«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2005-06-04 | #103, 2005-06-07 | #104, 2005-06-08


Ի՞ՆՉ Է ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿԸ»

Երեւանը եվրոպական մայրաքաղաքներին համեմատելու փորձ չենք անելու, բայց կիսաեվրոպականացող եւ կիսաասիական մեր այս տարածքի մայրաքաղաքների կենտրոնական հրապարակներում էլ գովազդային այնպիսի էկրանի չես հանդիպի, ինչպիսին Երեւանինն է, մինչդեռ մեր քաղաքի գլխավոր հրապարակը ինքնատիպ ճարտարապետական հղացքով, կոմպոզիցիայով եւ արտաքին հարդարանքով վստահաբար լավագույններից է:

Անհանգստություն պատճառող Լենինի արձանի թափուր տեղն անկախությունից հետո բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, որի շուրջը ծրագրեր ու առաջարկներ ներկայացվեցին: Մեր քրիստոնյա պատմության 1700-ամյակը խորհրդանշող հսկայական խաչը տեղադրեցինք եւ երբ միջոցառումներն ավարտվելուց հետո հանեցինք, տեղը երկար թափուր չմնաց: Հիմա խաչի փոխարեն բազմած գովազդային էկրանը հրապարակում նոր մթնոլորտ է ստեղծելՙ գովազդային ազդագրերի ու վիագրաների շնորհիվՙ քաղաքաբնակչության նոր հոգեբանությանը թեեւ հարիր, բայց քաղաքակրթության չափանիշներինՙ անհարիր: Որովհետեւ եթե տանը հեռուստացույցը մեկ ֆիլմի ընթացքում 10 անգամ կրկնվող գովազդից չխելագարվելու համար կարող ես անջատել, ապա հրապարակի եւ նրան հարող շենքերում ապրող կամ աշխատող մարդիկ այդ հնարավորությունից ու իրավունքից զրկված են, որով էկրանատերը փաստորեն ոտնահարում է նրանց իրավունքներըՙ պարտադրելով լսելու իր ընտրած գովազդներն ու երաժշտությունը:

Խորեն Աբրահամյանի թաղման օրը սգակիր թափորը լռելյայն զարմանքով անցավ էկրանից բարձրաձայնող ցեմենտի մի ֆիրմայի գովազդի կողքով: Ծաղկազարդի օրը հավատացյալ ժողովրդի շարական երգեցողությանն ուղեկցում էր «Դարյա» լվացքափոշին: Մեկ ամիս առաջՙ ապրիլի 22-23-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում միջազգային գիտաժողովին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների գիտնականներ: Միջազգայնորեն նշում էինք 1915-ի Հայոց ցեղասպանության իրողությունը: Նույն պահին գովազդային էկրանը զուգահեռ այլ բան էր մատնանշում, մեր հյուրերին պատկերացում տալիս մեր դավանած նորօրյա արժեքների մասին:

Աշխարհի մայրաքաղաքների հրապարակներում նորմալ պետություններն իրենց երկիրը խորհրդանշող քանդակ են տեղադրումՙ հասարակական, ազգային, պետական, մշակույթի գործչի կամ էլ մի սիմվոլի: Սովետական Հայաստանում, օրինակ, Լենինի արձանի գոյությունը Երեւանի կենտրոնական հրապարակումՙ իբրեւ բոլշեւիկյան գաղափարախոսության մարմնավորում, միանգամայն տրամաբանական էր, որովհետեւ դա էր երկրի բարձրագույն արժեքըՙ կոմկուսի գաղափարախոսությունն էր, լենինիզմը: Ի՞նչ է արդյոք խորհրդանշում անկախ Հայաստանի կենտրոնական հրապարակում այդ արձանի փոխարեն դրված գովազդային էկրանն արդեն երկու տարի, «Դարյայի»« «Ջերմուկի», «Միկա ցեմենտի» եւ այլնի գովազդները (իսկ վերջերս հեռուստատեսությամբ առաջարկում էին կենտրոնական վահանակում տեղադրել տարաբնույթ շնորհավորականներ), վայրկյանը որոշակի գումարով վաճառելն է դրա նպատակը, այսինքնՙ շահի գաղափարն է մարմնավորում, կնշանակի այսօր մեր երկրում շահի գաղափարախոսությունն է իշխումՙ իբրեւ գերակա արժեք ունենալով ամենազոր դրամը:

«ԷԴ տեքնոլոջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող գովազդային էկրանը Հանրապետության հրապարակում տեղադրվել է քաղաքապետարանի թույլտվությամբ, որի համար ամենամսյա կանոնավոր վճարումներ է կատարվում, եւ որի չափը ճշտել չհաջողվեց: Ընկերության մի աշխատակցուհուՙ մնացած հարցերի պատրաստակամ պատասխաններից տեղեկացանք, որ էկրանը հատկապես Հանրապետության հրապարակում է տեղադրվել, որովհետեւ Երեւանի ամենակենտրոնական տեղն է եւ այդ տարածքում ուրիշ գովազդային վահանակներ չկան: «Գովազդի մասին» օրենքում իրենց վերաբերող սահմանափակումներ չկան, բայց ընտրությունն իրենցն է, եւ ընկերության կողմից սահմանափակումներ լինում են, ինչպես օրինակ, չեն տեղադրում գիշերային ակումբների եւ նմանատիպ վայրերի գովազդներ, ծխախոտի գովազդ, թեեւ անում են, սակայն, ծխախոտը ձեռքին երեխա չեն ցուցադրի:

Հարակից եւ մասնավորապես կառավարության շենքի բողոքներին տեղ տալով, փոխզիջումային քայլեր են արվել, երեկոյան ձայնը ցածրացվել է, հաշվի են առել հասարակության տրամադրությունները, վերջերս ներկայացնում են լրատվական տեսանյութեր (անցած շաբաթվա խրոնիկա), ազգային պատկերասրահի, Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի, առհասարակ մայրաքաղաքին առնչվող նյութեր, որպես օրինակ բերվեց օրը մի քանի անգամ հնչող Ֆորշի «Այսպես էլ ապրում ենք» երգը: Բազում բողոքների պատճառով դուրս մնացած վիագրաներին փորձում են փոխարինել «Գոհար» անսամբլի կամ Ֆորշի ելույթներով:

Գովազդների տեղադրման համար գործում է գնային որոշակի համակարգՙ չորս տարբեր գնացուցակով: Մեր տեղեկությամբ, 1 րոպեն 55 սենտից 2 դոլար գինը հարաբերական է, կան դրանից բարձր ու ցածր սակագներՙ պայմանավորված տարբեր հանգամանքներով (օրինակՙ ժամկետային):

Այս մանրամասները հիմնահարցի նկատմամբ կարեւորություն չունեն, որովհետեւ կենտրոնական հրապարակում նման երեւույթը որեւէ կերպ չի արդարացվում, կամ պատճառաբանվում: Տրամաբանական հարց է առաջանում. կարելի՞ է արդյոք ուզածդ գումարով ստանալ քաղաքային իշխանությունների արտոնությունը եւ տեղադրել ուզածդ բանը ուզածդ տեղում: Ասենք, մի փողատիրոջ մտքով անցնում է տոնավաճառ սարքել քաղաքապետարանի շենքի առջեւ, կամ էլ գովազդային տոնահանդեսՙ նախագահի նստավայրի դիմաց:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4