«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2005-06-01 | #100, 2005-06-02 | #101, 2005-06-03


ԱՐԺԱՆԻ ՄԵԾԱՐԱՆՔ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԽՄԲԱԳՐԻՆ

Հազվադեպ է մեծարանքի երեկոներ կազմակերպվում ի պատիվ սփյուռքահայ խմբագիրների: Այդ իմաստով գնահատելի էր «Նոր օր» շաբաթաթերթի մայիսի 14-ի համարում գրած Սիդնեյի (Ավստրալիա) Ռամկավար ազատական կուսակցության, Վահան Թեքեյանի մշակութային միության եւ Հայ իրավանց խորհրդի կազմակերպությամբ հայկական «Անի» ճաշասրահում տեղի ունեցած հոբելյանական ճաշկերույթ-հանդիսության մասին, որտեղ մեծարվել է բազմաբեղուն գրչի տեր, երկարամյա խմբագիր եւ պատմաբան եւ բանասեր դոկտ. Ավետիս Յափուճյանն իր ծննդյան 75-րդ եւ ազգային ծառայության 60-րդ տարեդարձների առթիվ: Գաղափարակից ընկերների կողքին հոծ թվով ազգայիններ են գտնվել մեծարանքի այդ հանդիսությանը, որի ընթացքում ՌԱԿ Ավստրալիայի շրջանակի ատենապետ Հայկ Լեփեճյանը կարդացել է ՌԱԿ «Արտակ Դարբինյան» ակումբի շնորհավորագիրըՙ հոբելյարին հանձնելով պատվո մի հուշատախտակ:

Յափուճյանը ծանոթ անուն է հայրենիքում, որտեղ պատմության գծով թեկնածուականն է պաշտպանել 1974-ին: Ծնվել է Կահիրեում: Ավարտել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանը, ապա Լոնդոնի մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժինը: 1967-ից ստանձնել է Կահիրեում լույս տեսնող ՌԱԿ պաշտոնաթերթ «Արեւ» օրաթերթի խմբագրի պաշտոնը: Աննկուն կամքի, համբերատար աշխատասիրության եւ բեղմնավոր գրչի շնորհիվ նախ թերթի էջերում, ապա նաեւ առանձին հատորներով լույս է ընծայել պատմական արժեքավոր ուսումնասիրություններ հետեւյալ վերնագրերովՙ «Հայ ժողովուրդի մեծ գոյամարտը եւ Հայաստանի Հանրապետութիւնը ստրկացնելը» (1968 թ.), «Ո՞վ կազմակերպեց փետրուարեան արկածախնդրութիւնը եւ ի՞նչ եղաւ անոր հետեւանքը» (1969 թ.), «Արեւմտահայաստանի կորուստը եւ անոր պատասխանատուները» (1970 թ.), «Եւ վերածնաւ հայ ժողովուրդը հուրէն ու սուրէն» (1971 թ.), «Հայաստանի Հանրապետութեան քաղաքական, զինուորական, տնտեսական, ընկերային կացութիւնը» (1972 թ.), «Պաքուի հերոսամարտը եւ անոր պարտութեան պատասխանատուները» (1973 թ.), «Հայ ժողովուրդին անկախութեան պայքարը Կիլիկիոյ մէջ 1919-22 թթ.» (1977) եւ «Մեծ եղեռնը օտար մտավորականութեան գնահատումով» (1980 թ.): Ֆրանսերենից եւ անգլերենից առաջին անգամ հայերեն է թարգմանել ու թերթի էջերում տպագրել արեւմտաեվրոպական գրականության գոհարներից «Արեւմտեան ճակատին վրայ նորութիւն չկայ» (Էրիխ Մարիա Ռեմարկ), «Դաշույն մը պարտէզին մէջ» (Վահե Քաչա) եւ այլ գրքեր:

Անխոնջ խմբագիրը, պատմաբանը, մշակութային գործիչն ու թարգմանիչը ժամանակ է գտել նաեւ մեծապես սատար կանգնելու անցյալ դարի 60-ական թվականների «Հայ գեղարվեստասիրաց միության» շուրջը հավաքված եգիպտահայ երիտասարդներինՙ իր խորհուրդներով եւ անմիջական մասնակցությամբ օժանդակելով նրանց բոլոր միջոցառումները:

Այսօր էլ դոկտ. Յափուճյանն անսակարկ նվիրումով շարունակում է գիր ու գրականության մշակի իր գործունեությունը, հանդիսանալով Սիդնեյի ՀԲԸՄ-ի «Միութիւն» երկլեզու ամսաթերթի հայերեն բաժնի խմբագիրը:

Քաջառողջություն, մշտանորոգ եռանդ եւ նորանոր ստեղծագործություններ հարգարժան հոբելյարին:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4