Այսօր Եվրոպայի մի շարք քաղաքներում կկայանան ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական հանդիպումները: Հայաստանի ազգային հավաքականը Կոնստանցայում կմրցի ռումինացիների հետ: Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 22.30-ին: Հանդիպումը կսպասարկի Հունաստանի մրցավարական բրիգադը Բրիակոս Աթանասիոսի գլխավորությամբ: Մեր հավաքականը մրցավայր է մեկնել հունիսի 5-ի գիշերը:
Ռումինացիների համար հայերի հետ հանդիպումը վերջին հնարավորությունն է շարունակելու պայքարը եզրափակիչի ուղեգրերի համար: Դրա համար նրանց միմիայն հաղթանակ է անհրաժեշտ: Մեր հավաքականն էլ միայն հաջողության դեպքում հնարավորություն կստանա պայքարելու խմբում 5-րդ տեղը զբաղեցնելու համար: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Երեւանում ռումինացիների հետ կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքիՙ 1-1: