Երեկ 50 հաշմանդամներ շարժասայլակներ ստացան
Ամերիկյան կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում մարդասիրական ծրագրեր իրականացնող «Քաունթըրփարթ ինթերնեշընըլ» կազմակերպությունը երեկ 50 հաշմանդամների ժամանակակից շարժասայլակներ նվիրեց: Շարժասայլակները «Վերջին օրերի սրբերի բարեգործություն» կազմակերպության նվիրատվությունն են, որը կատարվել է Ամերիկայի անվասայլակների հիմնադրամի հետ: Անվասայլակների կարիք ունեցողները, որոնք հաշվառվել էին տարբեր հասարակական կազմակերպություններում (ՀԿ), բավական շատ են եւ, պատասխանատուների խոսքերով, ընդհանուր առմամբ 500 հաշմանդամներ էլ (նաեւ մարզերից) դեռ կստանան անվասայլակներ:
Սայլակներ ստացան ե՛ւ չունեցողները, ե՛ւ նրանք, ում սայլակները վաղուց մաշվել էին եւ դարձել դժվար օգտագործելի:
63 տարեկան Օհանյան Ալեքսանդրը, որ պատերազմի մասնակից է եւ 5 անգամ կաթվածահար է եղել, 1993 թ. հաշմանդամ է եւ մինչ օրս տեղաշարժվել է ձեռնափայտերով: Այժմ շատ ուրախ է, որ ինքն էլ է շարժասայլակ ստացել, քանի որ արդեն կկարողանա առանց կնոջ օգնության եւ ուղեկցության շարժվել ու զբոսնել: Մեծ էր նաեւ 9-ամյա Բաբուխանյան Սոնայի ուրախությունը, երբ ստացավ իր նոր, փոքր եւ հարմարավետ սայլակը: Ծնողների խոսքերով, աղջնակի նախորդ սայլակը մեծ էր եւ անհարմար, իսկ սրանով արդեն փոքրիկը հնարավորություն կունենա ինքնուրույն, առանց կողմնակի միջամտությունների շարժվելու:
Նվիրատվության պաշտոնական մասում ելույթ ունեցավ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, որը նշեց. «ԱՄՆ կառավարությունը հարգում է բոլոր հաշմանդամներին` անկախ նրանից, թե ինչու են նրանք այդպես դարձել: Սա նախընտրության գործոն չէ ԱՄՆ-ի համար, այլՙ օրենքի»: Դեսպանը ներկաներին հիշեցրեց Ռուզվելտին, Չերչիլին, Ստալինին պատկերող այն նկարը, որտեղ Ռուզվելտը ցանկանում էր թաքցնել իր հաշմանդամությունը: «Բայց այսօր ամեն ինչ փոխվել է եւ ոչ մի ամոթ չպետք է լինի դրա համար: Ինձ միշտ ցնցել է այն գաղափարը, որ 5 րոպե հետո մենք էլ կարող ենք դառնալ հաշմանդամ», ավելացրեց պրն Էվանսը:
Հաշմանդամներին ողջունեց նաեւ «Վերջին օրերի սրբերի բարեգործություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջերի Բրաունը, որն ընդգծելով անվասայլակների անհրաժեշտությունը` նշեց. «Այս անվասայլակներն ընդունեք մի քայլ դեպի ապագա, դեպի հաջողություն»: Իսկ «Հայաստանի հաշմանդամներ» ՀԿ-ի նախագահ Հարություն Շարբադյանը կոչ արեց մշտապես լավ ուշադրության արժանացնել հաշմանդամներին, քանի որ նրանք լավ վերաբերմունքի եւ ուշադրության կարիք շատ ունեն:
Թե՛ դեսպան Էվանսը, թե՛ Ջերի Բրաունը կոչ արեցին մեր համայնքապետներին բոլոր հասարակական շենքերը կառուցել հաշմանդամներին հասանելի:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ