«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2005-06-04 | #103, 2005-06-07 | #104, 2005-06-08


«ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆԻ «ԿԱԼԻԳՈՒԼԱ» ՎԵՊԸ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՏՈՊԱՏԿԵՐՆ Է»

Քննարկվեց հեղինակի 4-րդ աշխատանքը

Այսօրվա իրականությունը ինչ-որ ժամանակ պատահածի կրկնությունն է, այսօր կատարվողը նախանշան է ապագայի համար: Ոչինչ նոր չէ այս արեւի տակ: Ահա այս իմաստով է վիպագիր Արծրուն Պեպանյանը ներկայացնում հռոմեական կայսր Գայոս Կալիգուլային, որը Հռոմում թագավորել է Ք. ծ. հ. 37-41 թթ.: Պատմական բարդ իրադարձություններով լի այս ժամանակում Պեպանյանը եւս մեկ անգամ հաստատում է պարզագույն ճշմարտությունը` բռնակալ ու դաժան տիրակալներ չեն լինում, մենք ենք նրանց ստեղծում, մենք` մեր խառնվածքի ու հոգու ճորտությամբ:

«Կալիգուլա» պատմավեպը, որի քննարկումը տեղի ունեցավ երեկ Ժուռնալիստների միությունում, Արծրուն Պեպանյանի 4-րդ գործն է` «Ումի՞ց է հարկավոր փրկել հայրենիքը», «Հուլիոս Կեսար», «Ալեքսանդր` որդի Ամմոնի» (կամ «Ալեքսանդր Մակեդոնացի») վեպերից հետո, որոնցից վերջին երեքը հեղինակի բնորոշմամբ մեկ ցիկլ են կազմում:

Գայոս Կալիգուլա կայսրը ղեկավարել է 3 տարի 8 ամիս. 3 տարի նա եղել է աստվածային ղեկավար եւ միայն վերջին 8 ամիսներին վերածվել է հրեշի, այնպիսի մի հրեշի, որին հիշելիս պատմությունը կարծես թե չի անդրադառնում նրա ղեկավարության առաջին երեք տարիներին: Կայսրը վերածվում է հրեշի` տեսնելով այն գարշահոտությունը, որում ապրում է ժողովուրդը, նրան ժողովուրդն է գազան դարձնում: Վեպը նաեւ այսօրվա իրականության հրաշալի պատկերումն է, քանի որ այսօր էլ, էպոսագիր Վարդան Սեդրակյանի խոսքերով, մենք ներկա ենք մեր հասարակության դանդաղ եւ հիմնավոր անկմանը: Դա է գուցե պատճառը, որ այսօր նորից հիշում ենք այդ պատմական կերպարին: «Հեղինակը կարծես այս գրքով առաջարկում է հասարակական, քաղաքական ճգնաժամից դուրս գալու իր դեղամիջոցը», հավելեց էպոսագիրը, որի ասածը հաստատեց գրքի հեղինակը` նշելով. «Որպես գրող, վերլուծաբան` ես փորձել եմ հասկանալ, թե ինչպես մարդ կարող է այդպիսին դառնալ` հիմք ունենալով իհարկե մեր իրականությունը»: Հեղինակի ներկայացմամբ, ի տարբերություն Ալբերթ Քամյուի «Կալիգուլայի», իր մոտ դաժան է հերոսի եւ միջավայրի տարբերակումը: «Սա գրական-գեղարվեստական աշխատանք է, բայց նաեւ քաղաքական գործ է, քանի որ այնտեղ կա նաեւ մեր ժամանակը, եւ այն պետք է անպայման գրվեր Հայաստանում», նշեց հեղինակը:

Գրքում իրականության պատկերման չափն ընդգծելու համար հոգեւոր հայր տեր Մխիթարը նշեց, որ «Կալիգուլան» այսօրվա ֆոտոպատկերն է: «Կասկածում եք, ելեք դուրս, նայեք: Հեղինակը չի ցանկացել ժողովրդին ուղիղ ասել, թե դուք ով եք, գրքի միջոցով է ցույց տվել», ավելացրեց տեր Մխիթարը:

Գրականագետ Դավիթ Գասպարյանի դիտարկմամբ Պեպանյանի «Կալիգուլան» ոչ այնքան փաստերի գրականություն է, որքան գաղափարների, իսկ կերպարները պատմական են ու արդիական` երկխոսության մեջ լինելով այսօրվա հետ: Նրա խոսքերով, մոնտաժային մտածողությամբ այս վեպն ընթերցողին կլանում եւ պահում է գրքի յուրաքանչյուր էջի, յուրաքանչյուր տողի վրա` չհոգնեցնելով, ժամանակի ու նյութի կարեւորությունը պահպանելով: Գրականագետը նշեց նաեւ, որ գիրքը լի է ասույթի վերածվող խոսքերով, որոնք թեպետ գրվել են հընթացս, բայց շատ խորհրդանշական են:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4