց ծածկանունների բառարան» գրքի երեկվա շնորհանդեսին արձանագրեց, որ ինքը համեստ զինվորի իր պարտականությունն է կատարում, որը հերոսություն չէ, պարզապես ինքը վերադարձնում է համալսարանին այն, ինչ ստացել է:

Հեղինակըՙ բանասեր, թատերագետ Բախտիար Հովակիմյանը, դեռեւս ուսանողական տարիներից զբաղվում է ծածկանունների գաղտնազերծմամբ: 1958 թ. գրականության եւ արվեստի թանգարանում աշխատելու տարիներից ձեռնարկել է այս աշխատությունը, գրեթե դավանանքային նվիրվածությամբ հանդեպ իր գործը եւ բանասիրական հետաքրքրությունները:

Այս գործը հիրավի բարձր գնահատանքի է արժանի նախ եւ առաջ բծախնդիր աշխատատարության առումով: Հայ մշակութային իրականության մեջ աննախադեպ այս բառարանում վերծանված է 8000 հեղինակի 25 հազար ծածկանուն, որպես աղբյուրներ հանդիսացել են 17 լեզուներով հազարավոր պարբերականներ եւ գրականություն: Բառարանի երկրորդ բաժնում տրված են 8000 հեղինակների կենսագրությունները:

Համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը բարձր գնահատեց հեղինակի կեսդարյա տքնաջան աշխատանքը, ապա անդրադարձավ «Գյուլբենկյան» հիմնադրամի եւ նրա հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյանի ազգանվեր գործունեութանը, ինչպես գրահրատարակչական, նաեւ նորագույն տեխնիկայով համալսարանը համալրելու եւ ծանր տարիներին պրոֆեսորադասախոսական կազմին նյութապես աջակցելու համար: Զավեն Եկավյանին, որին տարիներ առաջ պատվավոր դոկտորի աստիճան էր շնորհվել, Ռ. Մարտիրոսյանը երեկ հանձնեց համալսարանի բարձրագույն պարգեւըՙ «Ոսկե մեդալը»:

Համալսարանի հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը շնորհավորանքից ու գնահատանքից հետո անդրադարձավ հիմնադրամի աջակցությամբ տպագրված գրականությանը, մասնավորապես ՀՀ նախագահի մրցանակին արժանացած 5 հատորանոց «Տեղանունների բառարանին» եւ վերջերս «Վ. Թեքեյան» մրցանակ ստացած պրոֆ. Երջանիկ Գեւորգյանի շարժումների լեզվի եզակի բառարանին:

Լեւոն Անանյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, գրականագետ Սամվել Մուրադյանը արժեւորեցին գիրքն իբրեւ դարակազմիկ, ֆունդամենտալ աշխատանքՙ բարձր գնահատելով Գյուլբենկյան հիմնարկության նպաստը հայ մշակույթի եւ գիտության զարգացման գործում, հատկապես ուծացման վտանգի առաջ կանգնած սփյուռքահայ իրականության մեջ դպրոցական ոլորտում:

Մի կարեւոր նկատառում արեց փիլիսոփայության ֆակուլտետի դեկան պրոֆ. Հ. Միրզոյանը, այսօր Հայաստանում կատարվող շատ ներդրումների մեջ առանձնացնելով Գյուլբենկյան հիմնարկության օգնությունը բովանդակության եւ ձեւի առումով. «Դա նպատակ է, ոչ թե միջոց եւ արվում է ասպետաբար, երբեմն առանց հեղինակներին ճանաչելու»:

Բախտիար Հովակիմյանը գիտության մշակին վայել պատշաճությամբ եւ համեստորեն երախտիքի բազում խոսքեր հղեցՙ պատիվ համարելով իր գրքի շնորհանդեսն այս պատվավոր դահլիճում անցկացնելըՙ հիմնադրամի տնօրենի ներկայությամբ:

10 տարիների բացակայությունից հետո Զավեն Եկավյանը բավարար նկատեց ուսհաստատությունը պահելու եւ զարգացնելու ղեկավարության ջանքերը, հատկապես հայագիտական ասպարեզում: «Հայագիտությունը մեր հացն է, լեզունՙ մեր հողը, հայագիտությունը մեր արժանապատվությունն է, նաեւ քաղաքական ուժ է, որ պահանջում է ավելի նպատակային, հավաքական աշխատանք»: Նա Հովակիմյանի բառարանը կարեւոր իրադարձություն համարեցՙ նկատելով, որ ֆրանսիական, անգլիական մատենագրության մեջ ինքը նման երեւույթի չի հանդիպել եւ հույս հայտնեց, որ տպագրական գործը կզարգացվի, ավելի շատ մշակույթ կարտահանվի, նրանց համար նաեւ, ովքեր տենդագին նենգափոխում են մեր պատմությունն ու մշակույթը:

Ավարտին նա Գյուլբենկյան հիմնարկության 50-ամյակի հուշամեդալներ հանձնեց Ռ. Մարտիրոսյանին եւ Բ. Հովակիմյանին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4