«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2005-06-01 | #100, 2005-06-02 | #101, 2005-06-03


ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ

Թուրքիայում պատժելի է դառնում Հայոց ցեղասպանության հիշատակումը

«Ազգը» նախորդ համարումՙ «Թուրքիայում ուժի մեջ մտավ քրեական նոր օրենսգիրքը» վերնագրով տեղեկության մեջ արել էր հետեւյալ ենթադրությունը. «Թեեւ նոր օրենսգրքում որեւէ ձեւով չի նշվում 1915 թ. մասին, սակայն հասկանալի է, որ «ազգային շահերին հակասող» կարող են որակվել նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակումները»: Խոսքը վերաբերում է նոր օրենսգրքի «Ազգային հիմնական շահերի մասին» 305-րդ հոդվածին, որը փոխարինում է նախորդ օրենսգրքի 312-րդ հոդվածը:

Այս հոդվածը 3-10 տարի ազատազրկում է նախատեսում նրանց, ովքեր իրենց գործունեությամբ կհակադրվեն ազգային շահերին: Այս հանցանքը մամուլի միջոցով քարոզչության նպատակին ծառայեցնելու դեպքում սահմանված պատիժը դառնում է 15 տարի: Միաժամանակ հոդվածով դատապարտվում են թուրքերին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի ազգային մեծ ժողովին հրապարակավ նվաստացնողներըՙ 1-3, իսկ կառավարությանը, դատական մարմիններին, զինվորականությանը կամ իրավապահ մարմիններին նույն ձեւով վիրավորողներըՙ 6 ամսից 2 տարով:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանն առնչվող հոդվածին, ապա այդ հարցում «Ազգի» ենթադրությունն անուղղակիորեն հաստատում են «Ենի շաֆաքի» սյունաշարի հեղինակ Ալի Բայրամօղլուն եւ «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն: Բայրամօղլուն «Ենի շաֆաքի» հունիսի 2-ի համարում գրում է. «Քանի որ հոդվածը հիմնավորվել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության եւ Հայկական հարցի վերաբերյալ պաշտոնական քաղաքականությանը հակադիր հայտարարություն անողների օրինակով, ուստի պետության պաշտոնական թեզերից դուրս տեսակետներ արտահայտելն օրենքով դառնում է պատժելի»:

Օնդերօղլուն «Ռադիկալում» հավելում է նրան. «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության եւ Հայկական հարցի առնչությամբ պաշտոնական քաղաքականությանը հակասող հայտարարությունները պատժվում են «Ազգային հիմնական շահերի մասին» հոդվածի մեկնաբանությամբ»: Այլ կերպ, Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակումները քրեական նոր օրենսգրքով պատժելու համար կգործի եթե ոչ 305-րդ հոդվածը, ապա դրա հիմնավորման նկրտումներից բխող գրավոր մեկնաբանությունը:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4