«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2005-05-31 | #99, 2005-06-01 | #100, 2005-06-02


ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Էդգար Մանուչարյանը աչքի ընկավ արդյունավետությամբ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականն աննախադեպ հաջողության հասավ: Հունգարիայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական 2-րդ մրցափուլում մեր ֆուտբոլիստները գերազանց հանդես եկանՙ նվաճելով եզրափակիչի ուղեգիր: Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականը (մինչեւ 19 տարեկաններ) իրավունք ստացավ հանդես գալու Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ փուլում, որի հանդիպումները տեղի կունենան այս տարվա հուլիսին Հյուսիսային Իռլանդիայում:

Հունգարիայում ոչ-ոքի (0-0) խաղալով Իտալիայի հավաքականի հետ եւ հաղթելով բելգիացիներին (1-0), հայ պատանիներն ավարտական տուրում հանդիպեցին հունգարացիների հետ: Առաջին տեղը գրավելու համար մեր թիմին ոչ միայն հաղթանակ էր անհրաժեշտ, այլեւ հարկավոր էր խաղը շահել խոշոր հաշվով, քանի որ բելգիացիների նկատմամբ իտալացիների հաղթանակի դեպքում հարկ կլիներ հաշվել խփած եւ բաց թողած գնդակները: Մեր ֆուտբոլիստներն իրենց պարզապես գերազանց դրսեւորեցինՙ մրցակցին հաղթելով 5-1 հաշվով: Աչքի ընկավ Էդգար Մանուչարյանըՙ խփելով 4 գնդակ: Մեկ գոլ էլ իր օգտին գրանցեց Արտակ Հովհաննիսյանը: Իսկ ահա իտալացիները 0-2 հաշվով զիջեցին բելգիացիներին: Այսպիսով, ՀՀ հավաքականը 7 միավորով գրավեց առաջին տեղը:

Աննախադեպ հաջողության առթիվ շնորհավորում ենք հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանին եւ թիմի ֆուտբոլիստներին, հայ մարզասերներին: Մեծ հաղթանակի հիմքը դրվեց անցյալ տարվա աշնանը, երբ մեր պատանեկան հավաքականը գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ Մակեդոնիայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլում գրավելով 2-րդ տեղը, 2-րդ փուլի ուղեգիր նվաճեց: Թեեւ առաջին խաղում մեր հավաքականը 1-2 հաշվով զիջել էր ֆրանսիացիներին, հաջորդ խաղը շահեց մակեդոնացիներից (2-1), իսկ ավարտական տուրում ոչ-ոքի (1-1) խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ: Հետաքրքրական է, որ մեր թիմից բոլոր 4 գոլերն էլ խփել էր Էդգար Մանուչարյանըՙ դառնալով ընտրական խմբի լավագույն ռմբարկու: «Այաքսի» ֆուտբոլիստը Հունգարիայում էլ իրեն գերազանց դրսեւորեցՙ 4 գոլով կրկին ճանաչվելով լավագույն ռմբարկու:

Նշենք, որ ՀՀ պատանեկան հավաքականը 2-րդ տարին անընդմեջ հանդես եկավ ընտրական մրցաշարի 2-րդ փուլում: Եթե անցյալ տարի Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր հավաքականին չհաջողվեց եզրափակիչի ուղեգիր նվաճել, ապա 2-րդ փորձը պսակվեց հաջողությամբ: Հուսանք, որ եզրափակիչ փուլում էլ մեր պատանիներն իրենց արժանի ձեւով կդրսեւորեն: Հյուսիսային Իռլանդիայում հուլիսին կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությունում, բացի Հայաստանի հավաքականից, չեմպիոնի կոչումը կվիճարկեն նաեւ տանտերերը, Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Նորվեգիայի եւ Սերբիայի պատանի ֆուտբոլիստները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4