Հայ մեծանուն կոմպոզիտոր, աշխարհահռչակ Արամ Խաչատրյանի ծննդյան տոնին նախորդող օրերին Երեւանում կազմակերպված միջոցառումներն առիթ դարձան մեկ անգամ եւս անդրադառնալու Խաչատրյան մարդու, հանճարի, ստեղծագործողի կերպարին: Դրանք հնարավորություն տվեցին մեկ անգամ եւս արժեւորել եւ գնահատել խաչատրյանական ժառանգությունը:
Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային առաջին մրցույթը Երեւանում տեղի ունեցավ մայիսի 30-ից հունիսի 6-ը: Այս ընթացքում միմյանց հետ մրցեցին 7 երկիր ներկայացնող 18 ջութակահարներ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցից, Քյոլնի բարձրագույն երաժշտական դպրոցից, Փարիզի ազգային բարձրագույն կոնսերվատորիայից, Սարաջիշվիլու անվան Թբիլիսիի պետական կոնսերվատորիայից եւ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայից: Ժյուրիի կազմում էին երաժիշտներ Էդվարդ Թադեւոսյանը (Հայաստան), Ինո Միրկովիչը (Խորվաթիա), Ժան Տեր-Մերկերյանը (Ֆրանսիա) եւ Քըրթիս Փրայսը (Մեծ Բրիտանիա), իսկ նախագահը Արամ Խաչատրյանի եղբորորդի, նշանավոր կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանն էր:
Կարեն Խաչատրյանը բազմիցս եղել է տարբեր երկրներում կազմակերպված մրցույթների ժյուրիի կազմում, այս իմաստով հետաքրքրական է կոմպոզիտորի գնահատականը մրցույթի եւ մասնակիցների վերաբերյալ: «Մրցույթը հոյակապ էր բոլոր առումներով: Հրաշալի մասնակիցներ էին, որոնք շատ բարձր մակարդակ էին ապահովում, «Ազգի» հետ զրույցում ասաց նա: Հիացած եմ նաեւ միջոցառման կազմակերպման մակարդակից, կազմակերպչական ոչ մի խնդիր չկար, իսկ երբ մասնագետին կողմնակի ոչինչ չի խանգարում, նա կարողանում է լիովին կենտրոնանալ եւ անաչառ գնահատել: Շատ ճիշտ ընտրված ժյուրի էր, բոլորը պրոֆեսիոնալներ էին: Նույնիսկ ճիշտ էր մտածված ժյուրիի անդամների թիվը. մեծ կազմի դեպքում անխուսափելի են դառնում փոքրիկ ինտրիգները, տհաճ պատմությունները»:
Կարեն Խաչատրյանը խոստովանում է, որ մինչ Երեւան գալը մտավախություն ուներ, անհանգիստ էր` չէ՞ որ մրցույթը մեծանուն կոմպոզիտորի անունն էր կրում, սակայն այսօր վստահ է, որ արդեն կայացած մրցույթը շարունակություն է ունենալու, ընդլայնելու է աշխարհագրությունը, ճանաչում եւ բարձր վարկ է ձեռք բերելու:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ