«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2005-06-07 | #104, 2005-06-08 | #105, 2005-06-09


ԴԵՍՊԱՆ ԷՎԱՆՍԸ ՉԻ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՄՐՑԱՆԱԿԻ

«Ամերիկայի արտասահմանյան ծառայությունների ասոցիացիան» (ԱԱԾԱ) խիստ անսովոր մի քայլով այս շաբաթ փոխեց իր մտադրությունը Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Էվանսին շնորհելու «Դրական տարակարծիքի» («Constructive dissent») մրցանակը, որը նախատեսվում էր նրան հանձնել հունիսի 17-ին պետքարտուղարության Ֆրանկլինի անվան դիվանագիտական ընդունելությունների դահլիճում կայանալիք պաշտոնական արարողության ընթացքում: ԱԱԾԱ-ն Մ. Նահանգների գաղտնի ծառայությունների պաշտոնական, պրոֆեսիոնալ մակարդակի ասոցիացիա է, որի շուրջը հավաքված են 26 հազար աշխատակիցներ պետքարտուղարությունից եւ միջազգային զարգացման գործակալությունից: Պետքարտուղարը սովորաբար ներկա է լինում պարգեւատվության տարեկան հանդիսությանը:

Անցյալ փետրվարին ԱՄՆ-ի տարբեր հայկական համայնքներ կատարած իր շրջագայության ընթացքում դեսպան Էվանսը հրապարակավ անդրադարձել էր օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածներին եւ կատարվածն անվանել «ցեղասպանություն»: «Կարծում եմ, վայել չէ ամերիկացիներիս զբաղվել բառախաղերով: Իրերը պետք է իրենց անունով կոչենք», ասել էր նա գիտենալով, որ իր անկեղծ մեկնաբանությունները հակադրվում են ներկա վարչակարգի պաշտոնական տեսակետին: Թուրք պաշտոնյաների բողոքից հետո նա ստիպված եղավ «պարզաբանում» հրապարակելՙ սկզբում ասելով, որ իր սեփական կարծիքն է արտահայտում, իսկ հետագայում նաեւ փոխելով «ցեղասպանություն» բառը «ողբերգություն» բառով:

Քանի որ նա հակադրվել էր իր վերադասների դիրքորոշմանը, նրան «Դրական տարակարծիքի» մրցանակին հարմար թեկնածու էին համարել: Անցյալ շաբաթ Երեւանի «Հայկական ժամանակը» հաղորդել էր, որ դեսպանն արժանացել է այդ մրցանակին: Քանի որ պաշտոնական հայտարարություն դեռ չէր եղել, ես անմիջապես զանգահարեցի Վաշինգտոնում ԱԱԾԱ-ի գրասենյակ, որտեղից հավաստիացրին, որ իրոք դեսպան Էվանսն արժանացել է այդ մրցանակին հատկապես Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ իր դիրքորոշման համար:

Սակայն մինչ այս գրությունը տպարան կգնար, ես անսպասելի մի հեռախոսային զանգ ստացա ԱԱԾԱ-ի Վաշինգտոնի գրասենյակից, որ մրցանակներ բաշխող կոմիտեն դարձյալ նիստ գումարելով որոշել էր նրան չշնորհել այդ մրցանակը: Իմ «ինչո՞ւ» հարցին նրանք պատասխանեցին. «Առանց մեկնաբանության»:

Մենք կարող ենք միայն ենթադրել, որ Բուշի վարչակարգի բարձր էշելոնների այդ նույն անձնավորությունները, որոնք դեսպան Էվանսին ստիպել էին հրաժարվել իր խոսքերից, այս անգամ էլ ճնշում են բանեցրել ԱԱԾԱ-ի վրա:

Իրականում հարցը միայն մրցանակից դեսպան Էվանսին զրկելը չէ: Այդ մրցանակը տրվում էր Բուշի վարչակարգի ամոթալի դիրքորոշմանը հակադրվելու, ճշմարտությունն ասելու համար: Դեսպան Էվանսը պարզապես կրկնում էր նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի խոսքերը:

Սա մեր անկումային ժամանակշրջանին բնորոշ մի երեւույթ է, երբ ճշմարտությունն ասելու «խիզախություն ունեցողին» պարգեւատրում են եւ հետո անամոթաբար զրկում նրան այդ պարգեւից:

Բոլոր նրանք, ովքեր ճշմարտության եւ արդարության կողմնակիցներ են, պարտավոր են բողոքարկել ԱԱԾԱ-ի որոշումը: Դրա համար կարելի է այցելել http://contact-us.state.gov կայքէջը:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4