«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2005-06-07 | #104, 2005-06-08 | #105, 2005-06-09


ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈ՞ՒՄ ԷԼ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

«Քոչարյանն ավելի շուտ հրաժարական, քան տարածքները հանձնելու փաստաթուղթ կստորագրի»

Մինչ Հայաստանում այլընտրանքային ծառայություն ընտրած երիտասարդները դժգոհում ենՙ փաստարկելով իրենց հոգեբանական անպատրաստությունը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում համոզմունք են հայտնում, թե ՀՀ-ում չկա «Այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին» օրենք: Նման անտեղյակությունն, ըստ ՆԱՏՕ-ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մհեր Շահգելդյանի, տեղեկությունը տարբեր աղբյուրներից ստանալու հետեւանք է: Այն արդեն վերացվել է տեղում պատվիրակության ակտիվ աշխատանքի շնորհիվ: Նշյալ անտեղյակությունը տեղ է գտել Հարավային Կովկասի երեք երկրներում ազգային փոքրամասնությունների, կրոնական եւ հասարակական կազմակերպությունների ազատ գործունեության զեկույցում: Դա թերեւս կարելի է գնահատել որպես զեկուցողի անփութության կամ անպատասխանատու մոտեցման հետեւանք:

Մհեր Շահգելդյանի հավաստմամբ, զեկույցը բավական խիստ ձեւակերպումներով բարձրացնում է Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հիմնախնդիրները: Հարավկովկասյան տարածքին առնչվող միակ հարցը, որ քննարկվել է ՆԱՏՕ-ի ԽՎ անվտանգության հիմնախնդիրների քաղաքացիական չափանիշների հանձնաժողովում, համանուն է զեկույցին: Հարցի քննարկման ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման իր մոտեցումները ներկայացնելՙ առաջարկելով քննարկումը սկսել 1988 թ.-ից: Ադրբեջանցիների այդ ուղղվածության ելույթը կասեցրել է նիստը նախագահողը, իսկ հայկական պատվիրակությունը համապատասխան հակադարձումն արել էՙ ասելով, որ նման դեպքում հարցի քննարկումը պետք է սկսել հանրաքվեիցՙ ներառելով Սումգայիթի եւ Բաքվի հայկական ջարդերը: Միաժամանակ հայ պատվիրակները հիշեցրել են, որ քննարկման խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չէ:

Հայկական պատվիրակությունը նաեւ առիթ է ունեցել 7 շրջանների վերադարձման վերաբերյալ ադրբեջանական կողմի հավաստիացումները հերքելու: Պատվիրակության երկու անդամներըՙ Մհեր Շահգելդյանն ու Ալեքսան Կարապետյանը տեղեկացրին, որ ադրբեջանական պատվիրակությունն իրականում ՀՀ նախագահին շնորհակալություն չի հայտնել: «Հարցը չի դրվել այնպես, որ շնորհակալություն հայտնեն «յոլդաշ» Քոչարյանին 7 շրջանի հանձնման վերաբերյալ, բայց ասվել է, որ իրենք շատ գնահատում են Քոչարյան-Ալիեւ հանդիպման կոնստրուկտիվ մոտեցումները 7 շրջանների հանձնման վերաբերյալ: Ես էլ չեմ հավատում, որ «Հայաստանի միակ տղամարդ Ռոբերտ Քոչարյանը կարող է հանձնման մասին խոստում տալ կամ համապատասխան փաստաթուղթ ստորագրել: Նա ավելի շուտ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում կստորագրի, քան տարածքների հանձնման փաստաթուղթ», համոզմունք հայտնեց «Ազգային միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը եւ ադրբեջանական կողմի տարածած լուրերը գնահատեց որպես պրոպագանդա:

Պատվիրակության ղեկավար Մհեր Շահգելդյանը, ներկայացնելով մայիսի 28-31-ը Սլովենիայում կայացած ՆԱՏՕ¬ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին հայաստանյան երեք հոգանոց պատվիրակության մասնակցությունը, փաստեց, որ ՀՀ մոտեցումները պաշտպանելուն զուգահեռ միջազգային հանրության եւ կառույցի համար ընդունելի, հավասարակշիռ գաղափարներ առաջադրելով, փորձել են նպաստել երկրի հեղինակության ամրապնդմանը եւ իրականացրել են տարբեր երկրների պատվիրակությունների հետ կապերի ամրապնդման ու հարաբերությունների մշակման գործը: Այն, ըստ Շահգելդյանի, յուրաքանչյուր խորհրդարանական վեհաժողովում կարեւորագույն խնդիր է: Իսկ մի դեպքում խիստ, մյուս դեպքումՙ թյուրիմացությամբ ձեւակերպված զեկույցը Հարավային Կովկասի երեք երկրներում ազգային փոքրամասնությունների, կրոնական եւ հասարակական կազմակերպությունների ազատ գործունեության վերաբերյալ նախնական է, եւ յուրաքանչյուր երկրի պատվիրակություն լրամշակման համար դեռ 5 ամիս ունի:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին կնախորդի հոկտեմբերին Երեւանում կայանալիք «Վարդյա ճանապարհ» սեմինարը, որը կունենա 80-100 պատգամավոր: Շահգելդյանի գնահատականով, սա եւս հիանալի հնարավորություն է երկրի մասին ամբողջական տեղեկություններ ներկայացնելու: Արդեն իսկ ՀՀ ներկայացրած անհատական գործողությունների ծրագիրը ՆԱՏՕ ԽՎ-ում գնահատվել է դրական ու համարվել իրատեսական, ինչը շատ կարեւոր է, քանի որ ծրագիրն ունի ռազմավարական բնույթ:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ. Գ. Հայ պատվիրակներն այդպես էլ չմտաբերեցին զեկույցը ներկայացնող հոլանդացի եւ ԼՂ խնդիրն ադրբեջանական մոտեցումներով քննարկման առարկա դարձնելու փորձ արած ադրբեջանցի պատվիրակների ազգանուններըՙ պատճառաբանելով դժվար արտաբերելիությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4