«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2005-05-31 | #99, 2005-06-01 | #100, 2005-06-02


ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի անհատականության ուժն ու հագեցվածությունը փաստելու համար բավական է հիշատակել նրա ստեղծագործական բեղունությունը, իսկ նկարագրի լրջությունն ու ծանրակշռությունը նկատելու համար բավական է մատնանշել երաժշտության մեջ սեփական խնդիրների պարզաբանմանն ուղղված նրա աշխատանքի տեւականությունը:

Սիմֆոնիաներ, բալետներ, գործիքային կոնցերտներ, երգչախմբերի համար մեծակտավ գործեր, կինոերաժշտություն, կվարտետներ, սոնատներ, գործիքային պիեսներ, ռոմանսներ, մասսայական երգեր. սրանք Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունների ամենաընդհանուր թվարկումն է, որը կոմպոզիտորի ժանրային հետաքրքրությունների սահմանները ցուցադրելուց զատ մատնանշում է նաեւ նրա բազմաշերտ ու բարդ խառնվածքը: Ո՞վ չի հիացել կոմպոզիտորի «Սարդարապատի քաջեր», «Արփա-Սեւան», «Էրեբունի-Երեւան» հրաշալի ստեղծագործություններով: Էդգար Հովհաննիսյանի հավերժության գաղափարը կապված է նրա ազգային ակունքների հետ: Նա իր սիմֆոնիկ ստեղծագործություններում կիրառում է միջնադարյան նյութը, որը բնորոշ է ազգային տաղերին: Կոմպոզիտորի ստեղծագործական անհատականությունը ընդգրկում է թեմաների բազմազանություն եւ այդ թեմաների խիստ ընտրություն: Դա է երեւույթների մեջ թափանցելու արվեստագետի ճշմարիտ ճանապարհը: Էդգար Հովհաննիսյանի արվեստի հենքը նախնիների ձայնին հարազատ մնալն է, որը եւ հաստատում է կոմպոզիտորի արվեստի հավաստիությունը: Ահա թե ինչու պատմական ուղղությունը իր կնիքն ունի նրա ընդհանուր գեղագիտական, երաժշտական մտածողության վրա:

Էդգար Հովհաննիսյանին բնորոշ առանձնահատկությունը, նրա «եսը» դրսեւորվեց իր նախասիրած ժանրում` բալետում:

Շարունակելով 20-րդ դարում հայկական բալետային արվեստի` Արամ Խաչատրյանի կողմից կատարելագործված բալետային երաժշտության ավանդույթները` կոմպոզիտորը ստեղծեց ազգային եւ համամարդկային բովանդակության պահանջը բավարարող ստեղծագործություններ: Կոմպոզիտորի բնատուր տաղանդը եւ կենսափորձը անառարկելիորեն պիտի հանգեր այն բանին, որ ծնվեին «Մարմար», «Հավերժական կուռք», «Անտունի», «Սասունցի Դավիթ» բալետները: Այս ստեղծագործությունների հիմքը միայն ազգային բովանդակությունը չէ, այլեւ իսկական արվեստի համամարդկային սկզբունքները:

«Հավերժական կուռք» բալետը ավանդություն է սիրո մասին: Գործողության վայրը Երկիր Նաիրին է, հերոսները` հեթանոս հայեր: Ասթինեն եւ Բյուրատը սիրում են իրար: Ասթինեին սիրում է նաեւ Գոռ իշխանը: Ասթինեն եւ Բյուրատը մարտահրավեր են նետում իշխանության քարացած կանոններին, չեն ենթարկվում հոգեւոր իշխանությանը` գերադասելով մահը: Սերը հաղթանակում է:

Մեր ժողովրդի համար «Սասունցի Դավիթ» էպոսն ունի արվեստի մեծ նշանակություն: Մեր գրականության մեջ Սասնա Դավիթը եզակի, մշտագո կերպար է, որն իր վրա է բեւեռում արվեստագետների ուշադրությունը: Այդ կերպարի հետ կապված ամեն մի նոր ստեղծագործություն վախի զգացում է առաջացնում բոլորի մոտ: Սրբազան այդ վախից ծնվեց Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը:

Նյութը պարտադրում է իր օրենքները, եւ երեւի դա է պատճառը, որ Էդգար Հովհաննիսյանը ստեղծեց ո՛չ թե օպերա, ո՛չ թե բալետ, այլ երաժշտաբեմական ժանրերի մի ուրույն սինթեզ` օպերա-բալետ: Իրոք, արտահայտչաձեւերի ազատ դրսեւորումն ու զարգացումը էպոսում հնարավորություն են տալիս առաջին հերթին խուսափելու ժանրի սահմանների մեջ պարփակվելուց: Դավթի կերպարի եւ նրան շրջապատող աշխարհի երաժշտական մեկնության համար անհրաժեշտ են բալետային եւ օպերային արվեստը, պարային ռիթմերը, երգեցողական հոծ հնչեղությունը, ասերգությունը, որ, ի դեպ, եղել է մեր ասացող-պատմիչների հիմնական արտահայտչամիջոցը, հանգուցային-սիմֆոնիկ ծավալների համամասնությունները...

Կա եւս մի հանգամանք, որով կարեւորվում է «Սասունցի Դավիթ» օպերա-բալետի գոյությունը: Մեզանում երաժշտությունն այսօր կարծես հեշտությամբ նահանջում է կենսական մեծ, տարողունակ թեմաներ շոշափելու իր իրավունքներից` տեղը զիջելով փոքրաքանդակ ու «տեղային» խնդիրներ արծարծող երկերին: «Սասունցի Դավիթը» մի խոշոր բաց է լրացնում հայ երաժշտության մեջ` իր մոնումենտալ կերպավորմամբ արժեքավորելով ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա մեր մշակույթի համար: Իրոք, եթե օպերայի ժանրը իր մեջ է առնում մշակույթի մի քանի շերտեր, ապա «Սասունցի Դավիթը» իր տեսակի մեջ կրկնակի սինթեզման արդյունք է: Այստեղ ձուլվել են օպերայի եւ բալետի ժանրերը: Միաձուլումն ապահովողը մի կողմից էպոսի նյութն է, մյուս կողմից` նրա երաժշտական կերպավորումը ծնող սիմֆոնիզմը, սիմֆոնիկ մտածողությունը: Այս առթիվ առանց վարանելու կարելի է հիշատակել Վագներին: Նա էր, որ թատերական երաժշտության սիմֆոնիականացման նոր փուլ բացեց համաշխարհային երաժշտության բնագավառում: «Սասունցի Դավիթ» օպերա-բալետում այս մակարդակն իրագործվել է այն ուղեցույցով, որ տվել է հանճարեղ Կոմիտասը. «Վագները գերմանացիներին ազգային երաժշտություն տվեց եւ օտարներին` դաս»: «Սասունցի Դավթում» իրագործվել է «դաս» առնելու հոյակապ եղանակ, օտար է մնացել Վագները, եւ հոգեհարազատության նոր վկայություն է ստացել Կոմիտասը:

Դավթի հաղթանակի ցնծությունը մարմնավորող երաժշտությունը, որը ճախրում է ներշնչվածության բարձր ոլորտներում, ծնունդ է առնում արտահայտչականության բազում շերտերից ու երանգներից, որի առաջին աստիճանն է մերկ ու անզարդ խոսքը.

Դառնամ զօղորմին տի տամ...

«Սասունցի Դավթի» երաժշտության մեջ հերոսականը համապարփակ լեզուն է, որով կոմպոզիտորը խոսում է հարուստ բազմերանգությամբ` օրվա հրամայականով լուսավորելու պատմությունը:

«Սասունցի Դավիթ» օպերա-բալետի ծնունդը ժամանակի հրամայականի պահանջի դրսեւորում է: Կոմպոզիտորը դիմեց էպոսին` որպես մեծաչափ հերոսական դյուցազներգություն, իբրեւ ազգային մշակույթի հուշարձան, իբրեւ անցյալն ու ներկան միավորող պատմություն, ժողովրդի ազատասիրական ձգտումների հավաստիացում: Էպոսի երաժշտությունը կրկին հաստատեց կոմպոզիտորի` խմբերգային արվեստի վարպետի տաղանդի դրսեւորումը պարային արվեստում: Կոմպոզիտորի այս ստեղծագործությունը դարձավ 20-րդ դարի հայ երաժշտության ու թատրոնի հաղթանակը:

Էդգար Հովհաննիսյանի հաջողությունն ազգային ավանդույթներին հարազատ մնալու եւ այն կերտելու մեջ է: Կոմպոզիտորը ընտրում է երաժշտության առանձնահատուկ այն տեսակը, որը ծրագրային է անվանվում, այսինքն` որոշակի սյուժեի, կենսական կամ գրական բովանդակություն ունեցող որոշակի թեմայի հիման վրա ստեղծված երաժշտություն:

Ազգային եւ համազգային երաժշտության բացառիկ ստեղծագործություն է Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը: Կոմպոզիտորի հորինած երաժշտությունը ոգու եւ հավատքի, թարմ մտածողության, ինքնատիպ պատմության ազնվացումն է: «Անտունին» երեւույթ է մեր երաժշտության պատմության մեջ: Տաղանդավոր կոմպոզիտորն այս անգամ ներշնչվել է ազգային երաժշտության ամենահոգեհարազատ կերպարով:

«Անտունի»... Երգ, որ ստեղծել է ժողովուրդն իր բազմադարյան տառապանքների ու հուսալքման ճանապարհին ու նրանով արտահայտել իր մեծ վիշտը: Այս երգն է, որ Կոմիտասի հանճարով բյուրեղացած` դարձել է երաժշտական-էպիկական մի մեծ կտավի հենքը: Նրա առաջին ֆրազով է սկսվում բալետը, որ միանգամից առինքնում է ունկնդրին ու տանում մեր ազգային ոգու ամենազարմանալի արտահայտություններից մեկի` հանճարեղ Կոմիտասի միջավայրը:

«Անտունու» հերոսը ժողովրդի ստեղծագործ ոգու խտացած կերպարն է, որը հարստացվել է Կոմիտասի կյանքի ողբերգական պատմություններով:

Խոհականություն ու խոր հուզականություն, ազգային ոգի ու այժմեականություն, բարձր պրոֆեսիոնալիզմին հատուկ ինքնատիպ մտածելակերպ. ահա՛ այն հատկանիշները, որոնք բնորոշում են բալետի երաժշտությունը, երաժշտություն, որը շնչավորված ու հարստացած կոմիտասյան ոգով` դարձել է մեր ազգային արվեստի նշանակալից երեւույթներից մեկը:

Բալետի խմբերգերը ցնցող տպավորություն են թողնում ունկնդրի վրա, հիշեցնում անտիկ ողբերգություններում հնչող երգերը: Մեղեդիների հնչեղությունն ու մաքրությունը բալետի աչքի ընկնող կարեւոր հանգամանքներից են: Բալետի առանձին հատվածներ ներկայացնում են ժողովրդի ստեղծագործական ոգու դրսեւորումները: «Անտունին» նորություն է հայ բալետային արվեստի պատմության մեջ: Ասում են, որ ամեն մի հայ իր մեջ ունի իր Կոմիտասը: Եվ եթե դա այդպես է, ապա Էդգար Հովհաննիսյանը ստեղծել է Կոմիտասի այնպիսի կերպար, որն իր մեջ կարողացավ վերարտադրել մեր ժողովրդի մեկդարյա պատմությունը: «Անտունին» հարստացրեց հայ երաժշտական արվեստի պատմությունը, բացահայտեց կոմպոզիտորի փայլուն տաղանդի նորահայտ կողմերը եւ մտավ հայ արվեստի ոսկե ֆոնդը:

1986-ին Էդգար Հովհաննիսյանը ավարտեց ծավալուն մի աշխատանք եւս` նոր օպերա` «Ճանապարհորդություն դեպի Էրզրում»: Օպերայի հիմքում ընկած է Պուշկինի համանուն ստեղծագործությունը եւ Գրիբոյեդովի այդ շրջանի կյանքի եւ ստեղծագործության էջերը:

Իրադարձությունները վերաբերում են 1820-ական թվականների վերջերին, երբ Պուշկինն այցելեց ռուսական բանակ, որը մարտնչում էր Հայաստանը օտար բռնակալությունից ազատելու համար: Օպերայում բավականին մեծ տեղ ունի հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովի կերպարը, որը ներկայացված է թե՛ որպես դիվանագետ եւ թե՛ որպես բանաստեղծ:

Օպերայի հիմնական թեմաներից է նաեւ Պուշկինի անձնական մեծ դրաման:

Այս եւ գալիք ժամանակները ինչպիսի չափագրումների ու բնորոշումների մեջ էլ որ դնեն Հովհաննիսյանի արվեստը, այն միշտ կդասվի արդիականների, տաղանդավորների, մեծ տարողունակության տեր կոմպոզիտորների շարքում:

ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4