«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2005-06-02 | #101, 2005-06-03 | #102, 2005-06-04


ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆ ԱՅՀԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նա մեղադրվում է «հայկական կոտորածներ» արտահայտության համար

Նախորդ համարում «Ազգը», անդրադառնալով թուրքական քրեական նոր օրենսգրքին, գրել էր, որ Թուրքիայում պատժելի է դառնում Հայոց ցեղասպանության հիշատակումը: Հունիսի 3-ին «Հայկական կոտորած արտահայտության համար քրեական գործ է հարուցվել» խորագրով «Միլլիեթը» հաստատեց մեր գրածը: Խոսքը փաստաբան Մեդենի Այհանի մասին է: Նա դեռեւս 2004 թ. հոկտեմբերի 17-ին ելույթ է ունեցել Անկարայի փաստաբանների միության համագումարում եւ մասնավորապես ասել. «Ես որպես քուրդ ազգի ներկայացուցիչ եւ Քրդստանի քաղաքացի, վճռականորեն պաշտպանում եմ անկախ պետականություն ստեղծելու քրդերի իրավունքը»:

Անկարայի դատախազությունը, հիմք ընդունելով Այհանի այս խոսքերը, փետրվարին նրա դեմ քրեական գործ է հարուցել: Քանի որ նոր օրենսգիրքը դեռեւս ուժի մեջ չէր մտել Թուրքիայում, ուստի գործը հարուցվել է հին օրենսգրքի 312-րդ հոդվածով, որը երեք տարվա ազատազրկում է նախատեսում: Քրեական նոր օրենսգրքի ընդունումից հետո նույն դատախազությունն օրենքի խախտում է համարել նաեւ Այհանի հետեւյալ խոսքերը. «Օսմանյան կայսրությունը համիդիե հեծյալ գնդերի եւ իթթիհատականների միջոցով իրագործեց մեկուկես միլիոն հայերի կոտորածը: Ես հայ ժողովրդին վշտակցում եմ եւ հարգանքով խոնարհվում զոհերի հիշատակի առջեւ»:

«Հայերի կոտորածի» մասին հիշատակումն առիթ է տվել Անկարայի դատախազությանը, որ քրեական երկրորդ գործը հարուցի Այհանի դեմ, այս անգամ նոր օրենսգրքի 216-րդ հոդվածով, որը, «Միլլիեթի» վկայությամբ, 312-րդ հոդվածի փաստացի կրկնությունն է: Հատկանշական է, որ չնայած Այհանի ելույթի առնչությամբ Անկարայի փաստաբանների միության նախագահ Վեդաթ Ա. Ջոշարի հայտարարությանը, թե «կարելի է պաշտպանել նաեւ ցնցող մտքեր», թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը, ելնելով նոր օրենսգրքի «Ազգային հիմնական շահերի մասին» 305-րդ հոդվածից, դատական հայց է ներկայացրել ամբաստանյալի դեմ:

Սա նշանակում է, որ քրեական նոր օրենսգրքով Թուրքիայում «Հայոց ցեղասպանության» հետ պատժելի է դարձել նաեւ «Հայերի կոտորածներ» հիշատակումը, ընդ որում երկու առանձինՙ 216-րդ եւ 305-րդ հոդվածներով միաժամանակ: Փաստաբան Մեդենի Այհանի դատավարությունն սկսել է երեկ եւ ընթանում է քրեական նոր օրենսգրքին համապատասխան:

«Միլլիեթը» նշում է, որ նրա դեմ Անկարայի դատախազության հարուցած քրեական գործով «հայկական կոտորածների իրականացման տեսակետի արտահայտությունը» երկրում առաջին անգամ օրենքի խախտում համարվեց: «Եթե Այհանը, շարունակում է թուրքական թերթը, դատապարտվի այս տեսակետի համար, ապա նոր օրենսգրքի 216-րդ հոդվածը կտարածվի նաեւ նրանց վրա, ովքեր առաջ կքաշեն պետական թեզերին հակասող տեսակետներ: Այսպիսով, Այհանի պես դատարանի առջեւ կկանգնեն նաեւ Հայկական հարցում պետական թեզերից տարբեր կարծիք ունեցող բազմաթիվ մտավորականներ»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4