«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2005-06-02 | #101, 2005-06-03 | #102, 2005-06-04


ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ. «ԴԵՌ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՄ ՆՎԱՃԵԼՈՒ»

Վերջերս Ռոտերդամում անցկացված ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում գերազանց հանդես եկավ հրազդանցի 22-ամյա ձյուդոյիստ Արմեն Նազարյանը: Հայկական ձյուդոյի պատմության մեջ առաջին անգամ հայ ձյուդոյիստը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Այսօր նա խմբագրության հյուրն է:

- Արմեն, կրկին շնորհավորում եմ աննախադեպ հաջողության առթիվ: Նախՙ անդրադառնանք քո անցած մարզական ուղուն: Ինչո՞ւ ընտրեցիր հատկապես ձյուդոն:

- Մանկուց սիրել եմ գոտեմարտել, փոքր տարիքում մի քիչ կռվարար էի, գուցե դա էլ դեր խաղաց մարզաձեւի ընտրության հարցում: 8 տարեկանից հաճախել եմ Հրազդանի մարզադպրոց: Սկզբում ըմբշամարտով էի զբաղվում, իսկ երբ Կարեն Աղաբյանը ձյուդոյի խումբ հավաքագրեց, ես էլ ընդգրկվեցի խմբում: Միջազգային մրցասպարեզում առաջին լուրջ հաջողությանը հասա 2003 թ.ՙ ճանաչվելով Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: Նույն տարում Եվրոպայի մեծահասակների առաջնությունում դարձա բրոնզե մրցանակակիր: Նույնպիսի արդյունքի հասա նաեւ անցյալ տարի: Մեծ ցանկություն ունեի մրցանակակիր դառնալու նաեւ Աթենքի ամառային օլիմպիական խաղերում, սակայն, ցավոք, գոտեմարտի ժամանակ ձեռքս կոտրեցի եւ չկարողացա շարունակել պայքարը:

- Ռոտերդամ մեկնելիս վստա՞հ էիր, որ չեմպիոն կդառնաս:

- Մարզումների, ստուգողական գոտեմարտերի ընթացքում ինձ լավ էի դրսեւորել, ուժերիս վրա վստահ էի եւ զգում էի, որ կարող եմ արժանանալ չեմպիոնի ոսկե մեդալին: Երբ մրցասպարեզ դուրս եկա, տրամադրվեցի պայքարի: Թեեւ մրցակիցներն ուժեղ էին, սակայն բոլոր 5 գոտեմարտերում էլ հաղթեցի եւ կանգնեցի պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին:

- Գոտեմարտերից ո՞րն էր ավելի դժվարը քեզ համար:

- Նման բարձր կարգի մրցումներում հեշտ գոտեմարտեր չեն լինում: Դժվարությունը նրանում էր, որ Հայաստանը մրցավարական հանձնախմբում ներկայացուցիչ չուներ, որը մասնակցեր այս կամ այն որոշման կայացմանը: Եղան դեպքեր, երբ հնարքի կիրառման համար մրցավարները միավոր չշնորհեցին ինձ: Դա, իհարկե, հոգեբանորեն ազդում է մարզիկի վրա գոտեմարտի ընթացքում: Հարկ է լինում կրկին հնարքներ կիրառել, որպեսզի միավորներ վաստակես: Ամենադժվարը թերեւս կիսաեզրափակիչ գոտեմարտն էր Հունաստանը ներկայացնող վրաց մարզիկի հետ: Եզրափակիչում եւս ինձ դժվարին մրցակից էր բաժին ընկելՙ Եվրոպայի անցյալ տարվա չեմպիոնը: Սակայն կարողացա մաքուր հաղթանակ տոնել:

- Քո հաջողությունն ուրախացրել էր մարզասերներին: Իսկ դու ինչպիսի՞ զգացումներ ունեցար:

- Հաղթանակը մեծ բերկրանք պարգեւեց ինձ: Հատկապես հուզումնալից էր պարգեւատրման պահը, երբ ի նշան հաղթանակի բարձրացվեց Հայաստանի դրոշըՙ երկրի օրհներգի ուղեկցությամբ: Նման պահերը մարզիկի կյանքում անջնջելի հետք են թողնում: Անչափ ուրախ էի, որ հայ մարզիկն ապացուցեց իր գերազանցությունը մրցակիցների նկատմամբ, ինչը վկայում էր, որ Հայաստանում ձյուդոն զարգացում է ապրում:

- Քո հաղթանակն ըստ արժանվույն գնահատվեց հանրապետության մարզական ղեկավարության կողմից:

- Օգտվելով առիթից, շնորհակալությունս եմ հայտնում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից, սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանիցՙ մարզիկների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Հաջողությունների հասած մարզիկների պարգեւատրումները մեծ խթան են նրանց համար, ովքեր ձգտում են նորանոր հաջողությունների հասնել, բազմապատկել հայկական սպորտի փառքը: Մյուս մարզիկներն էլ կձգտեն լավ մարզվել, նախապատրաստվել մրցումներին, որ իրենք էլ նման խրախուսանքի արժանանան:

- Ինչպիսի՞ն են առաջիկա ծրագրերդ:

- Սեպտեմբերին Կահիրեում կայանալու է ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որում ես պետք է ձգտեմ հաջող հանդես գալ: Ինչ խոսք, Եգիպտոսում հաղթելն ավելի դժվար կլինի, քանի որ մրցասպարեզ են դուրս գալու աշխարհի ուժեղագույն ձյուդոյիստները: Սակայն ես լավատես եմ եւ ուժերիս վրա վստահ: Արդեն սկսել եմ նախապատրաստությունը: Միաժամանակ հեռահար նպատակը Պեկինի օլիմպիական խաղերում հաջող հանդես գալն է:

- Ի՞նչ ես կարծում, դեռեւս քանի՞ տարի տատամի դուրս կգաս:

- Դա կախված է յուրաքանչյուր մարզիկի ֆիզիկական հնարավորություններից: Ձյուդոյիստներ կան, որ 30 տարեկանից հետո էլ շարունակում են մարզական գործունեությունը: Կարծում եմ, մինչեւ 30 տարեկանը ուժերս կբավականացնեն հաջող մրցելույթների համար:

- Իսկ մտածե՞լ ես, թե ելույթներդ ավարտելուց հետո ինչո՞վ պիտի զբաղվես:

- Առայժմ ոչ: Տարիների ընթացքում այդ հարցով կզբաղվեմ: Առայժմ ծառայում եմ բանակում, մեկ ամսից կզորացրվեմ եւ ավելի մեծ հնարավորություն կունենամ ժամանակ տրամադրելու սիրածս մարզաձեւին: Ես դեռ բարձունքներ ունեմ նվաճելու, որոնց համար քրտնաջան մարզումներ են անհրաժեշտ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4