Հունիսի 11-24-ը Քիշնեւում կանցկացվի շախմատի Եվրոպայի 6-րդ անհատական առաջնությունը: Պարգեւների համար մրցավեճի կբռնվեն 31 երկրների 189 շախմատիստուհիներ: Հայաստանն այդ մրցաշարում կներկայացնեն միջազգային գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը (2415), Լիլիթ Մկրտչյանը (2400), միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը (2256) եւ Սիրանուշ Անդրեասյանը (2263): Մրցաշարը բավական ուժեղ կազմ է հավաքել: Բավական է նշել, որ մասնակիցներից 71-ը գրոսմայստերներ են: Ամենաբարձր վարկանիշն ունի վրաց շախմատիստուհի, աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն (2509), որին հաջորդում են Տատյանա Կոսինցեւան (2486), Նանա Ձագնիձեն (2482) եւ Իննա Գապոնենկոն (2482): Իսկ ընդհանրապես 2400-ից բարձր վարկանիշ ունեն 30 շախմատիստուհիներ: Նշենք, որ ամենաներկայացուցչականը մրցաշարում ռուսաստանցիներն են (44 շախմատիստուհի): 25 մասնակից ներկայացնում են Ուկրաինան, 18ՙ Մոլդովան, 14ՙ Ռումինիան, 11ՙ Վրաստանը:
Մրցաշարում կանցկացվի 12 տուր: Հարկ եղած դեպքում կանցկացվի լրացուցիչ մրցաշար: Նշենք, որ 16 ուժեղագույն շախմատիստուհիներն իրավունք կստանան հանդես գալու աշխարհի առաջնությունում: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 44 հազար դոլար է: 41400 դոլարը կբաշխվի լավագույն արդյունքի հասած 25 շախմատիստուհիների միջեւ, 2600 դոլարը նախատեսված է հատուկ մրցանակների համար: Դրանք կհանձնվեն մինչեւ 2300, 2200 եւ 2100 վարկանիշ ունեցող մասնակիցների մեջ լավագույն արդյունք ունեցողներին: Եվրոպայի չեմպիոնուհին կպարգեւատրվի 7000 դոլարով, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրածները կստանան համապատասխանաբար 4500 եւ 3500 դոլար: