«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2005-06-04 | #103, 2005-06-07 | #104, 2005-06-08


ՀԱՐՑԵՐ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ

- Ինչո՞ւ դիմորդի իրական ցանկություններն ավելի ճիշտ գնահատելու համար, որը հարցազրույցի կարճ ընթացքում հնարավոր չէ պարզել, հյուպատոսարանը չի կիրառում այլ, ավելի հավաստի միջոցներ, օրինակ, տան, ունեցվածքի գրավադրումը: Այդ դեպքում ԱՄՆ մեկնելուց հետո շատ-շատերը կհրաժարվեին այնտեղ մնալու մտադրությունից:

- Մուտքի արտոնագրի տրամադրման չափանիշներն ու պայմանները կանոնակարգված են 1952 թ. ներգաղթի եւ քաղաքացիության օրենքով: Չնայած օրենքում լրացումներ ու փոփոխություններ են արվել, սակայն հիմնական դրույթները մնացել են նույնը: Նշված օրենքի 214 (b) ենթակետն ասում է, որ յուրաքանչուր ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի դիմորդ դիտվում է իբրեւ ներգաղթող, քանի դեռ ինքն անձամբ չի ապացուցել հակառակը: Այն հնարավոր է իրականացնել դիմորդի մշտական բնակության վայրի հետ մասնագիտական, ֆինանսական եւ սոցիալական կապեր ցույց տալու միջոցով: Չկա ներկայացվող փաստաթղթերի հստակ սահմանված ցանկ, որը խորհուրդ է տրվում ներկայացնել, քանի որ յուրաքանչյուր դիմորդի գործ ունի իր առանձնահատկությունները: Մուտքի արտոնագրի դիմումները քննարկվում են տվյալ երկրում առկա տնտեսական եւ քաղաքական իրավիճակի լույսի ներքո: Տուն գրավադրելու դիմաց մուտքի արտոնագիր ստանալու դրույթ համապատասխան օրենսդրությունը չի սահմանում:

- Ասում են, որ տարեց, ասենք, 60-70-ից բարձր տարիքի անձանց հյուպատոսարանը հեշտությամբ է վիզաներ տրամադրում: Որքանո՞վ են հավաստի նման խոսակցությունները, դիմորդների միջեւ հարցազրույցի ժամանակ որեւէ տարբերակում դրվո՞ւմ է:

- Յուրաքանչյուր մուտքի արտոնագրի դիմում, համաձայն ներգաղթի եւ քաղաքացիության օրենքի, դիտարկվում է տվյալ դիմորդի անձնական տվյալների եւ առկա հանգամանքների ներքո, ինչպես նշված է նախորդ հարցի պատասխանում:

- Իմ ծանոթ ամուսինները երկուսով միաժամանակ դիմել են ԱՍՆ մեկնելու համար, երկուսն էլ հարցազրույց են անցել, եւ նրանցից մեկը մերժվել է: Ի՞նչ տրամաբանություն է գործում նման դեպքում:

- Սովորաբար նման դեպքերում դիմորդները նախընտրում են թեկուզ մեկ մուտքի արտոնագիր ստանալ, քան երկու մերժում: Երբեմն մուտքի արտոնագրի տրամադրման պայմանների նվազագույն սահմանաչափին մոտ գործերի դեպքում հյուպատոսը, հաշվի առնելով ընտանիքի տնտեսական վիճակը, ենթադրում է, որ նրանք չեն կարողանա հոգալ միանգամից երկու հոգու ճամփորդության ծախսերը:

- Արձանագրվե՞լ են դեպքեր, երբ հարցազրույցով անցած դիմորդին ԱՄՆ միգրացիոն ծառայությունները վերադարձրել են: Ի՞նչ հանգամանքների դեպքում է նման միջոց կիրառվում:

- Կարեւոր է իմանալ, որ մուտքի արտոնագիրը չի երաշխավորում անարգել մուտք ԱՄՆ: Որոշումը կայացվում է ԱՄՆ մուտք գործելու պահին: Հազվադեպ է Միացյալ Նահանգների ներգաղթային ծառայությունը մերժում երկիր թողնել մուտքի արտոնագիր ունեցող ճամփորդողին: Դա պատահում է, եթե ներգաղթային ծառայությունը լուրջ համոզմունքներ ունի, որ տվյալ անձը կարող է խախտել մուտքի արտոնագրի պայմանները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4