Շուտով ուժի մեջ է մտնում «Արժութային կարգավորման եւ վերահսկողության մասին» նոր օրենքը
Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն դեռեւս 1993 թ. թողարկեց եւ նոյեմբերի 23-ից շրջանառության մեջ դրեց ազգային արժույթըՙ դրամը: Երկար տարիներ զրկված լինելով ազգային արժույթն ունենալու հնարավորությունից, Հայաստանը հաստատեց պետության անկախության տարրերից մեկըՙ ազգային արժույթի թողարկումն ու շրջանառության մեջ դնելը: Սակայն, բազմաթիվ տնտեսական երեւույթներով պայմանավորված, մեր բոլորիս կյանքում պահպանվեց արտարժույթով (դոլարով) «ապրելու» սովորույթը: Մենք բոլորս, եզակի բացառություններով, ունեինք «դոլարային» մտածելակերպ, չնայած ծնվել, ապրում եւ աշխատում ենք Հայաստանի Հանրապետությունում, աշխատավարձը ստանում դրամով: Ցավալի է, որ Հայաստանի բնակիչն անտեսում է իր երկրի արժույթը եւ վստահում արտարժույթին: Չէ՞ որ այս երկրում օրինական վճարամիջոցը հայկական դրամն է: Աշխարհի որեւէ զարգացած երկրում հնարավոր չէ, որ խանութներում, ռեստորաններում գները նշված լինեն արտարժույթով կամ հնարավոր լինի որեւէ աշխատանքի կամ ծառայության դիմաց վճարել արտարժույթով: Իսկ Հայաստանում դա համատարած երեւույթ է:
ՀՀ Ազգային ժողովը դեռեւս 1993 թ. «Արժութային կարգավորման եւ վերահսկողության մասին» ՀՀ օրենքով շատ իրավահարաբերություններում սահմանափակեց արտարժույթի կիրառումը: 1996 թ. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանեց, որ Հայաստանում օրինական վճարամիջոցը հայկական դրամն է:
2004 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը, որն ուժի մեջ կմտնի հունիսի 28-ին: Նպատակ ունենալով ամրապնդել հայկական դրամի դերն ու նշանակությունը, հստակ կարգավորել մեր երկրում ձեւավորվող արժութային հարաբերությունները, օրենքը հստակ ամրագրեց, որ Հայաստանի տարածքում ապրանքների, գույքի իրացման, ծառայությունների մատուցման եւ աշխատանքների կատարման փողային գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
Ի՞նչ ասել է «փողային գնանշում»: «Փողային գնանշումը» ապրանքների, գույքի, ծառայությունների, աշխատանքների համար նախատեսված գինն է, արժեքը: Խանութներում, տոնավաճառներում, ռեստորաններում, հյուրանոցներում, սպասարկման այլ վայրերում, երբ առաջարկվում է գնել ապրանք, գույք կամ օգտվել ծառայություններից, այդ առաջարկներում պետք է նշվի միայն հայկական դրամ: Ընդ որումՙ ապրանք, գույք վաճառողների, ծառայություններ մատուցողների առաջարկները կարող են լինել ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավորՙ ուղղված որոշակի անձանց: Ամեն դեպքում առաջարկ կատարողը փողային գնանշումը պարտավոր է իրականացնել բացառապես հայկական դրամով:
Բոլորս կենցաղում կամ աշխատավայրում կնքում ենք զանազան քաղաքացիական գործարքներՙ բանավոր, գրավոր: Այդ բոլոր գործարքներում նույնպես, լինի առանձնատան կամ բնակարանի առք ու վաճառքի, ապրանքների մատակարարման, կապալի, ծառայությունների մատուցման թե մթերային խանութում գնումներ իրականացնելու կամ տոնավաճառում հագուստ գնելու գործարք, բոլոր գնանշումները պետք է իրականացվեն հայկական դրամով: Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ակտերը, որտեղ սահմանվում են ապրանքների իրացման, ծառայությունների մատուցման, ձեռքբերման, գնումների, աշխատանքների կատարման գները նույնպես պետք է սահմանվեն հայկական դրամով:
Երբ հեռուստատեսությամբ որոշ գործակալություններ առաջարկում են իրենց ծառայությունները եւ պահանջում դրա դիմաց դոլարային վճարում, կամ տրվում են հայտարարություններ, որ այս կամ այն գույքի արժեքը կազմում է «X» արտարժութային գումար կամ «X» արտարժութային գումարին համարժեք դրամ, ապա դրանով խախտվում են «Արժութային կարգավորման եւ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Նույնիսկ, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները, որոնք մասնագիտացված անձինք են եւ օրենքով իրավունք ունեն իրականացնելու արտարժութային գործառնություններ, պարտավոր են իրենց ծառայությունների գները սահմանել եւ հաճախորդներից վճարներ ստանալ բացառապես հայկական դրամով: Օրենքի պահանջը տարածվում է Հայաստանի ողջ տարածքի վրա եւ ենթակա է անվերապահ կատարման բոլորի կողմիցՙ անկախ ռեզիդենտությունից, ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելու հանգամանքից:
Իսկ ո՞վ է վերահսկելու արժութային օրենսդրության պահանջների պահպանումը եւ ինչպիսի՞ պատասխանատվություն է նախատեսվում դրանք խախտելու համար: Վերահսկողություն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկըՙ բանկերի, վարկային կազմակերպությունների, արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետերի եւ արժութային դիլերների), վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունըՙ իր կողմից լիցենզավորվող անձանց նկատմամբՙ գրավատներ, ապահովագրական ընկերություններ, վիճակախաղ կազմակերպողներ, խաղատներ: Մնացած բոլոր սուբյեկտների վերահսկողությունն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը: Օրենքը խախտողների նկատմամբ հարկային պետական ծառայությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով կարող է կիրառել վարչական տույժ. առաջին անգամ խախտելու համար նախազգուշացումՙ խախտումը վերացնելու կամ խախտումը չկրկնելու հանձնարարականով, իսկ վարչական տույժի նշանակումից հետո խախտումը կրկին թույլ տալու դեպքումՙ տուգանք խախտման գումարի չափով:
Սակայն կարծում ենք, որ օրենքի կիրառումը միայն պետական մարմինների խնդիրը չէ, այլեւ մեր բոլորի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է փոխեն իրենց մտածելակերպը «դոլարայինից» «դրամայինի» եւ լինեն օրինապահՙ կատարելով եւ պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջները:
ՓԻՐՈՒԶ ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՀ ԿԲ իրավաբանական վարչության պետ