Իրենց արեւմտյան սահմանին ունենալով մեծ եւ հզոր պատմական թշնամի, հայերը պետք է իրենց բոլոր ռեսուրսները մեկտեղեն` պաշտպանելու իրենց նորափթիթ հայրենիքի քաղաքական շահերը: Գողիաթի դեմ Դավթի այս գոտեմարտում Հայաստանի համեմատաբար անփորձ ղեկավարները կանգնած են բարձր հմտություն ունեցող թուրք դիվանագետներին դեմ-հանդիման, որոնց օգնում եւ սատարում են Վաշինգտոնի նեոպահպանողականները, իսրայելական լոբբին եւ ամերիկյան հմուտ խորհրդականները:
Քայլերից մեկը, որ հայերը պետք է անեն այս անհավասար պայքարում իրենց բազուկն ուժեղացնելու համար, թուրք կոլեգաներից շատ ավելի ակտիվ լինելն է: Հայերը պետք է հայ-թուրքական հարաբերությունների օրակարգի մշակման եւ իրենց սեփական հայտարարությունները եւ գործողությունները ներկայացնելու հարցում նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը:
Այս կետը լուսավորելու համար կցանկանայի նշել վերջերս տեղ գտած երեք օրինակներ, երբ Հայաստանն իր ձեռքը չվերցրեց նախաձեռնությունը եւ չհետեւեց, որպեսզի իր իսկ տեսակետները ճիշտ ներկայացվենՙ դրանով իսկ թուրքերին հնարավորություն տալով մեկնաբանելու զգայուն քաղաքական հարցերում հայկական կողմի դիրքորոշումը եւ ձեռնածություններ անելու դրանով:
2001 թ. փետրվարին նախագահ Քոչարյանը հարցազրույց տվեց թուրք հայտնի լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդին, որում անդրադարձավ մի քանի կարեւոր հարցերի, այդ թվում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Թուրքիայի նկատմամբ հայերի տարածքային պահանջների հնարավորությանը: Բիրանդը նախագահի հետ հարցազրույցը հեռարձակեց թուրքական հեռուստատեսությամբ` նրա խոսքերը հայերենից թուրքերեն թարգմանելուց, ավելի շուտ` թարգմանությամբ նենգափոխելուց հետո: Հարցազրույցը բազմաթիվ բանավեճերի տեղիք տվեց աշխարհասփյուռ հայերի շրջանում, քանի որ թարգմանությամբ ներկայացվել էր, իբր նախագահ Քոչարյանն ասել է, թե Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի: Հեռուստադիտողները չկարողացան լսել Քոչարյանի սեփական բառերը, քանի որ լսվում էր միայն թուրքերեն թարգմանությունը: Նախագահի մեկնաբանություններն է՛լ ավելի աղավաղվեցին, երբ թարգմանվեցին թուրքերենից անգլերենի եւ հրապարակվեցին «Turkish Daily News»-ում: Անհավատալիորեն հայկական լրատվամիջոցները տպագրեցին հարցազրույցը` նախագահ Քոչարյանի խոսքերը թուրքերենից եւ անգլերենից վերստին թարգմանելով հայերենի:
Զարմանալիորեն նախագահի մամլո քարտուղարը չհրապարակեց հարցազրույցի հայերեն բնօրինակը նույնիսկ նախագահ Քոչարյանին վերագրված խոսքերի առնչությամբ աշխարհով մեկ հնչած քննադատությունից հետո: Նույնչափ տխրեցնող էր այն փաստը, որ հարցազրույցը նախաձեռնել էր Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի նախագահող Դեյվիդ Ֆիլիպսը` փորձելով «փարատել Հայաստանի մտադրությունների առնչությամբ թուրքական կողմի մտահոգությունները»:
Երկրորդ միջադեպը տեղի ունեցավ անցյալ ամիս, երբ նախագահ Քոչարյանը, պատասխանելով Երեւանի պետական համալսարանի մի ուսանողի հարցի, հայտարարեց, որ հայ ոչ մի պաշտոնյա Թուրքիայից հողեր չի պահանջել: Այդ հարցով պետք է զբաղվի որեւէ ապագա նախագահ, խոհեմաբար ասաց Քոչարյանը ուսանողին: Այս դիտողությունները հեռարձակվեցին Հայաստանի պետական հեռուստատեսությամբ: Քանի որ նախագահի մամլո քարտուղարը չէր հրապարակել Քոչարյանի մեկնաբանությունների տեքստը, թուրքական եւ միջազգային լրատվամիջոցները իրականում նախագահի ասածի տարբեր աղավաղված տարբերակներ հաղորդեցին: Համարյա դրանք բոլորը սխալ հաղորդագրություն տարածեցին, թե Քոչարյանն ասել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից: Մեկ անգամ եւս նախագահի մամլո քարտուղարը որեւէ սղագրություն, պարզաբանում եւ ճշգրտում չհրապարակեց: Այլոց, այդ թվում Հայաստանի թշնամիներին, հնարավորություն տրվեց ներկայացնելու եւ սխալ ներկայացնելու նախագահի ասածը:
Երրորդ օրինակը 2005 թ. ապրիլի 10-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանից նախագահ Քոչարյանին հղված նամակն էր, որում առաջարկվում էր կյանքի կոչել պատմաբանների թուրք-հայկական համատեղ հանձնախումբ, որը կուսումնասիրի «1915-ի դեպքերը»: Հայկական կողմին պաշտպանվողի դիրքում դնելու նպատակով թուրք ղեկավարները տեղեկացրին միջազգային մամուլին այս նամակի մասին նույնիսկ մինչեւ Քոչարյանը կստանար այդ նամակի օրինակը: Այնուհետեւ, փորձելով ճնշում գործադրել Քոչարյանի վրա, որպեսզի նա ընդունի իրենց առաջարկը, թուրք պաշտոնյաները հնարամտորեն (եւ ի խախտումն դիվանագիտական արարողակարգի) նամակի մի օրինակ տրամադրեցին Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին: Կոնգրեսականներ, Թուրք-ամերիկյան բարեկամության խմբի անդամներ Էդ Ուիթֆիլդը եւ Ռոբերտ Ուեքսլերը ապրիլի 20-ին նամակը փոխանցեցին Կոնգրեսի բոլոր անդամներին` գովազդելով թուրքական կառավարության «պատմական քայլը» եւ հորդորելով նախագահ Քոչարյանին դրական պատասխան տալ Անկարայի մեկնած «ձիթենու ճյուղին»: Թուրքերի իրական մտադրությունը նախագահ Բուշի ապրիլի 24-ի ուղերձի վրա ազդելն էր: Դա աշխատեց: Նախագահ Բուշն իր ուղերձում պաշտպանեց Էրդողանի նախաձեռնությունը: Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը նույնպես սատարեց այդ նախաձեռնությանը, մինչ Հայաստանի ղեկավարները դեռ մտմտում էին իրենց պատասխանի վրա: Ի վերջո, երկու շաբաթ անց` ապրիլի 25-ին, նախագահ Քոչարյանը պատասխանեց Էրդողանի նամակին` առաջարկելով, որ բնականոն հարաբերություններ հաստատվեն երկու երկրների միջեւ եւ ստեղծվի միջկառավարական հանձնաժողով` «քննարկելու ցանկացած կամ բոլոր կարեւոր խնդիրները»: Դա լավ մտածված պատասխան էր, սակայն երկու պրոբլեմ ուներ.
1) ուղարկվեց շատ ավելի ուշ, երբ Էրդողանի նամակն արդեն գործել էր իր ազդեցությունը միջազգային հանրության վրա, 2) նախագահի մամլո քարտուղարը մեկ ամբողջ օր ուշացումով հրապարակեց Քոչարյանի պատասխանի տեքստը` թուրքերին եւ այլոց հնարավորություն տալով ընտրողաբար ներկայացնելու, թե ինչ է ասել Հայաստանի նախագահը եւ իրենց ձեռնտու լույսի ներքո ցույց տալ դա:
Մինչեւ Հայաստանի ղեկավարները չսկսեն նման հարցերում տիրել նախաձեռնությանը, ներկայացնել լրատվամիջոցներին իրենց հայտարարությունների տեքստերը, թուրքերը եւ այլք դա կանեն ի նպաստ իրենց: Անկարան ճարպկորեն շարունակում է տիրել նախաձեռնությանը եւ սխալ ներկայացնել քաղաքական զգայուն հարցերում Հայաստանի դիրքորոշումը: Աշխարհասփյուռ հայության լոբբիստական բոլոր ջանքերը կշարունակեն ի դերեւ անցնել, քանի դեռ հայ պաշտոնյաները չեն սկսել վերցնել նախաձեռնությունն իրենց ձեռքը եւ հետեւել իրենց տեսակետների ճիշտ մատուցմանը: Հայաստանը խիստ կարիք ունի ոչ թե դեղերի, այլ հասարակայնության հետ կապերի փորձագետների («spin doctors»):
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»