«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2005-06-01 | #100, 2005-06-02 | #101, 2005-06-03


ԵՐԲ ՋԵՐՄՈՒԿԱԳՈՐԾՆԵՐԸ «ՀԱՄԸ ՀԱՆԵԼ ԵՆ»

Վերջերս հայտնի դարձավ, որ Ջերմուկ քաղաքի «Վայոց ձոր», «Ջերմուկ-1», «Ջերմուկ գոլդ», ինչպես նաեւ «Ջերմուկ գրանդ» եւ Վայք քաղաքի «Վարանցով եւ որդիներ» ընկերությունների առանձին պաշտոնատար անձինք ապօրինաբար օգտագործել են հանրահայտ «Ջերմուկ գրուպ» ընկերության ապրանքային նշանները: Նպատակը, «Ջերմուկ գրուպ»-ի ջրերն ընկնելով, իրենց արտադրանքի լայն սպառման ապահովումն է եղել:

Վերը նշված ընկերությունների արատավոր գործելակերպը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի համար նորություն չի եղել: Սակայն երբ վերջինիս զգուշացումներից այդ ընկերությունները համապատասխան հետեւություններ չեն կատարել, «Ջերմուկ գրուպ»-ի նամակներն անպատասխան են մնացել, նշված ՓԲԸ-ի համբերության բաժակը լցվել է: Հարկադրված դիմել է իրավապահ մարմիններին, ինչից հետո ոստիկանության բացահայտմամբ հաստատվել է ընկերության ահազանգի հիմնավոր լինելը: Մասնավորապես, նախնական տեղեկությունների համաձայն, օրինախախտ բոլոր ընկերություններում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ մոտ 20000 ապակե շիշՙ «Ջերմուկ գրուպ»-ի արտադրանքի կես լիտրանոց ֆիրմային շշերից: «Վայոց ձոր» ընկերությունում հայտնաբերվել են հսկայաքանակ պիտակներ, որոնք շփոթության աստիճան նման են «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի արտադրած պիտակներին: Ըստ մամուլում հրապարակված տեղեկության, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում մարտի 11-ին հարուցվել է թիվ 69102205 քրեական գործը:

Պակաս ուշագրավ չէ այն իրողությունը, որ վերոհիշյալ ընկերությունները, ըստ «Ջերմուկ գրուպ» ընկերության ղեկավարության, այդ ընկերության շշերի ապօրինի օգտագործմամբ երեկ կամ նախորդ օրը չէ, որ զբաղվել են: Դրանով, ինչպես նաեւ շշերի եւ պիտակների ապօրինի նմանակմամբ զբաղվել են դեռ 2002 թվականից: Այս տեղեկությանը ծանոթանալուն պես ենթադրեցինք, որ այդ ընկերությունների տերերը կամ նրանց հետեւում կանգնածները պատահական մարդիկ չեն: Եվ ահա պարզվեց, որ չէինք սխալվում: Մասնավորապես, ըստ մեր ստացած տեղեկության, «Վայոց ձոր» ՍՊԸ-ի նախագահը Վայոց ձորի նախկին մարզպետ Պանդուխտ Մանուկյանն է, իսկ «Ջերմուկ գրանդ»-ի ղեկավարըՙ Ջերմուկ քաղաքի ոստիկանության պետ Սուրեն Հարությունյանի մերձավորը (նախնական տեղեկությունների համաձայնՙ կինը): Թե ինչ զորեղներ են կանգնած մյուս ընկերությունների հետեւում, կփորձենք պարզել առաջիկայում:

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4