Ստորագրահավաք սոցիալական քարտերի դեմ
Հայաստանի կառավարությունը սովի է մատնել հազարավոր կենսաթոշակառուների: Այսպիսի հայտարարությամբ երեկ հանդես եկավ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը (ՀՍԻԿ): Կառավարությունը չի մերժում կենսաթոշակ ստանալու իրավունքը, բայց եւ չի վճարումՙ հիմք ընդունելով թոշակառուների սոցիալական քարտ չունենալը: Սոցապ նախարարի ներկայացրած տվյալներով ՀՀ 600 հազար քաղաքացի սոցքարտ չի վերցրել: ՀՍԻԿ-ը միայն Լոռու մարզի առաջին ատյանի դատարան դիմած 14 կենսաթոշակառուներից 7-ի հայցադիմումների հիմնավորումները փոխել է ավելի հիմնավորված իրավական փաստարկումներով: Սակայն 3 դատավորների լսած նույն գործերը արժանացել են միեւնույն վճիռներին: Իսկ մայիսի 13-ին վերաքննիչ դատարան ուղարկված 4 գործերը, վերաքննիչի պնդմամբ, դեռ տեղ չեն հասել: ՀՍԻԿ ղեկավար Գեւորգ Մանուկյանը դիմում է հղել ՀՀ Ազգային ժողովինՙ սոցիալական քարտերի օրենքի սահմանադրականությունը որոշելու նպատակով սահմանադրական դատարան դիմելու համար: Դիմումը ստորագրել են ԱԺ 30 պատգամավորներՙ 5 օրինացերկրական, մյուսներըՙ ընդդիմադիր թեւից: Անհրաժեշտ 44 ստորագրությունն այդպես էլ չի հավաքվել, սակայն ՀՍԻԿ ղեկավարները ՀՅԴ եւ ՀՀԿ 70 ընտրողների ստորագրությամբ նշյալ օրենքի փոփոխությունների նախագիծ են մտցրել Ազգային ժողով, բայց դա էլ հավանության չի արժանացել կառավարության կողմից, եւ ընթացքը կասեցվել է: Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը մտադիր է սոցիալական քարտերի կիրառման կամավորացման վերաբերյալ մեծ ստորագրահավաք կազմակերպել եւ վստահ է, որ հազարավոր ստորագրություններ կլինեն, քանի որ օրենքը կիրառվել է ոչ կամավոր սկզբունքով: Կազմակերպիչների կարծիքով, նշյալ ստորագրահավաքը կվերածվի սոցիալական քարտերի օրենքի ոչ պաշտոնական հանրաքվեի, որով ՀՀ բնակչությունը կասի «ոչ»:
Ն. Պ.