«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2005-06-07 | #104, 2005-06-08 | #105, 2005-06-09


ՈՒՇԱԳՐԱՎ ԵՐԵՎՈՒՅԹ

Հայ կոմպոզիտորներիՙ վերջերս լույս տեսած արժեքավոր հրատարակումների շարքում պատվավոր տեղ ունի հետխաչատրյանական սերնդի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Միրզոյանի դաշնամուրային գործերի գիրքը: Այստեղ ընդգրկվել են նրա ճանաչման արժանացած խորիմաստ «Պոեմը» եւ բազմաբնույթ վեց պիեսից բաղկացած «Ալբոմ թոռնիկիս» ստեղծագործությունը:

Գրքի հրատարակման գործում վճռորոշ դեր խաղաց սփյուռքի եռանդուն, բազմաշնորհ գործիչ, դաշնակահար Շահան Արծրունին (ԱՄՆ), որը եղավ թե՛ գրքի նախաձեռնողը, թե՛ բծախնդիր մասնագետ խմբագիրը եւ թե՛ բովանդակալից ներածականի հեղինակը (հայերեն, անգլերեն եւ ռուսերեն):

Ճաշակով ձեւավորված եւ տպագրական բարձր մակարդակով իրագործված այս գիրքը լույս է տեսել Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի (տնօրենՙ Հենրիկ Բախչինյան) հրատարակչության ջանքերով: Առդիր տրված է ներկայացվող գործերի խտասալիկը (դաշնակահարՙ Շահան Արծրունի):

Յուրատեսակ բնաբան կարելի է համարել կոմպոզիտորի խոսքը. «Սույն հրատարակումը նվիրում եմ Շահան Արծրունունՙ ոչ սովորական մարդուն, հիանալի արվեստագետին եւ իմ բարեկամին: Սիրովՙ Էդվարդ Միրզոյան»:

ԱՐՄԵՆ ԲՈՒԴԱՂՅԱՆ, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4