ՄՈՍԿՎԱ, 7 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակածային Գվինեայում կալանքից ազատ արձակված հայ օդաչուները Մոսկվա կժամանեն ուրբաթ օրըՙ հունիսի 10-ին: Այդ մասին այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: «Իմ ներկայացուցիչներ Անդրանիկ Միհրանյանը եւ Կարեն Գալստյանն արդեն մեկնել են Հասարակածային Գվինեաՙ բերելու ազատված կալանավորներին», ասել է Արա Աբրահամյանը եւ ավելացրել. «Հուսով եմՙ ուրբաթ օրը նրանք կժամանեն Մոսկվա, իսկ այստեղից հայ օդաչուները կվերադառնան հայրենիքՙ Հայաստան»: