Հայաստան-Մակեդոնիա խաղի ավարտից հետո զրուցեցինք մեր հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ:
- Ինձ թվում է, խաղի արդյունքի վրա ամենաբացասական ազդեցությունն ունեցավ մրցավարը: Նա պարզապես «ջարդեց» մեր խաղը: Գտնում եմ, որ մրցավարն այնքան էլ օբյեկտիվ չէր, հնարավոր է նույնիսկ խաղը լավ վարել չի կարողանում: Մի շարք դրվագներում մրցավարը կողմնակալություն դրսեւորեց, մակեդոնացիների օգտին էր տուգանային հարվածներ նշանակում, իր անհարկի սուլոցներով խափանում էր մեր գրոհները: Գուցե մեր դարպասին 11 մ հարված նշանակելը ճիշտ էր, սակայն պարտավոր էր նման 2 հարվածով էլ մրցակցին պատժել: Իմ կարծիքով, տղաները վատ չխաղացին, իրենց լավ դրսեւորեցին, տիրում էին նախաձեռնությանը, ուստի պետք է հաղթեինք:
- Ի՞նչը խանգարեց նրանց հաջողության հասնելու:
- Սուբյեկտիվ մրցավարությունը:
- Ինչպիսի՞ն է այժմ իրավիճակը Մոսկվայի «Դինամոյում»:
- Թիմում այժմ դժվարին ժամանակներ են, որովհետեւ կազմում մի շարք նոր ֆուտբոլիստներ են ընդգրկված, հատկապես մեծ թիվ են կազմում պորտուգալացիները: Նրանց դեռեւս ժամանակ է անհրաժեշտ ռուսական ֆուտբոլի, թիմում տիրող իրավիճակին ու մթնոլորտին հարմարվելու համար:
- Վերջնականապես հաստատվե՞լ ես հիմնական կազմում:
- Վերջին երկու խաղերում դարպասի պաշտպանությունն ինձ էր վստահված: Առայժմ, կարծես, հաստատվել եմ հիմնական կազմում: Սակայն ֆուտբոլիստի կյանքն այնպիսին է, որ ոչինչ հաստատ չես կարող ասել: