Հայտարարում է հայտնի թուրք քաղաքագետ պրոֆ. Բասքըն Օրանը
Ինչպես հայտնի է, մայիսի 24-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում կառավարության խոսնակ, արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքիՙ կազմակերպիչներին հասցեագրած սպառնալից հայտարարությունը հանգեցրել էր մայիսի 25-27-ը «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում. գիտական պատասխանատվություն եւ ժողովրդավարական հարցեր» թեմայով «Բոսֆորի» համալսարանի նախատեսվող գիտաժողովի հետաձգմանը: Չիչեքի հայտարարությանը բուռն հակազդեցություն էին ցուցաբերել «Բոսֆորի» հետ գիտաժողովի կազմակերպմանը մասնակցող «Բիլգի» եւ «Սաբանջը» համալսարանները, որոնց աջակցել էին անկախ թուրք մտավորականները, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունները: Հայտարարության առնչությամբ Չիչեքին խստագույնս դատապարտել էին Անկարայում հավատարմագրված եվրոպացի դիվանագետները եւ Եվրոմիության ներկայացուցիչները:
Այլ կերպՙ արդարադատության նախարարի հայտարարությամբ գիտաժողովի հետաձգումն իրականում կանխարգելում էր: Դրան եվրոպացիների հակազդեցությունը հանգեցրել էր արձագանքների միջազգայնացմանը: Այս պայմաններում հետաձգման հարցը հայտնվել էր պաշտոնական Անկարայի օրակարգում: Երբ որեւէ հարց օրակարգային է դառնում, ապա դրա շուրջը ծավալվող բանավեճերի մեջ ներքաշվում են նաեւ պետական գործիչները: Թերեւս այդ առումով պատահական չէր գիտաժողովի հետաձգման առնչությամբ Մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչի մայիսի 26-ին Վաշինգտոնում արած հայտարարությունը. «Խոսքի եւ մտքի ազատությունն ամենեւին չի ենթադրում արտահայտել ծափահարությունների արժանացող տեսակետներ: Այլակարծությունը պետք է բնական համարվի»:
Ակնհայտ է, որ նա այս խոսքերով աջակցել էր գիտաժողովի երկրում «ազգի դավաճան» հռչակված կազմակերպիչներին: Մայիսի 28-ին, վերադառնալով Ալմաթիից, Մեջլիսի նախագահի օրինակին հետեւեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա պատասխանելով արդարադատության նախարարի հայտարարությամբ գիտաժողովի հետաձգման վերաբերյալ լրագրողների հարցերին ասաց. «Հայտարարությունը պրն Չիչեքի անձնական կարծիքն է: Անիմաստ էր պրն Չիչեքի հայտարարության հետեւանքով միջոցառման հետաձգումը: Խնդրեմ, թող գիտաժողովը գումարեն»:
Ըստ «Սաբահի» մայիսի 29-ի համարի, լրագրողները ընդգծել են արդարադատության նախարարի հայտարարության եւ դրան Մեջլիսի նախագահի արձագանքի հակասականությունը, իսկ Էրդողանը պարզաբանել է. «Հայտարարությունն ու արձագանքը չպետք է վերագրվի կառավարությանը, որովհետեւ պրն Բյուլենթը ոչ թե կառավարության անդամ է, այլ խորհրդարանի նախագահ: Նա իր տեսակետն է արտահայտել: Հարգում ենք: Թեեւ պրն Ջեմիլը կառավարության խոսնակ է նաեւ, սակայն նրա հայտարարությունը կառավարական հայտարարություն չէ: Անձնական բնույթ է կրում»: Սա նշանակում է, որ եթե կառավարության խոսնակ, արդարադատության նախարար Չիչեքը Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության դիրքերից հակադրվում է գիտաժողովի կազմակերպիչներինՙ մեղադրելով նրանց թուրք ազգին դավաճանելու պատրաստակամության մեջ, ապա նախարարին հակադրվում է Մեջլիսի նախագահ Արընչը, իսկ վարչապետն այդ առումով աջակցում է նրան:
Այս ամենը թեեւ որեւէ հիմք դեռեւս չի տալիս պնդելու, որ Թուրքիան հրաժարվում է պաշտոնական թեզից, սակայն դա անուղղակիորեն վիճարկվում է նաեւ իշխող շրջանակներում: Այս վիճարկումը ենթադրում է պաշտոնական թեզն ուղղակիորեն վիճարկողների դիրքերի ամրապնդումը: Այսպիսով նախադրյալներ է ստեղծվում, որ երկրում Հայոց ցեղասպանության հարցի վրա դրված տաբուի վերացումից հետո կասկածի տակ դրվի նաեւ թուրքական պաշտոնական թեզը: Դրան մեծապես նպաստում են Ստամբուլի վերոհիշյալ առաջնակարգ համալսարաններնՙ անկախ գիտնականներով, ընդ որում դրանցից «Բոսֆորի» համալսարանը պետական է: Գիտնականների մեջ առանձնակի տեղ ունի Մեծ եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված երեւանյան գիտաժողովի մասնակից, Անկարայի համալսարանի քաղաքական գիտությունների բաժանմունքի պրոֆ. Բասքըն Օրանը:
Նա մայիսի 27-ին «Ակօս» եւ «Բիրգյուն» շաբաթաթերթերում միաժամանակ հրապարակված հոդվածում, դիմելով հետաձգված գիտաժողովի հակառակորդներին, ընդգծում է. «Թող ամաչեն նրանք, ովքեր 80 տարի շարունակ հանդուրժելով միակողմանի տեսակետները, այլընտրանքային տեսակետի հավանականության դեպքում սկսեցին գոռալ. «Հարցը միակողմանիորեն է քննարկվում»: Ամաչեն նրանք, ովքեր ոտնահարել են համալսարանների ազատ գործունեության իրավունքը: Մայիսի 27-ին ճիշտ տեղահանության մասին «Ժամանակավոր օրենքի» ընդունման օրը հրապարակված այս հոդվածը ես նվիրում եմ ամաչելու հարկադրանքի տակ գտնվող մեր ազգայնամոլներին»:
Ըստ երեւույթին Օրանը ազգայնամոլների թվին է դասում նաեւ գիտաժողովի մոլի հակառակորդ Իլբեր Օրթայլըին, որ նրա հոդվածը վերջինի ելույթին պատասխանի բնույթ է կրում: Միաժամանակ հոդվածում խստորեն քննադատվում է թուրքական պաշտոնական թեզը: Ինչպե՞ս: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ Օրանի վերոհիշյալ հոդվածը ինտերնետային փոստով «Ազգի» խմբագրություն է ուղարկել Կանադայի «Զորյան» ինստիտուտը:
Ահա թե ինչ է գրում Օրանը. «Այս երկրում Հայկական հարցի առնչությամբ 80 տարի այլ բան չի լսվել, քան պաշտոնական տեսակետը: 80 տարի շարունակ «դավաճան» են հռչակվել նրանք, ովքեր մի քիչ այլ կերպ են մտածել: Տարիներ շարունակ հեռուստահաղորդումներում, համալսարաններում եւ նախակրթական դպրոցներում հերթականությամբ ընդգծվել են հետեւյալ «դրույթները»ՙ 1. «Ի՞նչ հայկական հարց, ո՞րն է դա», 2. «Նրանք են մեզ սպանել, մենք չենք սպանել, մահացածները մեռել են համաճարակներից», 3. «Եթե կոտորածներ եղել են, ապա փոխադարձաբար», 4. «Այս հարցը թողնենք պատմաբաններին»: Քանի որ բերանը բացողը «դավաճան» էր հռչակվում, ուստի տաբուի մասին ոչ ոք չէր խոսում: Իսկ հիմա հեռուստաէկրաններում ամեն օր հայկական հարց է քննարկվում: Վերջին տաբուն կնքել է իր մահկանացուն: Օրթայլըն հանկարծակի հայտնվեց Հայկական հարցի ոլորտում եւ, նկատի ունենալով «Բոսֆորի» համալսարանում նախատեսվող գիտաժողովը, հայտարարեց. «Հրավիրվածները հայտնի թիմի անդամներ են: Հետեւաբար անհնար է հարցերի շուրջը առողջ քննարկումների ծավալումը»: Մինչդեռ վերջինս 25 տարիներին, երբ հրավիրվում էին միմիայն պաշտոնական տեսակետ արտահայտող գիտաժողովներ, նրա մտքով չէր անցնում այս բաներն ասելը: Այո, նա իրավացի է, որ մայիսի 25-27-ին նախատեսվող գիտաժողովին հրավիրվել են հայտնի թիմի անդամները: Սակայն այդ մասին պետք է արտահայտվի ոչ թե վերջին 1-2 տարիներին արագացված ձեւով հակառակ թիմ, այսինքնՙ «պետական թիմ», փոխադրված Իլբեր Օրթայլըն»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ