կի հանձնաժողովի ներկայացուցիչները երեկ հանդիպում-քննարկումներ են ունեցել Ազգային ժողովի նախագահի, Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի եւ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումներից Ջովաննի Բուքիքիոն իր գոհունակությունը հայտնեց եւ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկումներն այնքան անկեղծ եւ կառուցողական մթնոլորտում էին ընթանում, որքան հնարավոր է ընկերների միջեւ:
Ընդգծելով, որ սահմանադրության բարեփոխումները Հայաստանի համար բավական մեծ նշանակություն ունեցող խնդիրներ են, Բուքիքիոն հիշեցրեց, որ 2000 թ. Վենետիկի հանձնաժողովը համագործակցում է Հայաստանի հետ եւ ներկայացված փոփոխությունների նախագծում թեեւ նկատելի են անհրաժեշտ բարեփոխումները, սակայն հանձնաժողովի ներկայացուցիչներն իրենց մատնանշած երեք կետերի վերաբերյալ դեռ վերապահումներ ունեն: Այդ վերապահումներն առնչվում են իշխանության թեւերի դերի հավասարակշռման, դատական մարմինների անկախության եւ քաղաքապետի ընտրովի լինելու հարցերին:
Ըստ էության անպատասխան թողնելով, թե «ինչո՞ւ մասնավորապես քաղաքապետի ընտրովի լինելու կետը չի պարտադրվում Ռումինիային, Լեհաստանին» լրագրողի հարցը, Բուքիքիոն ընդգծեց, որ իրենց մատնանշած երեք խնդիրները եվրոպական կարեւոր նորմերից են: Ջովաննի Բուքիքիոն երեկ խորհրդարանում ունեցած հանդիպումներն արդյունավետ համարելով հանդերձ, հայտնեց, որ իրենց նկատառումների չընդունման դեպքում կհետեւի հիասթափվածության եւս մեկ հայտարարություն: Հանձնաժողովի հայտարարությունը կհրապարակվի հաջորդ շաբաթվա վերջին, իսկ երեկ Ջովաննի Բուքիքիոն հույս հայտնեց, որ ընդդիմությունն, այնուամենայնիվ, հավանություն կտա ՀՀ իշխանությունների եւ իրենց համատեղ աշխատանքի արդյունքին եւ հոկտեմբերի վերջին Հայաստանի Հանրապետությունը կունենա բոլոր քաղաքական ուժերի հավանությանն արժանացած նոր սահմանադրություն: Այն, Բուքիքիոյի պնդմամբ, պետք է լինի երկրում ձեւավորված փաստաթուղթ եւ բխի ազգային առանձնահատկություններից: Սակայն Բուքիքիոն նաեւ կարծիք հայտնեց, որ էական պահանջ կա մենթալիտետի ազգային առանձնահատկությունների ժողովրդավարացման:
Ամեն դեպքում, Ջովաննի Բուքիքիոն հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովը պատժամիջոց կիրառելու իրավասություն չունի, հանձնաժողովի լծակները միայն բարոյական են, սակայն նրա հայտարարություններին մեծ ուշադրություն են դարձնում թե՛ ԵԽԽՎ-ն, թե՛ ԵԱՀԿ-ն, թե՛ ԵՄ-ն «Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում:
Երեկոյան հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպեցին նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ