Երեկ կեսգիշերին ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Հունգարիայից ժամանեց Երեւան, իսկ երեկոյան հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը հանդիպեց լրագրողներին: Չնայած հոգնածությանը, միշտ կենսախինդ Սամվել Պետրոսյանը չէր կորցրել հումորի զգացումը եւ որոշ հարցերի պարզապես հումորով էր պատասխանում: Մարզիչը նշեց, որ հաղթանակը ձեռք բերվեց թիմի բոլոր տղաների անձնուրաց խաղի շնորհիվՙ չմոռանալով հիշատակել իր օգնական Աշոտ Բարսեղյանի, բժիշկ Վահագն Օրդյանի եւ մերսող Մարգար Սահակյանի ներդրումն ընդհանուր հաջողությունում: Մրցակիցներից նա առանձնացրեց Բելգիայի հավաքականին, իսկ ամենածանր խաղը համարեց հունգարացիների հետ ավարտական հանդիպումը: Բանն այն է, որ նախորդ երկու հանդիպումներում պարտված Հունգարիայի հավաքականի մարզիչը խաղի նախօրեին նշել էր, թե Հայաստանի ընտրանու հետ խաղը պատվի հարց է եւ անպայման պետք է ձգտեն հաղթանակ տոնել: Իսկ ահա հանդիպման հաջորդ օրը տեղի թերթերից մեկը գրել էր, որ հունգարացիները հեծանվով պետք է Հայաստան մեկնեն եւ հայերից ֆուտբոլ խաղալ սովորեն:
Մրցաշարի ընթացքում մի շարք երկրներից ֆուտբոլային գործակալներ հետաքրքրվել են մեր առանձին ֆուտբոլիստներով: Հնարավոր է, որ հետագայում նրանք բանակցեն մեր ակումբների հետ այդ ֆուտբոլիստների հարցով: Անդրադառնալով հուլիսին Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք եզրափակիչ մրցափուլին, Սամվել Պետրոսյանը նշեց, որ հավաքականի բոլոր օղակներն էլ ուժեղացման կարիք ունեն: Շատ կարեւոր է, որ հավաքականի անդամներն իրենց ակումբների կազմերում հանդես գան, խաղային պրակտիկա ձեռք բերեն: Նախատեսվում է հավաք անցկացնել մինչեւ մրցաշարի մեկնելը: Ինչ վերաբերում է եզրափակիչ փուլում հավաքականի առջեւ դրվելիք խնդրին, ապա մարզիչը գտնում է, որ պետք է շարունակել հաղթարշավը եւ մրցանակային տեղ գրավել: Իսկ նվազագույն խնդիրը լավագույն հնգյակում տեղ զբաղեցնելն է, ինչը հնարավորություն կընձեռի մասնակցելու աշխարհի պատանեկան առաջնության եզրափակիչ փուլին: Ինչ վերաբերում է նախատեսվող խրախուսանքին, ապա ՀՖՖ նախագահը խոստացել է պարգեւատրել ֆուտբոլիստներին:
Հունիսի 4-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը, որի հիմնական կորիզը կազմում են Հունգարիայում հանդես եկած ֆուտբոլիստները, աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Երեւանում մրցելու է Մակեդոնիայի ընտրանու հետ: Ինչ խոսք, մեր պատանի ֆուտբոլիստների համար բավական դժվար կլինի կարճ ժամանակահատվածում, ծանր մրցախաղերից հետո վերականգնել ուժերը: Նման մտավախություն հայտնեց նաեւ Սամվել Պետրոսյանը, որը միաժամանակ ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է: Ուստի նա խնդրեց լրագրողներին շատ խիստ չգտնվել առաջիկա խաղում թիմի ելույթի գնահատականներում: