Մատնանշում է Հալիլ Բերքթայը հայտնի թուրք հրապարակախոս Թահա Աքյոլին հղած նամակում
Ամերիկահայ մտավորական, հասարակական եւ քաղաքական գործիչ Երվանդ Ազատյանը «Ազգին» տված հարցազրույցում, որը հրապարակվել է մեր թերթի մայիսի 14-ի համարում, նկատի ունենալով Հայոց ցեղասպանության փաստի հետ հաշտվող Թաներ Աքչամի, Հալիլ Բերքթայի, Մուրադ Բելգեի, Բասքըն Օրանի պես թուրք գիտնականներին, մատնանշել էր. «Վերոհիշյալ գիտնականները, իմ գնահատմամբ, թուրք հայրենասերներ են: Նրանք ձգտում են Թուրքիան մաքրել պատմության արյունալի անցյալից: Հետեւաբար պարտադիր չէ, որ նրանց նախաձեռնությունը բխի մեզՙ հայերիս կարեկցելու կամ մեր իրավունքները վերականգնելու մտահոգությունից»:
Պրն Ազատյանի այս խոսքերը «Միլիեթի» հունիսի 3-ի համարում «Հալիլ Բերքթայի նամակը» խորագրով հրապարակված հոդվածում հաստատում է հայտնի թուրք հրապարակախոս Թահա Աքյոլը: Երբ մայիսի 25-27-ը «Բոսֆորի» համալսարանում «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում» թեմայով նախատեսվող գիտաժողովը հետաձգվում է, եւ կազմակերպիչները, այնուամենայնիվ, որոշում են հրավիրել, մայիսի 28-ին Աքյոլը «Միլիեթի» միջոցով դիմում է կազմակերպիչներին եւ նրանց ներկայացնում հետեւյալ 3 առաջարկները. «1. Ընդհանուր հայտարարությամբ դատապարտել եվրոպական այն երկրների կառավարություններին, դատական իշխանություններին եւ խորհրդարաններին, որոնք պատիժ են սահմանում «1915-ի իրադարձությունները ոչ որպես ցեղասպանություն» բնութագրողների համար, 2. դատապարտել հայկական սփյուռքի ծայրահեղ տեսակետները, 3. կոչ անել եվրոպական քաղաքական կառույցներին, որ նրանք հարցի առնչությամբ որոշումներ չկայացնեն»:
Աքյոլի առաջարկներին, ինչպես ինքն է գրում, նամակով արձագանքում է պրոֆ. Հալիլ Բերքթայը եւ հայտնում նրան. «Ուզում եմ նշել, որ այդ երեք հարցերում էլ բովանդակության առումով միանգամայն համամիտ եմ ձեզ հետ: Այնքան համամիտ, որ այդ ամենն առ այսօր բազմիցս արել եմ»: Նամակից կատարված այս մեջբերումից հետո Աքյոլը հրապարակում է Բերքթայի նամակը: Ընդ որում, հրապարակելիս նամակին առաջաբան եւ վերջաբան է կցում, որպեսզի Բերքթայի արտահայտած տեսակետները հանկարծ տարակուսանք չառաջացնեն:
Ահա թե նամակում Բերքթայն ինչ է գրել Աքյոլին. «Թուրքական եւ օտարերկրյա մամուլում գիտական զեկուցումներում 1915-16-ի իրադարձությունների բնութագրման առումով տեսակետներն արտահայտելիս բազմիցս ընդգծել եմ հետեւյալը. «Սա բացառապես Թուրքիայի խնդիրն է: Կկարգավորվի միմիայն Թուրքիայի ներսում ազատ քննարկման ճանապարհով եւ քաղաքական բեւեռացման ու առճակատումների ստվերից դուրս կբերվի»: Այս միջադեպը, ինչպես էլ որ դա բնութագրվի, մեր օրերում տեղի չի ունենում, նույնիսկ անուղղակիորեն տեղ չի զբաղեցնում այսօրվա սերնդի հիշողության մեջ, այսինքնՙ 1915-16-ին կատարվածը ոչ թե այժմեական, այլ պատմական խնդիր է, հետեւաբար դրանով պետք է զբաղվի գիտությունը: Ուստի հարցի ուսումնասիրություններն ու բանավեճերն ազատ պետք է լինեն: Դրանք ազատորեն պիտի կատարվեն ոչ միայն Թուրքիայում, այլեւ ամեն տեղ: Ես միանգամայն դեմ եմ հարցին առնչվող բանաձեւերի քննարկմանն ու ընդունմանը ոչ միայն եվրոպական կառույցներում, այլեւ բոլոր երրորդ երկրներում, բնականաբար ԱՄՆ-ում, Ֆրանսիայի, Շվեյցարիայի խորհրդարաններում եւ կառավարություններում: Ավելինՙ մենք պետք է շեշտենք, որ Եվրոմիությունն առ այսօր որեւէ երկրի իր սեփական պատմությունը մեկնաբանելու առումով ոչ մի նախապայման չի պարտադրել»:
Աքյոլը վերջաբանում հիմնավորում է նամակում Բերքթայի արտահայտած տեսակետները. «Հիշո՞ւմ եք Եվրոխորհրդարանի շրջանակներում Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտտի Ահթիսաարիի գլխավորությամբ ստեղծված «Թուրքիայի վերաբերյալ անկախ հանձնաժողովը»: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը պաշտպանող հզոր մի զեկուցագիր էր պատրաստել: Նախքան զեկուցագիրը պատրաստելը Ահթիսաարին եւ նրա ընկերները խորհրդակցել են Բերքթայի հետ եւ հարցրել հայկական հարցի մասին նրա կարծիքը: Բերքթայը նրանց մանրամասնորեն բացատրել էր, որ այդ հարցը բացարձակապես չպետք է քաղաքականացվի եւ զեկուցագրում որպես նախապայման ոչ մի կերպ չպարտադրվի Թուրքիային: Այս փաստը «Հյուրիեթի» էջերում բացահայտորեն արձանագրել էր Գիլա Բենմայորըՙ ընդգծելով, որ վերոհիշյալ հանձնաժողովի անդամներին համոզեց Հալիլ Բերքթայը»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ