«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2005-06-01 | #100, 2005-06-02 | #101, 2005-06-03


ԱՄԵՆՈՒՐ, ԲԱՅՑ ՄԻՇՏ ԱՅՍՏԵՂ

«Ազգ»-ի հարցազրույցը Անահիտ Թոփչյանի հետ

- Ի՞նչ եք արել Հայաստան վերջին այցելությունից հետո:

- Վերադարձա անցյալ տարվա նոյեմբերին, իսկ դեկտեմբերի 10-ին նոր մոնոդրամի պրեմիերա խաղացի Քյոլնում: Ի դեպ, երկրորդ անգամ եմ հրավիրվում Քյոլն. նախանցյալ տարի նույն սրահում խաղացի «Արտագերս» եւ «Անհասցե տիկինը» մոնոդրամները: Ես Սփյուռքում շատ եմ խաղացել, բայց այդ ներկայացումները մի յուրահատկություն ունեինՙ եկել էին Գերմանիայի տարբեր քաղաքներիցՙ Հաննովերից, Բեռլինից, Մյունխենից, Բոխումից եւ անգամ Վիեննայից: Ինտերնետային գովազդը հրաշքներ էր գործել: Այդ ելույթներիս ձեր թերթը անդրադարձավ բավական բարձր գնահատությամբ: Վերջին ներկայացումը կոչվում էր «Մենախոսություն գժանոցում», որի եւ՛ տեքստի հեղինակը, եւ՛ բեմադրիչը, եւ՛ դերակատարը ես էի, չհաշված դեկորները, երաժշտական ձեւավորումը, կոստյումները, լույսը եւ այլն: Այսինքն, միշտ այդպես եմ աշխատել: Կատարյալ մենաթատրոն: Սա արդեն ոչ թե մի դերասանի, այլ մի ստեղծագործողի թատրոն է: Առանց պարծանքի եմ դա ասում, քանզի շատ տառապալից աշխատանք է: Խենթանալ կարելի է: Բարեբախտաբար, առայժմ իմ հերոսուհին է «խենթացել» այս դաժան եւ խենթ աշխարհում... Դա մի կնոջ պատմություն չէ: Դա բոլորիս պատմությունն է... Մարդկային, իսկ ավելի ճիշտՙ անմարդկային հարաբերությունների լաբիրինթոսում մոլորված կնոջ աղաղակն է այդ մենախոսությունը, նա աղաղակում է, բայց առանց ձայնի, որովհետեւ, միեւնույն է, նրան չեն լսի: Աշխարհը խուլ է մարդու ցավի հանդեպ... Մարդը նույնպես խուլ է մարդու հանդեպ... Եվ անտարբեր... Ավելինՙ թշնամի: Անգիտակցորեն եւ գիտակցորեն սպանում ենք միմյանց: Սա փակուղի մտած մեր քաղաքակրթության զոհի խոստովանությունն է, հոգու պոռթկումը: Հարկավոր է շատ ուժեղ լինել, որպեսզի այս աշխարհի հետ մշտապես բախվելիս չխենթանաս: Եվ, ընդհանրապես, ո՞վ է խենթը, մենք, թե՞ աշխարհը...

- Տարիներ առաջ մեր թերթին տված հարցազրույցում ասացիք, թե փնտրում եք մի կղզի, որտեղ կուզեիք ապրել: Գտե՞լ եք արդյոք, թե՞ շարունակում եք փնտրել:

- Վաղո՛ւց այլեւս չեմ փնտրում: Փնտրելու հարկ չեղավ: Մեզՙ շատ-շատերիս հմտորեն «կղզիացրին»: Եվ շատ արագ, նույնիսկ չհասցրեցինք նկատել, թե ինչպես հայտնվեցինք կատարյալ մենության մեջ: Ես փորձեցի այդ մենությունն ինչ-որ չափով «լցնել» իմ մենաթատրոնով եւ գրականությամբ, բայց գոհ չեմ, չնայած դրական, նույնիսկ հիացական կարծիքներ շատ եմ լսել ու կարդացել: Գոհ չեմ, որովհետեւ այն, ինչ պիտի անեի որպես դերասանուհի հայաստանյան թատրոնների բեմերում, համոզված եմ, որ անհամեմատ ավելի բարձր էր լինելու եւ արժեքավոր:

- Բայց դուք անցած տասը-տասներկու տարում մոտ հիսուն մոնոներկայացում խաղացիք Սփյուռքում:

- Այո, եւ շարունակելու եմ խաղալ: Այնուհանդերձ, ես գտնում եմ, որ դրանք կորած տարիներ են: Եվ ոչ միայն ինձ համար... Ես անհամեմատ ավելի շատ գործ կարող էի անել... Կադրերի այս մսխումը, ոչնչացումը մինչեւ ե՞րբ կարող է շարունակվել... Կադրեր, որոնք պատրաստվել են տասնյակ տարիների ընթացքում, փորձ ձեռք բերել, ապացուցել իրենց օգտակարությունը մեր արվեստին, անջնջելի հետք թողել մարդկանց սրտերում, վերջապես պատմության մեջ, սակայն այսօր իրենց հողի վրա պահանջարկված չեն, եւ ոչ ոք չի մտածում այդ ուժերն օգտագործելու մասին, եւ ոչ ոք չի մտածում այդ չմտածողներին պատասխանատվության կանչել անպատասխանատվության համար: Չինովնիկներ, որոնք օրվա կոնյուկտուրան հոտոտելով ինչ-որ կուսակցություններ են մտնում, պորտֆելներ բաժանում եւ մտածում միայն գրաված դիրքն առավել օգտակարությամբ իրենց անձնական շահերին ծառայեցնելու մասին... Ոչինչ, որ նրանք երբեմն-երբեմն փայլում են անօրինակ տխմարությամբ, եւ հենց այն ասպարեզում, որտեղ կոչված են մասնագիտական բարձր ունակություններ ցուցաբերելու... Այդ ամենը ներվում է եւ, որպես կանոն, հաջորդ եկողը նախորդից ավելի անհաջող է լինում: Եվ այսքանից հետո դեռ պարում ենք...

- Դուք կարծես մասնակցեցիք գրողների միության համագումարին: Ինչպե՞ս եք գնահատում այս համաժողովը:

- Համագումարի զեկուցումները լսելով կարելի էր կարծել, թե հիսուն տարով հետ ենք գնացել: Ինչ որ է, համագումարն անցավ պատմության գիրկը: Այժմ, կարծում եմ, ավելի կարեւոր է մտածել հետագա անելիքների մասին: Կուզեի հատկապես խոսել գրական խոտանի ահագնացող չափերի մասին: Ոչ ոք չի մտածում դրա դեմն առնել: Ավելին, գրական միջակությունը (եւ ոչ միայն գրական) խրախուսանքի է արժանանում մամուլի էջերում, ոչ մի գործ չարած, որեւէ բանի չհասած ոչնչությունները զբաղված են անսանձ ինքնառեկլամով, ինչպես Չարենցը կասեր, «իրենց փառքն են քաշում պարանով»: Նրանցից ոմանք արդեն «խաղի պայմաններ» են թելադրում ամենայն լկտիությամբ: Հիշենք թեկուզ անցած համագումարի որոշ ելույթները: Գրողների միությունը մենակ անզոր է պայքարել դրա դեմ: Դա պետք է դառնա բոլորիս եւ հատկապես մամուլի հոգսը: Կուզեի հատուկ ընդգծել, որ մամուլը զգույշ լինի սփյուռքից եկող որոշ գնահատությունների հանդեպ: Այնտեղ երկու ծայրահեղ բեւեռներ կան. կամ երկինք են հանում, որովհետեւ «հայերեն կխոսի» եւ այդքանը բավական է, կամ կտրուկ մերժումՙ որովհետեւ «ձեր հայերենը չենք հասկնար», կամ «դասական ուղղագրությամբ չէ...»: Ցավալի զավեշտ:

- Գրական ի՞նչ նոր գործերի վրա եք աշխատում:

- Վերջերս երեք գիրք տպագրեցի. բելգիացի ժամանակակից դրամատուրգների պիեսներ ֆրանսերենից իմ թարգմանությամբՙ Լիլիան Վուտերսի «Շառլոտ կայսրուհին», Ժակ Անրարի «Կանանց գույները» եւ Պոլ Էմոնդի «Ճռնչոց եւ ուրիշ աղմուկներ»: Երեք հրաշալի գործեր, որոնք թարգմանել եմ նախեւառաջ ինձ համար, հուսալով, որ մի օր կխաղամ կամ կբեմադրեմ... Հրատարակության եմ պատրաստել պատմվածքներիս նոր ժողովածուն, որը պիտի լույս տեսներ այս տարիՙ պետական պատվերով, սակայն առայժմ ամեն ինչ մշուշի մեջ է... Մի նոր մոնոդրամ եմ գրել, որի վերնագիրն է. «Տղամարդն ընդամենը մարդ է» կամ «Արդյոք մա՞րդ է տղամարդը», դեռեւս չեմ որոշել... Եվ վերջապես, շարունակում եմ աշխատել վեպիս վրա, որի ավարտը չի երեւում... Ոչ այստեղ, ոչ այնտեղ լինելու զգացողությամբ է գրվում... Վերնագիրն ինձ համար որոշված է. «Ամենուր եւ ոչ մի տեղ»: Ողբերգական մի թեմա: Մեր ժողովրդի կեսից ավելին այդ վիճակում է. ամենուր, բայց ոչ մի տեղ...

- Իսկ ծրագրերնՙ ընդհանրապես:

- Ավարտեցի ֆրանսիացի ժամանակակից գրող Էրիկ-Էմանուել Շմիդտի «Ամուսնական փոքրիկ ոճիրներ» բարդ-հոգեբանական պիեսը: Ամուսնական զույգի հարաբերություններն են, իրար սիրող ամուսինների հետ տարիների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններն ու մետամորֆոզները, որոնք ի վերջո, սերը վերածում են փոխադարձ ատելության, որն իր հերթին ծնում է սիրո մի նոր տեսակՙ ավելի գայթակղիչ, սակայն դարձյալ վտանգներով լի... Ամուսնական հարաբերությունների նման վերլուծումը պիտի որ անակնկալ լինի մեր հանդիսատեսի համար... Գրողն անխնա եւ ուշադիր հայացքով զննում է ընտանիք հասկացությունը եւ անսպասելի գյուտեր անում մեզ այդքան ծանոթ իրավիճակների մեջ: Ապշեցնող մի հմտությամբ է գրված այդ պիեսը, վստահ եմ, որ պիտի հետաքրքրի մեր հանդիսատեսին: Շա՜տ ցավալի կլինի, եթե այս հոյակապ գործը չբեմադրվի Հայաստանում... Հուսամ, թե կխաղամ:

- Մոտավորապես ե՞րբ:

- Կարծում եմ, որ ձեր հարցին արդեն պատասխանեցի վերը, ուր խոսում էի մեր ստեղծագործական ուժերի մսխումի մասին... Սակայն չկա չարիք առանց բարիք. շնորհակալ եմ, որ մեզ մի կարեւոր ճշմարտություն սովորեցրին: «Խեղդվողի փրկությունը խեղդվողի ձեռքին է», ինչպես ասվում էր Իլֆի եւ Պետրովի հանճարեղ վեպում: Հիմա «փրկվում ենք», այսինքնՙ քայլեր են ձեռնարկվում այդ պիեսի բեմադրությունն իրականացնելու համար, եւ կարծես հեռանկարներ կան... Ամեն ինչ պիտի ինքդ անես եւ չհուսահատվես:

Հարցազրույցը վարեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4