Օրերս Բեյրութի Թեքեյան կենտրոնի «Հրաչյա Սեդրակյան» դահլիճում տեղի է ունեցել ընդունելություն ի պատիվ նախանցյալ կիրակի օրը Բեյրութի ընտրաշրջանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած հայ պատգամավորներիՙ Հակոբ Գասարճյան (ՌԱԿ), Եղիկ Ջերեջյան (ՍԴՀԿ) եւ Ժան Օղասափյան (անկախ): Նրանք երեքն էլ, ինչպես նաեւ հայ կաթոլիկ երեսփոխան Սերժ Թուրսարգիսյանը, ընտրվել էին Սաադ Հարիրիի ընտրացուցակից, ուրիշ 15 արաբ պատգամավորների հետ: Ընդունելությանը ներկա է գտնվել նաեւ Րաֆֆի Մադեյանը (համայնավար), որ առաջիկա կիրակի օրը Լեռնալիբանանի ընտրաշրջանում մրցակցելու է ՀՅԴաշնակցության թեկնածուի հետՙ տիրանալու համար այդ շրջանի միակ հայկական խորհրդարանական աթոռին:
Ընդունելության հանդիսավարըՙ ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենադպիր Հրայր Հովիվյանը, ջերմորեն շնորհավորելով ներկաներին հաղթանակի առթիվ, ներկայացրել է նորընտիր երեսփոխաններին եւ հաջողություն մաղթել Ր. Մադեյանին առաջիկա ընտրություններում: Ելույթ են ունեցել նորընտիր պատգամավորներն ու խոստացել ջանք չխնայել հայության եւ լիբանանցիների շահերը խորհրդարանում պաշտպանելու գործում: