Ճտերը աշնանը կհաշվենք
Երեւանի 3 համայնքներում, Սպիտակ քաղաքում տեղական ինքնակառավարման ընտրություններ տեղի ունեցան:
Հանրապետական իշխող մեծամասնությունը որեւէ հակակշիռ չունեցավ ընտրությունների առաջին փուլում, հենց սկզբից նա առանց խոչընդոտի փորձում է ամուր թիկունք ապահովել 2007-ի խորհրդարանական ընտրություններում: Այդ համատեքստում, գոնե նախնական շրջանում, «ՕԵ»-ն ու Դաշնակցությունն անհամեմատ պասսիվ են ներկայանում:
«Ազգը» փորձեց պարզաբանել խորհրդարանական ու արտախորհրդարանական մի քանի ուժերի ներկայացուցիչների կարծիքը:
Գալուստ Սահակյան («Աժ հանրապետական խմբակցություն)- Նորմալ եմ համարում ընտրությունների ընթացքը: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության, առանձնապես բողոքներ չկան:
Եթե բողոքներ չկան, եթե ընդգծված լարվածություն չի առաջացել, բնականաբար, օրինական ընտրություններ են եղել:
Վազգեն Մանուկյան («ԱԺՄ»)- Հայաստանում ի սկզբանե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն իշխանական թեւերի պայքար են ավելի շատ եւ ոչ թե իշխանություն-ընդդիմություն պայքար: Տեղական ինքնակառավարման օրենքն էլ այնպիսին է, որ նույնիսկ եթե ընդդիմադիրներից մեկն էլ լինի քաղաքապետ կամ թաղապետ, ապա ամեն պահի նրան կարող են հանել: Եվ եթե նախագահական ընտրությունները կեղծիքով են ընթանում, ապա ԱԺ ժողովինը միշտ ավելի վատ է լինում, որովհետեւ ժողովուրդը ավելի միասնական չի լինում, իսկ տեղականը սովորաբար խայտառակ ընտրություններ են լինում:
Եթե որեւէ թաղապետ կամ քաղաքապետ ընդդիմությունից լինի, իշխանությունը վրեժ լուծելու հատկություն ունի, չի թողնելու, որ այդ մարդիկ աշխատեն: Ուժերի փորձարկման, ինֆորմացիա ստանալու համար միգուցե արժե որոշ տեղերում մասնակցել: Եթե ընդդիմությունից թեկնածուներ չեն լինում, չի էլ երեւում, թե ներսում ինչ է կատարվում: Հակված չեմ դրամատիկացնելու իրավիճակը, բայց հակված էլ չեմ հավատալու արդար անցկացված լինելուն: Առայժմ դրական ու բացասական իրողություններն այնքան քիչ են, որ ընդհանուր պատկերացում կազմել հնարավոր չէ: Աշնանը կհաշվենք ճտերը:
Արտակ Առաքելյան («Օրինաց երկիր» խմբակցություն)- Որեւէ կերպ չեմ մասնակցել, բայց խաղաղ ընտրությունը անպայման արդար չի նշանակում: Հրազդանում էր բողոք եղել, ստուգեցինք եւ պարզվեց, որ 349 ձայն հավաքած քաղաքապետն իրականում ավելի շատ ձայն էր հավաքել: Նշանակում է, ընտրությունները նորմալ են ընթացել: Մալաթիա-Սեբաստիայից բողոքներ կան, բայց 2 թեկնածուների միջեւ ձայների տարբերությունն այնքան մեծ է, որ չեմ կարծում, թե խախտումները որեւէ ազդեցություն կունենային արդյունքների վրա:
Ես չէի ասի, թե «ՕԵ»-ն պասսիվություն է դրսեւորում, որովհետեւ որեւէ համայնքում թեկնածություն դնելուց առաջ նախ պիտի ուսումնասիրել դրանք: Մենք անտարբեր չենք, մեր կուսակցական խորհրդի որոշմամբ հետեւելու ենք ընտրությունների արդար անցկացմանը, անկախ նրանից, թեկնածու ունենք, թե ոչ:
«Արդյոք քաղաքական ուժերը արձագանքեցի՞ն իրենց նախագահ Արթուր Բաղդասարյանի արդար ընտրություններ անցկացնելու հայտնի կոչին» հարցադրմանը Արտակ Առաքելյանը պատասխանեց. «Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել այդ առթիվ, որեւէ հիմնավորում չկա, չեմ կարող ասել»:
Ալեքսան Կարապետյան («Ազգային միաբանություն»)- Տեղական ընտրությունները ընթանում են այնպես, ինչպես ծրագրել է Ռոբերտ Քոչարյանը` կաշառքներով, խախտումներով: Կաշառք ստացած մարդը գալիս, հանգիստ ընտրում գնում է: Եթե ընտրությունները խաղաղ որակելը դրանից է, ուրեմն 10 տարի այդ վիճակում ենք:
Այդ բոլոր թաղապետները, նշանակում է, հիանալի աշխատել են, որ ժողովուրդը նորից ընտրել է նրանց: Նրանք բոլորը հանրապետական են, որովհետեւ վարչապետն է հանրապետական: Վաղը ուրիշ վարչապետ կլինի, մի օրվա մեջ բոլորը ուրիշ կդառնան:
Վահրամ Բաղդասարյան (ԱԺ «Ժողպատգամավոր» խումբ)- Ես բացարձակապես չեմ հետաքրքրվել ընտրությունների ընթացքով: Տեղյակ եմ, որ ինչ-որ մարդիկ անցել են հանրապետականներից:
Էս երկրի 90 տոկոսը հանրապետական է, թղթով է, բարաթով, թե ինչ ա, ասում են, հանրապետական ենք: Հանրապետությունում ես հանրապետական մի 4 հոգի մարդ եմ ճանաչում, որտեղի՞ց էսքանը եղան: Քանի որ վարչապետի կուսակցությունն է, բնական է, շատ կլինեն:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ