Հայ-վրացական կապերի ավանդույթները վերականգնվում են
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Մենք ցանկանում ենք ոչ միայն պահպանել, այլեւ ամրապնդել այն բոլոր բարի ավանդույթները եւ հատկապես այն կապերը, որ եղել են ԱՊՀ երկրների միջեւ մինչեւ մեր անկախացումը: Քաղաքական կտրվածքով ամեն երկիր իր խնդիրն է լուծում, ինչպես Հայաստանը եւ Վրաստանը: ԱՊՀ երկրների մի մասն ուղղորդված է դեպի Եվրոպա ինտեգրման գործընթացների: Մենք գտնում ենք, որ շատ ընդհանրություններ եւ ընդհանուր ճանապարհներ ունենք միանալու Եվրոպային: Ըստ իս, յուրաքանչյուր հանդիպում մեկ քայլ առաջ է», Թբիլիսիում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման առաքելությունը երեկ այսպես գնահատեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների համատեղ նիստը կկայանա այսօր, իսկ երեկ եւ նախընթաց օրն Անդրանիկ Մարգարյանը հանդիպեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողայիդելիի եւ խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ:
Այսօր բազմաթիվ խնդիրներ են կուտակվել Հայաստան-Վրաստան տնտեսական-քաղաքական հարաբերությունների խորքում, որոնք մանրակրկիտ արծարծվեցին հանդիպումների ընթացքում: Վրաստանի խորհրդարանի նախագահին մասնավորապես ուրախացրել էր երկու երկրների վարչապետների պայմանավորվածությունը Հայաստանին Վրաստանի պարտքի վերաձեւակերպման վերաբերյալ: Նինո Բուրջանաձեն մանրակրկիտ անդրադարձավ, իր ձեւակերպմամբ, «Հայաստանի ցավոտ խնդրինՙ աբխազական երկաթգծի վերագործարկմանը»: «Բազմաթիվ հարցականներ կան, բայց մենք հիմա արմատապես փոխել ենք մեր վերաբերմունքը: Մենք սկզբում մտածում էինք նախ կարգավորել աբխազական կոնֆլիկտը, հետո մտածել երկաթգծի մասին: Հիմա մեր դիրքորոշումն այլ էՙ զուգադիր իրականացնել ե՛ւ երկաթգծի գործարկումը, ե՛ւ կոնֆլիկտի կարգավորումը Աբխազիայի հետ»:
Խորհրդարանի նախագահը նոր էր վերադարձել Ջավախքից եւ թարմ տպավորությամբ կրկին թվարկեց բազմաթիվ պրոբլեմները, որ կուտակվել են Ջավախքի սոցիալ-տնտեսական կյանքում: Դրանցից առաջին հերթին ճանապարհների խնդիրն է, որ մարդկանց բառացիորեն կտրել է արտաքին աշխարհից: Ջրամատակարարման բացակայությունն է, որ մտադիր են գոնե տեղային առումով լուծել: Այնուամենայնիվ, Նինո Բուրջանաձեն չմոռացավ ընդգծել, որ այն, ինչ արվելու է Ջավախքի համար, իրենք նախաձեռնում են ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունները նկատի առնելով, այլ որովհետեւ «Ջավախքը մեր երկիրն է, մեր հայրենիքը, եւ մենք պարտավոր ենք մտածել տեղացիների կենսամակարդակի բարելավման մասին»:
Հայկական պատմամշակութային հուշարձանների ավերման շուրջը բարձրացած աղմուկը խորհրդարանի նախագահը չափազանցված համարեց, գտնելով, որ «չնայած առանձին տխուր փաստերի առկայությանը, դա ավելի շուտ սադրանք է առանձին ուժերի կողմից, որոնց ամենեւին էլ չեն ոգեւորում հայ-վրացական խաղաղ հարաբերությունները: «Ի՞նչ ուժեր նկատի ունեք» հարցին Նինո Բուրջանաձեն չպատասխանեց, ասելով, որ ենթադրությունը թողնում է լրագրողների վերլուծությանը:
Հայաստանի վարչապետի Վրաստան այցելության գործնական կարեւոր արդյունքը Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման պայմանավորվածությունն է, որ շուրջ 10 մլն դոլարի ներդրում է ենթադրում: Այն 1,5 անգամ կավելացնի Վրաստան էներգիայի արտահանումը: Առաջիկայում Վրաստանի էներգետիկայի նախարարի գլխավորությամբ հատուկ այս հարցը քննարկելու համար աշխատանքային խումբ կժամանի Հայաստան: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ ավարտել նոր հաղորդագծի կառուցումը: «Հենց այս սխեմայի մեջ մենք մտածում ենք գտնել մեր էներգետիկների պարտքը փակելու տարբերակը», ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Վրաստանը որոշակի շահագրգռվածություն է դրսեւորում Իրան-Հայաստան գազամուղի կառուցման վերաբերյալ: Սակայն առայժմ այդ ծրագրին Վրաստանի մասնակցության հավանականությունը փոքր է, քանի որ ծրագրի առաջին փուլը միայն Հայաստանի ներքին կարիքները բավարարելու խնդիր է իրականացնելու: «Այսօր մեզ տնտեսապես ձեռնտու չէ ավելի մեծ տրամագծով, ասենք, 1200 մմ տրամագծով խողովակաշար կառուցել: Մեր գիծը հաշվարկված է «Նաիրիտի» եւ Վանաձորի քիմկոմբինատի սպասարկման համար: Բայց եւ չենք բացառում հետագայում երկրորդ գծի կառուցումը», այս առթիվ վրացական ակնկալիքներին այսպես է պատասխանել Հայաստանի վարչապետը:
Հայ-վրացական հանդիպման մյուս նշանակալի իրադարձությունը Ջավախքի խնդրի շուրջը կոնկրետ պայմանավորվածությունների ամրագրումն էր: Հատուկ աշխատանքային խումբը կքննարկի Ջավախքի վերաբերյալ սոցիալ-տնտեսական նոր ծրագիրը: Ընդ որում, Հայաստանը կմասնակցի այդ ծրագրերի ոչ միայն իրականացման, այլեւ նախագծման աշխատանքներին: «Սա մեծ առաջընթաց կարելի է համարել: Վրացական կողմն այս մասին միշտ խոսել է, բայց գործնական ոչ մի քայլ չի արվել: Կփորձենք այս տարի առաջ շարժվել», խոստացավ Անդրանիկ Մարգարյանը:
Հայ-վրացական համատեղ աշխատանքային խումբը Ջավախքում կլինի հուլիս-օգոստոս ամիսներին: