Աննախադեպ իրադարձություն պետք է համարել այն փաստը, որ հայ լրագրողը, խմբագիրը, այն էլ սփյուռքահայ, արժանանա եկեղեցական բարձրագույն պարգեւին: Արդարեւ, ի լրացումն մեր հունիսի 3-ի այն լրատվության, որ «Արեւ» օրաթերթի (Կահիրե) բազմամյա նախկին խմբագիր, իսկ ներկայիս «Միութիւն» (Սիդնեյ) ամսաթերթի հայերեն բաժնի խմբագիր դոկտ. Ավետիս Յափուճյանը մեծարվել է իր ծննդյան 75 եւ ազգային ծառայության 60-ամյակի առիթներով, խմբագրությունն էլ. փոստով ստացավ ուրախալի լուր, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը մայիսի 20-ին երկրորդ հանդիսությամբ նշել է բազմաբեղուն խմբագրի զույգ տարեդարձները Սիդնեյի «Ալեք Մանուկյան» մշակութային կենտրոնի դահլիճում: Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց առաջնորդ Գերշ. Տ. Աղան Ս. արք. Պալիոզյանի հովանավորությամբ եւ նահանգային հարաբերությունների պետական հանձնաժողովի ատենապետ Ստեփան Գրքեաշարյանի նախագահությամբ անցկացվող հանդիսության ընթացքում հոբելյարը ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի կողմից պարգեւատրվել է «Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ» շքանշանով: Խոսք են ասել հրապարակագիր Թորոս Թորանյանը, «Միութիւն» ամսաթերթի վարչության անունից Հովհաննես Գույումճյանը, ՀԲԸՄ-ի տեղական վարչության անունից ատենապետ Արամ Հակոբյանն ու ատենադպիր Վահե Արթինյանը: Կիրառվել է գեղարվեստական պատշաճ ծրագիրՙ մասնակցությամբ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի եւ ասմունքող Բեթի Մարաշլյանի: Վերջում իր շնորհակալական խոսքն է ասել հոբելյարը:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ, areky@bigpond.com