Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (ՄԻՄՖ) հունիսի 2-ին տարածած հաղորդագրության մեջ Թբիլիսիի իշխանություններին հորդորել է վավերացնել Ազգային փոքրամասնությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան, հետեւել Վրաստանի ստորագրած միջազգային բոլոր պայմանագրերի եւ կոնվենցիաների դրույթներին, վերջ տալ ազգային կամ կրոնական փոքրամասնություններիՙ եզդիների, հայերի, ադրբեջանցիների եւ փոքրամասնություն կազմող ներկայացուցիչների նկատմամբ դաժան, անմարդկային վերաբերմունքը եւ խտրականության բոլոր դրսեւորումները:
ՄԻՄՖ-ը «Վրաստանի ազգային փոքրամասնությունները» զեկույցը պատրաստել է այն բանից հետո, երբ Արեւմտյան Եվրոպայի երկրներում ավելացել է Վրաստանից քաղաքական ապաստան խնդրողների թիվը: Փաստահավաք առաքելությունն ուսումնասիրություններ է կատարել Թբիլիսիում, ինչպես նաեւ Ծալկայի, Ախալքալաքի եւ Ախալցխայի շրջաններում: Զեկույցում ասվում է, որ Վրաստանի փոքրամասնության խնդիրն ունի պատմական, գաղափարական, քաղաքական, իրավական եւ տնտեսական ասպեկտներ: Եթե փոքրամասնությունների պաշտպանության համակարգը ձախողվի, Վրաստանի փոքրամասնությունների խմբերը կմեկուսացվեն կամ կուծացվեն: