«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2005-06-04 | #103, 2005-06-07 | #104, 2005-06-08


ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԱՂԱՊԵՏՆԵՐԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ ԴԱԺԱՆԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ

Իշխող կուսակցությունը կրկնում է կոմունիստների եւ ՀՀՇ-ի անցած ճանապարհը

Երեւանի երեքՙ Նորք-Մարաշ, Դավիթաշեն եւ հատկապես Մալաթիա-Սեբաստիա համայնքներում հունիսի 5-ին տեղի ունեցած ընտրությունները տխուր մտորումների տեղիք են տալիս: Այդ երեք համայնքներում էլ հաղթանակ տարան գործող թաղապետները: Ընդ որում, դրանցից մեկում մեկ թեկնածու էր գրանցված, իսկ երկուսում գործող թաղապետների հետ մրցակցում էին մեկական թեկնածուներ:

Նախ մեկ թեկնածուի առաջադրման արդեն վտանգավոր դարձած ավանդույթի մասին: Հիշեցնենք, որ երկու-երեք շաբաթ առաջ նույն պատկերն էր Ավանի թաղապետի ընտրության ժամանակ, որտեղ առաջադրվել էր եւ, բնականաբար, հաղթանակ տարել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին: Նորք-Մարաշի գործող թաղապետը վարչապետի որդին չէր, բայց դարձյալ ներկայացնում էր գլխավոր իշխող կուսակցությունըՙ Հանրապետականը: Ի՞նչ է նշանակում մեկ թեկնածուի առաջադրումն ու հաղթանակը: Սա նշանակում է հետքայլ, լուրջ նահանջ իրական ժողովրդավարությունից: Առավել վտանգավորն այն է, որ դա տեղի է ունենում ժողովրդավարության քողի ներքո: Ինչո՞ւ:

Կոմունիստական կուսակցության իշխանության տարիներին, բացի նախապես որոշված թեկնածուից, ձեւի համար մի քանի այլ մարդկանց ազգանուններ էլ էին գրում: Սակայն կար մեկ էական առավելություն, մարդիկ ի սկզբանե հավատ չէին տածում ընտրությունների նկատմամբ եւ չէին մասնակցում դրանց: Հիմա ընտրողներն ունեն իրենց ձայնը կարեւորելու գիտակցություն: Մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում արդեն որերորդ տարին կատարվող ընտրությունների ժամանակ, լրջորեն խաթարում է այդ գիտակցությունը: Մարդիկ վերադառնում են նախկին մտածողությանը, ըստ որի իրենց ձայնը որեւէ նշանակություն չունի: Սա է ժողովրդավարության քողի տակ անարդար ընտրություններ անցկացնելու ամենամեծ վտանգը: Մարդիկ սկսում են հիասթափվել ոչ թե այս կամ այն կուսակցությունից, այլ պետությունից, որի մասնիկն իրենք են: Թե ինչի կարող է դա հանգեցնելՙ փոքր-ինչ հետո:

Երկու թեկնածուների առկայությունը նույնպես ժողովրդավարության օգտին չի խոսում: Հատկապես եթե նկատի ունենանք, որ Դավիթաշենում եւ Մալաթիա-Սեբաստիայում գործող թաղապետների (դարձյալ Հանրապետական կուսակցության անդամներ) մրցակիցներն ամենեւին էլ պատահական մարդիկ չէին, երկուսն էլ աչքի էին ընկել ղարաբաղյան պատերազմում, մեկը եղել է թաղապետ եւ ԱԺ պատգամավոր, մյուսը Երկրապահ կամավորական միության վարչության անդամ է: Այսինքն, ամրագրենք, ոչ մի պատահական մարդ այսօր չի համարձակվի անգամ փորձել ուժերը չափել գործող թաղապետների հետ: Իսկ մրցակիցները, անկախ իրենց ներկա հնարավորություններից, անցյալից, նախընտրական հաջող արշավից կամ այլ հանգամանքներից, ուղղակի չեն կարող հաղթել գործող թաղապետին: Նրանք պարզապես հայտնվում են դաժանագույն շրջափակման մեջ: Շրջափակում, որն իրականացվում է վարչական, ուժային, կիսաքրեական մեթոդներով, եւ դրա դեմ ուղղակի «խաղ չկա»: ՀՀՇ-ի հայտնի լոզունգն ու գործելակերպն այսօր փաստորեն որդեգրել է Հանրապետական կուսակցությունը: Հարց կառաջանաՙ իսկ ընդդիմությո՞ւնը: Ընդդիմությունը պարզապես հայտնվել է շահավետ առաջարկներ քննարկողի եւ ընդունողի դերում: Ընտրական հանձնաժողովներում նրանց ներկայացուցիչների ծախվածության մասին լուրերը հենց այնպես չեն հնչում:

Ինչի՞ կհանգեցնեն նման ընտրությունները, հատկապես եթե նկատի ունենանք, որ սարերի հետեւում չեն տեղական ինքնակառավարման մարմինների համընդհանուր ընտրությունները: Եվրոխորհրդի դժգոհությունն ու դրանից բխող գործողություններն ամենեւին էլ ամենասարսափելին չեն: Նման ընտրությունների անցկացման շարունակումը ոչ այլ ինչ է, քան մեր վերջի սկիզբը: Դա կհանգեցնի բնակչության վստահության եւ հավատի վերջնական կորստի ու հիասթափության: Եվ իշխանություններիս անգամ ամենաօգտակար եւ անհրաժեշտ քայլերը հակառակ ազդեցությունը կգործեն բնակչության մեջ: Կհասունանա իշխանության իրական ճգնաժամ, ոչ այնպիսի, ինչպիսին եղավ անցյալ տարվա ապրիլին կամ նախանցյալ տարվա փետրվար-մարտին, երբ ուղղակի իշխանություն-ընդդիմություն պայքարն էր ծավալվում իշխանության տիրանալու համար: Պայքար, որը որեւէ առնչություն չուներ բնակչության շահերի հետ: Այդ ճգնաժամը կործանարար կլինի ոչ թե Հանրապետական, «Օրինաց երկիր», Դաշնակցություն իշխանական կոալիցիայի կամ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցությունների համար, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ հենց Հայաստանի Հանրապետության գոյության համար:

Իշխանության ղեկին կառչած մնալու անհագ ցանկություն դրսեւորող հանրապետականներին հիշեցնենք, որ իրենց կողմից տեղի-անտեղի վկայակոչվող Գարեգին Նժդեհը այդ նույն իշխանությունն առանց երկմտելու զիջեց բոլշեւիկներին, երբ իր առաքելությունը կատարած համարեց: Հանրապետական կուսակցությունն այժմ կրկնում է հենց կոմունիստների եւ նրանց հաջորդ ՀՀՇ-ի անցած ճանապարհը: Այդ կուսակցության ղեկավար, երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պետք է նկատի ունենա, որ չի կարելի անընդհատ խոսել իշխանափոխություն իրականացնելու օրինական ճանապարհների մասին, միաժամանակ որեւէ հնարավորություն չթողնել դրա համար: Բռնի իշխանափոխությունից խուսափելու միակ ճանապարհը ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելն է: Հանրապետական կուսակցությունը պետք է ձգտի իշխանության ղեկին մնալ այս ձեւով, ոչ թե այնպես, ինչպես դա տեղի է ունենում թաղապետների եւ նախորդող այլ ընտրությունների ժամանակ:

Իշխանական կոալիցիայի մյուս անդամ «Օրինաց երկրի» ղեկավար, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ ազատ եւ արդար ընտրությունների այլընտրանքը խոսքով բացառելու փոխարեն պետք է առաջինն ինքն այդ օրինակը տա: Իսկ Հայ հեղափոխական դաշնակցությունը արդար երեւալու ձգտման փոխարեն պետք է ցույց տա, որ իր համար առավել կարեւոր են ժողովրդավարության եւ երկրի ապագան, քան իր ներկայացուցիչների առկայությունը կառավարությունում եւ իշխանական այլ օղակներում: Եվ բնականաբար, ազատ ու արդար ընտրությունների գլխավոր երաշխավորը պետք է հանդիսանա երկրի նախագահը, որը չունենալով վերընտրվելու խնդիր եւ իրավունք, գոնե հիմա պարտավոր է դա կատարել:

Դժբախտաբար, հուսալ, որ առաջիկայում ընտրություններն ավելի լավ կլինեն, քան անցյալում, որ ամեն հաջորդ ընտրություն առաջընթաց, այլ ոչ թե հետընթաց կարձանագրի, առայժմ չենք կարող, քանզի չեն երեւում իշխանությունների այն քայլերը, որոնք նման հույսեր փայփայելու հնարավորություններ կտան: Ընդհակառակը, անցյալ կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների ժամանակ հերթական անգամ ականատես եղանք իշխանական բիրտ ուժի կիրառմանն ու գարշելի ընտրական մթնոլորտին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4