Հարցազրույց Հայաստանի պետական երգչախմբի գեղ. ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ժող. արտիստ Հովհաննես Չեքիջյանի հետ
Օրերս Հայաստանի պետական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ իրականացրեց Կոմիտասի «Պատարագի» ամբողջական ձայնագրությունը` բնագրին հարազատ:
Հաշվի առնելով կոմիտասյան «Պատարագի» կոթողային արժեքը եւ ձայնագրության գեղարվեստական բարձր մակարդակը` տեղի ունեցածը պիտի համարել իրադարձություն մեր ազգային-հոգեւոր երաժշտական կյանքում:
- «Մաեստրո՛, տարիներ առաջ ձայնագրեցիք Եկմալյանի «Պատարագը», այսօր` Կոմիտասի: Որքան ինձ հայտնի է, մտահղացումը եւ նախաձեռնությունը եւս բացառապես Ձերն էր:
- Դուք ճիշտ եք: Տարիներ շարունակ փայփայել եմ Կոմիտասի «Պատարագը» ձայնագրելու միտքը, քանի դեռ ողջ եմ: Ես ինձ չպիտի ներեի, եթե դա չանեի: Ձայնագրությունն իրականացավ պետական պատվերի շրջանակներում, եւ այս առիթով ուզում եմ երախտագիտությունս հայտնել մշակույթի նախարարությանը, որ ճիշտ եւ ժամանակին հասկացան գործի կարեւորությունը եւ ընդառաջեցին:
- Կոմիտասի «Պատարագը» հաճախ որակվում է որպես համաշխարհային հոգեւոր երաժշտության գոհարներից մեկը, մանավանդ իբրեւ բազմաձայնության անգերազանցելի նմուշ: Դուք համաձա՞յն եք այդ բնորոշմանը:
- Միանշանակ այո: Ես կասեի ավելին. ծանոթ լինելով շատ ժողովուրդների, հռչակավոր կոմպոզիտորների մեսսաներին, որոնցից առավել հայտնիները նաեւ մեր երգչախումբն է հնչեցրել, այդուհանդերձ պիտի համարձակվեմ ասել, որ ոչ մի ժողովուրդ այսպիսի պատարագ չունի: Այսինքն, իմ խորին համոզմամբ, այս գործը ոչ միայն համաշխարհային արժեք է առհասարակ, այլեւ մեսսաների եւ պատարագների մեջ իրեն հավասարը չունեցող միավոր: Սա իմ կարծիքն է: Փառք Աստծո, որ իրականացավ իմ վաղեմի երազանքը` պետական երգչախմբի շուրթերով ձայնագրվեց Կոմիտասի «Պատարագը»: Եվ քանի որ մեր զրույցի առիթը Կոմիտասն է, ավելորդ չեմ համարում կրկնելու այն, ինչ միշտ ասել եմ եւ որը, անշուշտ, նորություն չէ. դա այն է, որ Կոմիտասը մեզ համար անչափելի մեծություն է: Նորություն չէ նաեւ այն, որ Կոմիտասը իր խոշոր ու մնայուն տեղն ունի նաեւ համաշխարհային երաժշտության անդաստանում: Այսքանով հանդերձ` զարմանալին, թե՞ ողբերգականը (իր իսկ ճակատագրի հանգույն) այն է, որ այդ մեծությունը մինչեւ օրս ըստ արժանվույն հասկացված ու գնահատված չէ հենց մեզանում: Պատճառներից մեկը եւ, կարծում եմ, հիմնականը կոմիտասյան երաժշտության ոչ լիարժեք քարոզչությունն ու մատուցումն է:
Այս առումով գոնե մեր խումբը ամաչելու խնդիր չունի, քանի որ Կոմիտասը մշտապես իր ծանրակշիռ տեղն է ունեցել Հայաստանի պետական երգչախմբի երգացանկում: Մեր բազմաթիվ համերգային շրջագայությունների ընթացքում ականատեսը եւ վկան ենք եղել այն իրողության, թե օտար ունկնդիրը ինչպիսի ոգեւորություն եւ լուրջ հետաքրքրություն է դրսեւորել կապելլայի հատկապես կոմիտասյան կատարումների հանդեպ: Եվ այսօր իրապես հպարտ եմ, որ Հայաստանի պետական երգչախումբը կոմիտասյան երգի քարոզչության ազգանվեր գործում ունեցել է եւ այսօր էլ ունի իր համեստ ներդրումը, որի հերթական դրսեւորումը եղավ «Պատարագի» նորերս ավարտված ձայնագրությունը:
- 2005 թ. գարունը բավական բեղուն էր կապելլայի համար. բացի ձայնագրությունից նաեւ մի շարք ելույթներ, հիշարժան էր օպերային թատրոնի դահլիճում կայացած ապրիլի 23-ի հուշ-համերգը, որը Մեծ եղեռնի 90-ամյա տարելիցին նվիրված գլխավոր համերգային իրադարձությունն էր: Հիանալի արձագանքներ եղան մասնագետների եւ ունկնդրի կողմից, որոնց մեջ զգալի թիվ էին կազմում 90-ամյակի միջոցառումներին մասնակից օտարազգի հյուրերը: Պատասխանատվությունը մեծ էր. Ձեզ եւ երգչախմբին էր վիճակված ներկայացնել մեր երգը, մշակույթը, մեր պետության դեմքը...
Երգչախումբը այս անգամ եւս պատվով դուրս եկավ հերթական փորձությունից. հրաշալի համերգ տեղի ունեցավ: Օրվա առիթը թելադրում էր չծափահարել, այլապես դահլիճը պիտի թնդար ծափերից, ինչը ի վերջո տեղի ունեցավ. զսպված հիացումը պայթեց ամենավերջում:
Եվ այնուամենայնիվ, մեր երաժշտասերը վերջին տարիներին շատ քիչ առիթներ է ունենում լսելու կապելլային` չհաշված նմանատիպ ելույթները, որոնց ժամանակ որպես կանոն ծրագիրը, թեկուզ մենահամերգը, մեծապես հարմարեցվում է իրադարձությանը, որ նույնպես հասկանալի է: Այնինչ մարդիկ ավելի հաճախ են ուզում լսել կապելլային մենահամերգով, նոր ծրագրով:
- Այո՛, ես ինքս էլ շատ գոհ մնացի թե՛ երգչախմբի, թե՛ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի (որոշ համերգներ կատարվեցին նվագախմբի հետ) կատարումներից: Ծրագիրն էլ օրվա ոգուն համահունչ էր` հատվածներ պատարագից, ռեքվիեմներից: Մեր հոգու պարտքն էր, պարտավոր էինք: Ամենակարեւորն ինձ համար ժողովրդի գնահատականն է. նա է իսկական դատավորը: Ժողովրդական արտիստի իմ կոչումը նախ եւ առաջ ընկալում եմ այդ տեսանկյունից, այդ գիտակցությունն ունեցել եմ միշտ:
Ինչ վերաբերում է մենահամերգներին, նորություն պիտի չասեմ. դրանց բացակայության պատճառը մեր օրերին հատուկ տխուր իրողությունն է. ծախսերը չեն արդարացնում, օժանդակություն է պետք, որը գրեթե չկա: Հասկանալի է` մի պետություն, որ նոր է կառուցվում, իր առջեւ ուրիշ խնդիրներ ունի` գուցե ավելի կարեւոր, բայց կարծում եմ` ժամանակն է արդեն, որ լուրջ ուշադրություն եւ պետական օժանդակություն հատկացվի մեր ազգային մշակույթին ու արվեստին լայն առումով: Այլապես հետո ուշ է լինելու վերականգնել կորսվածը: Իսկ կորցնում ենք ամեն օր` հեռանալով մեր արմատներից: Կորցնում ենք մեր ազգային-դասական երգը, պարը, մեր ոսկեղենիկ լեզուն: Չորս կողմը` օտարամուտ բարքեր, բառեր, ռիթմեր: Եվ եթե կապելլան (եւ մեզ պես շատ-շատերը) չի կարող իր ծախսերը ծածկել, ուրեմն պիտի լռի՞, ուրեմն պիտի խոսի անճաշակությո՞ւնը, ցածրակա՞րգը, ուրեմն մեր մատաղ սերունդը «հայացրած» բառերով արաբաթուրքաքրդական ռիթմն ու «երաժշտությո՞ւնը» պիտի ընկալի որպես ազգային ու սնվի դրանով: Ո՛չ եւ ո՛չ: Մենք բոլորս ենք պատասխանատու ապագա սերունդների առաջ:
- Ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ապագայում:
- Հույս ունենք, որ վերջերս հետաձգված շրջագայությունը կիրականանա, եւ հուլիսին կմասնակցենք Հունաստանում կայանալիք փառատոնին: Շատ դժվար է նման մեծ խումբը համերգային շրջագայության տանել, բայց անում ենք հնարավորը, որ իրականանա: Վերադառնալով Կոմիտասի «Պատարագին»` ասեմ, որ ձայնասկավառակը շուտով պատրաստ կլինի, որը, կարծում եմ, մեծ նվեր է մեր երաժշտասեր հասարակությանը, բոլորիս:
Հարցազրույցը վարեց ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ