Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, «Նոր ժամանակների» գնահատմամբ, պաշտպանության կարիք ունի: Կուսակցությունն օր առաջ տարածած հայտարարությունում իր աջակցությունն է հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին եւ ընդգծում, որ նշյալ ինստիտուտը ժողովրդավար երկրների այցեքարտն է: Լարիսա Ալավերդյանի գլխավորությամբ արդեն մեկ տարի գործող մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մեր իրականության պայմաններում կարողացել է հետեւողական եւ նպաստավոր աշխատանք կատարել: Կուսակցության գնահատականով, «ինչպես յուրաքանչյուր անկախ եւ ծանրակշիռ նախաձեռնություն, այնպես էլ օմբուդսմենի աշխատանքն ու նրա ղեկավարած հաստատությունը բացառություն չկազմեցին եւ հետզհետե սկսեցին իրենց վրա զգալ իշխանական վարչահրամայական մեքենայի տոտալ եւ մամլիչ ճնշումները: Արդյունքն իրեն երկար սպասել չտվեց: ՀՀ արդարադատության նախարարը, միայն իրեն հայտնի օրենքներով առաջնորդվելով, Ազգային ժողով է մտել մարդու իրավունքների պաշտպանիՙ առանց այդ էլ սահմանափակ լիազորությունները կրճատելու առաջարկությամբ: Զավեշտալի է, սակայն մեր իրականության մեջ մարդու իրավունքների պաշտպանն ինքը պաշտպանության կարիք ունի»: