Նախագահականին պատել է գավառամտությունը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի պաշտոնական քարոզչությունը ոչ միայն ժլատություն է դրսեւորում եւ դժկամությամբ արտաբերում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահի անունը, այլեւ արտգործնախարարության խողովակով տարածած հայտարարություններում փորձում է իրեն վերագրել Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման մեղադրանքով բանտարկված (արդեն ազատված) հայ օդաչուներին ազատելու ջանքերը:
«Հայաստանը գոհունակություն է հայտնում հայ օդաչուներին ներում շնորհելու կապակցությամբ եւ այդ առիթով իր երախտագիտությունը հայտնում Հասարակածային Գվինեայի իշխանություններին, մասնավորապես նախագահ Թեոդորո Օբիանգ Նգումեայինՙ այդ գործում դրսեւորած ըմբռնման եւ մարդասիրական մոտեցման համար», ասված է ՀՀ ԱԳՆ-ի հունիսի 6-ի հայտարարությունում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հունիսի 6-ին Մալաբո է մեկնել Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչըՙ տեղում հայ օդաչուների վերադարձը կազմակերպելու համար:
Երբ առաջին անգամ հայկական մամուլում գրվեց, որ Արա Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել տխրահռչակ «Սեւ լողափ» բանտից ազատելու 14-24 տարի դատապարտված Աշոտ Կարապետյանին, Սամվել Դարբինյանին, Սամվել Մաճկալյանին, Ռազմիկ Խաչատրյանին, Սուրեն Մուրադյանին եւ Աշոտ Սիմոնյանին, եւ երբ մամուլի ասուլիսում լրագրողները Հայաստանի արտգործնախարարին հարցրին, թե տեղյա՞կ է արդյոք ռուսահայ գործարարի հայտարարությանը, Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ մամուլից է տեղեկացել, պատրաստվում է կապվել Աբրահամյանի հետ: Օսկանյանը նաեւ նշեց, որ տարաբախտ հայ օդաչուներին ազատելու գործում պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները:
Մարտի 15-ին արտգործնախարարը Աբրահամյանին լիազորել է զբաղվել հայ օդաչուների հարցով: «Երբ ինձ դիմեց արտգործնախարարությունը, մենք պայմանավորվեցինք, որ ինձ 3 ամիս ժամանակ տան, որ ինքս զբաղվեմ: Սա մի գործ է, ուր պետք է ներգրավված լինի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ այլ մեկը: Եթե կա միջնորդ, չի կարելի նրան խանգարել: Ինձ հարցրել էինՙ անպայման պետք է իշխանություննե՞րը դիմեն: Այո, անպայման պետք է դիմեն, քանի որ չեմ կարող օժանդակել առանց Հայաստանի իշխանությունների դիմումի, նրանց հետ համաձայնեցնելու, որովհետեւ (հակառակ դեպքում) դա կարող է վնասել գործին», ապրիլի 25-ին «Ազգին» ասել էր Աբրահամյանը:
«Ես 3 ամիս ժամանակ եմ խնդրել Հայաստանի արտգործնախարարությունից, որը կլրանա հունիսի 12-ին: Մենք արտգործնախարարության հետ պայմանավորվել ենք համաձայնեցնել մեր քայլերըՙ չխանգարելով միմյանց», նշել էր Աբրահամյանը: Հունիսի 5-ին նախագահ Նգումեան ներում շնորհեց 6 հայ օդաչուներին:
Անկասկած արտգործնախարար Օսկանյանն արել էր հնարավորը հայ օդաչուներին ազատելու ուղղությամբ: Հիշենք, որ քանի դեռ «գործը» չէր փոխանցվել Արա Աբրահամյանին, Մալաբո էին մեկնել ե՛ւ Օսկանյանը, ե՛ւ դեսպան Մանասարյանը, ե՛ւ ԱԳՆ արարողակարգի ղեկավարի տեղակալ Գեւորգ Պողոսյանը: Պաշտոնական Երեւանին, ցավոք, չէր հաջողվել ոչ միայն բանտարկությունից ազատել հայ օդաչուներին, այլեւ կարգավորել նրանցՙ Հայաստան տեղափոխելու (որպեսզի պատիժը կրեն հայրենիքում) հարցը: Կան երկրներ, որոնց հետ հարցեր լուծելու համար երբեմն անհրաժեշտ է լինում մի կողմ թողնել դիվանագիտությունը եւ դիմել այլ միջոցների: Հետեւաբար անազնիվ կլիներ արտգործնախարարությանը մեղադրել հաջողության չհասնելու մեջ:
Եթե Օսկանյանին չհաջողվեց Հասարակածային Գվինեա այցի ընթացքում հանդիպել այդ երկրի նախագահին, ապա գործարար Աբրահամյանին դա հաջողվեց: Մարտ ամսից մոսկվահայ գործարարն իր ողջ հնարավորությունն ու միջազգային կապերն օգտագործելով կարողացավ հասնել հայ օդաչուների ազատությանը: Կարեւորը հենց սա է եւ ոչ թե այն, թե հատկապես ազգանվան «յան» վերջավորությամբ ո՞ր հայն օժանդակեց: Կարեւորն այն է, որ հայ օդաչուները վերադառնում են իրենց ընտանիքներ:
Թերեւս այս հրապարակումն իմաստ չունենար զետեղել թերթի էջերում, եթե Հայաստանի պաշտոնական լրատվամիջոցները չփորձեին ամեն կերպ նվազեցնել կամ ընդհանրապես չհիշատակել այն ջանքերը, որ գործադրել է Արա Աբրահամյանը: Ի վերջո, արժե՞ ամեն մի հարց քաղաքականացնել գավառամտության աստիճանի:
Հ.Գ. Երեկ երեկոյան «Հայլուրը» հեռախոսակապ է հաստատել Մալաբոյում գտնվող ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի հետ: Ապա հայ օդաչուներից մեկի ընտանիքի մասին պատմող ռեպորտաժը ցուցադրվեց: Բնականաբար երկու դեպքում էլ բառ անգամ չասվեց Արա Աբրահամյանի մասին: Հավանաբար Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից էին զանգել «Հայլուր»: